Լարսը բեռնատարների համար պետք է 5 ամսով փակել

Լարսը բեռնատարների համար պետք է 5 ամսով փակել

Երեկ Լարսից վերադարձած տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո իր տպավորություններն էր կիսում լրագրողների հետ։ Իրավիճակը հետեւյալն է․ «Լարսի անցակետն այս պահին փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար։ Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի արագ լուծում տան հարցին։ Եթե ձյունը թուլանա, մի քանի ժամում ճանապարհը կբացվի։ Ռուսաստանի կողմից մոտ 700 մեքենա է կուտակված, որից մոտ 400-ը հայկական մեքենաներն են, հիմնականում բեռնատարներն են։ Հայաստանի կողմից կուտակումներն ավելի քիչ են»։ Նախարարը վստահեցնում է, որ հանդիպել է վարորդների հետ։ Նրանք ասել են, որ բնակիչներն ու պետական կառույցներն իրենց օգնում են, եւ ոչինչ պետք չէ։ Հորդորում էր լրագրողներին տարածել, որ հիմնական պրոբլեմներն առաջանում են ամառային անվադողերով երթեւեկելիս, որ մարդիկ ռետինե անվադողերով Լարս չգնան։ «Երեկ քանի մեքենա եմ տեսել, որ սահելով իջնում էին ամառային անվադողերով։ Վրացի գործընկերների պահանջն էր դա, որ ինչ-որ ժամանակ անցնելուց հետո պետք է անպայման համաձայնագիր ունենանք, որ անպայման միայն ձմեռային անվադողերով անցնեն Վրաստանի սահմանը»։ Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ Վրաստանի ծառայությունները Լարս ուղեւորվող վարորդներին ցուցանակներով հորդորում են, որ միայն շղթաների առկայության դեպքում կարող են մտնել Լարս։ Եվ ի՞նչ է անելու ամենահաստ շղթա ու անվադող ունեցող վարորդը՝ հայտնվելով 1,5 մետրանոց ձյան պատի առաջ։ Ինչպե՞ս է երթեւեկելու, եթե, իհարկե, տանկ չունի։ Վահան Մարտիրոսյանը Վրաստանում հանդիպել եւ խոսել է վարչապետի եւ ճյուղային նախարարների հետ, եւ «նրանք խոստացել են, որ մաքսիմալ ամեն ինչ կանեն, որ ճանապարհը շուտ բացվի»։ Այսքանը։ Նախարարը չցանկացավ կամ չկարողացավ հստակ ասել, թե ինչ է անում պետությունը, հնարավո՞ր է, որ աջակցություն ցուցաբերվի գործարարներին լաստանավով բեռները փոխադրելու հարցում, առհասարակ, ի՞նչ գլոբալ փրկություն է պատկերացնում Լարս կոչվող «աղետից»։ Բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերությունում Լարսի վիճակը քննարկել են եւ եկել են եզրակացության, որ այս ճանապարհն ամեն տարի 5 ամսով պետք է փակել, եւ սա է ամենամյա տհաճ անակնկալներից փրկվելու միակ ուղին։ «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հիշեցնում է, որ Լարսը երբեք չի եղել տնտեսական նշանակության ճանապարհ։ Այն ունեցել է զուտ ռազմական եւ ստրատեգիական նշանակություն եւ ի սկզբանե նախատեսված չի եղել ծանրաքարշ բեռնատարների կամ փոխադրումների համար։ Ճանապարհը դարձել է ակտուալ ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո, երբ Աբխազիայով եւ Ադրբեջանով անցնող ճանապարհները փակվեցին մեզ համար։ Աբխազիայով եւ Ադրբեջանով անցնող ավտոճանապարհներին զուգահեռ նաև երկաթուղի կար, Կասպից եւ Սեւ ծովերի ափի երկայնքով։ «Դրանք հյուսիսային ծովեր չեն եւ սառչելու կամ փակվելու հավանականություն չեն ունեցել։ Դրանք միշտ էլ կովկասյան հանրապետությունները ՌԴ-ին կապող ճանապարհներ են եղել։ Ավտոճանապարհը ԽՍՀՄ-ի նման մասշտաբային երկրի համար երբեւիցե որեւէ ստրատեգիական դերակատարում չի ունեցել»։ Ինչ վերաբերում է Լարսին, նա հիշեցրեց, որ Լարսի ճանապարհը 5 տարի անընդմեջ փակ է եղել։ «Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիները, բնակիչները, տնտեսվարող սուբյեկտները, տրանսպորտնիկները, գոյատեւել ենք, աշխատել ու ապրել ենք, եւ ոչ մի կատաստրոֆիկ վիճակի չենք հանգել այդ ճանապարհի բացակայության պատճառով։ Այսօր, եթե նույնիսկ Լարսի ճանապարհը մենք չունենք, միեւնույն է, տրանսպորտային ծախսերն ավելի քիչ են, քան նախկինում եղել է»։ Աղաջանյանը կողմնակից է, որ վերադարձվի Սովետական Միության օրոք ընդունված կարգը՝ երբ ամեն տարի նոյեմբերի 15-ին Լարսի ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար, անկախ եղանակային պայմաններից, փակվում էր, որովհետեւ դա համարվում էր գերվտանգավոր, «ինքնասպանի ճանապարհ», ինչպես արտահայտվեց Աղաջանյանը։ «Վտանգվում էր եւ տրանսպորտային միջոցը, եւ բեռը, եւ վարորդը։ Բայց այսօր այդ ճանապարհն ստիպում է ստեղծել իրավիճակ, երբ որ որոշ տրանսպորտային ընկերություններ հայտարարում են, որ կգնան Լարսով, շուտ տեղ կհասնեն, էժան կտանեն, եւ հայտարարում են գներ, որոնք շուկայում ստեղծում են եղանակ»։ 



- Բայց լաստանավով թանկ է նստում։



- Այն կազմակերպությունները, որոնք որ պատրաստ են լաստանավով կայուն փոխադրումներ իրականացնել, մեկ բեռնատարի համար մոտավորապես 600 դոլար ավելի շատ են վերցնում, որը՝ եթե բաժանում ես 20 տոննայի, տեսնում ես, որ մեկ կգ-ի գինն այնքան էլ չի բարձրանում։ Ասել, որ դա այն գինն է, որը մեզ հնարավորություն չի տալիս մրցունակ լինել շուկայում, սուտ է։ Բայց այդ ճանապարհի առկայությունը խանգարող հանգամանք է նորմալ շուկայական հարաբերությունների եւ հավասար մրցակցային պայմանների ստեղծման համար։ Այդ ճանապարհը պետք է մինչեւ մարտի 15-ը փակել, մարտի 15-ից հետո բացել ու պրծնել Լարսից։ Լարսը դարձել է չարիք, բոլորն ասում են՝ Լարսը փակվեց, Լարսը բացվեց, ամբողջ օրը քննարկում ենք այդ ամեն ինչը։ Ծովային ընկերությունները, որոնք կարող են լաստանավը բերել եւ աշխատեցնել, օրինակ, Փոթի-Նովոռոսիյսկ հատվածի վրա, կամ Փոթի-Պորտ Կավկազ, չեն ուզում բերել նավը։ Ասում են՝ ես նավը բերեմ-կանգնեցնեմ, աշխատեցնեմ, մի օր արեւ է անում, ճանապարհը բացվում է, բոլորը քշում-գնում են Լարսով, ոչ ոք չի օգտվում էլ լաստանավից։ Էդ մարդը հսկայական ծախս է արել, վնաս է կրում։



- Լավ, հիմա տրանսպորտի նախարարն ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ։



- Ես կողմնակից եմ, որ մեր տրանսպորտի նախարարը չգնա իրենց հետ լեզու գտնի, հարցնի՝ ոնց անենք, որ էդ ճանապարհն աշխատի։ Դա չի կարող աշխատել։ Դա ոչ նախարարի, ոչ նախագահի, ոչ մեկի կամքից կախված չէ, Աստված միայն կարող է դա բացել կամ փակել։ Միակ լուծումն այն է, որ փակեն այդ ճանապարհը՝ պրծնենք։ Ռիսկի չդիմենք, լարվածություն չստեղծենք։ Ձմեռվա ժամանակաշրջանի համար աշխատում են լաստանավեր։ Մարդիկ կգան կիմանան, որ 5 ամիս՝ նոյեմբերից մինչեւ մարտ, այդ լաստանավն աշխատում է, բոլորն էլ կօգտվեն լաստանավից։ Բոլորը կլինեն նորմալ մրցակցային դաշտում, եւ դա կլինի նորմալ վիճակ։ Անիմաստ է, խեղճ նախարարներին գործուղում ենք, գնում են այնտեղ, ինչ-որ բաներ են խոսում։ Մեր ասած տարբերակով կունենանք անվտանգ, ստաբիլ այլընտրանքային ճանապարհ։



- Հնարավո՞ր է, որ լաստանավի գներն իջնեն այդ դեպքում։



- Եթե մարդիկ իմանան, որ լաստանավի պահանջարկն ավելանում է, միանգամից երկրորդն էլ կհայտնվի, երրորդն էլ։ Ծովային ընկերությունների միջեւ կլինի մրցակցություն, թե ով ավելի լավ գին առաջարկի, որ նրա նավով գնաս։ 1993-95 թվականներին Երեւան-Ռոտերդամ մեկ ծովային փոխադրումը՝ կոնտեյներային փոխադրումների մասին եմ խոսում, արժեր մոտ 5 հազար դոլար։ 5 հազար դոլարով Երեւանում բնակարան կգնեիր։ Հիմա, երբ այդ ծովային ընկերությունների քանակը մեկ տասնյակից ավելի է, Երեւան-Ռոտերդամ բեռնափոխադրումը նույն այդ կոնտեյների արժե 1800 դոլար։ 1800-ով 90-ականներին 5 հազարով առած բնակարանի սանհանգույցը դուք հազիվ վերանորոգեք։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ