Նոր մանրամասներ Ռոմիկ Հարությունյանի եղբոր ինքնասպանության դեպքից

Նոր մանրամասներ Ռոմիկ Հարությունյանի եղբոր ինքնասպանության դեպքից

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, ինքնասպան է եղել։ Այս մասին մեզ հայտնեց քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Ռոբերտ Հարությունյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Հարությունյանի մարմինը հայտնաբերվել է գիշերը, Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով։ «Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ եւ գնդակ»: Մեր տեղեկություններով, կրակոցի ձայնը լսել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցը եւ ահազանգել իրավապահներին։ Ատրճանակը պատկանում էր հենց Ռոբերտ Հարությունյանին։ Ըստ նախնական վարկածի, նա փակվել է հյուրանոցի սենյակներից մեկում եւ ինքնասպանություն գործել։ Ռոբերտ Հարությունյանը մութ պատմությունների հերոս էր։ Նա «քցել» էր սփյուռքահայ Էդմոն Խուդյանին՝ խլելով նրանից Մաշտոցի պողոտայում կառուցված բնակելի շենքը։ Այդ շենքի կառուցման համար Խուդյանը ներդրել էր 1,5 մլն․ դոլար, սակայն շենքի սեփականատերը դարձել էր Ռոբերտ Հարությունյանը։ Սփյուռքահայը դիմել էր իրավապահներին, բայց անգամ տուժող չէր ճանաչվել։ Խուդյանը բողոքում էր տարբեր ատյաններ եւ ԶԼՄ-ներին՝ վստահեցնելով, որ ԱԱԾ պետի տեղակալն է փրկում եղբորը պատասխանատվությունից։ Ի դեպ, հետագայում Ռոբերտ Հարությունյանին պատկանող այդ շենքը՝ Մաշտոց 33 հասցեում, գրավադրվել էր «Հայբիզնեսբանկում»։ Նշենք, որ այդ նույն Էդմոն Խուդյանը նաեւ մեկ այլ անհաջողակ կառուցապատողի՝ Վլադ Մանգասարյանի գործընկերն էր։ 2013 թվականին նա հայտարարություն էր տվել իրավապահներին, որ Մանգասարյանը խաբեությամբ տիրացել է իր շահույթին։ Վլադ Մանգասարյանին հետագայում դատապարտեցին մեկ այլ գործով խարդախության համար։ Հետաքրքիր է, որ Վլադ Մանգասարյանին կեղծ վարկեր տվողը «Հայբիզնեսբանկն» էր, եւ, որպես այդ գործարքի հովանավոր, մամուլում հնչում էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի անունը։ Նրա եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մահացավ անցնած գիշեր, պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում։ Նա 56 տարեկան էր։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ