Այո, կա կոռուպցիոն խնդիր, հարուցվել են նաև քրեական գործեր

Այո, կա կոռուպցիոն խնդիր, հարուցվել են նաև քրեական գործեր

Բնապահպանության նախարարությունն այս տարի վեց միջոցառում է ունեցել, վեցն էլ իրականացվել է: Տարվա ընթացքում նաև 41 իրավական ակտ է իրականացվել: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը: Նա ներկայացրեց իրենց իրականացրած աշխատանքներն ու խոսեց նաև խնդիրների մասին, որոնց թվում նշեց նաև կոռուպցիան, որի դեմ պետք է պայքարել:



Այս կոնտեքստում Hraparak.am-ը հիշեցրեց նախարարին բնապահպանական տեսուչների և անտառապահների ոչ օրինական համագործակցության, նաև ապօրինի ծառահատողների և տեսուչների միջև` ըստ էության կոռուպցիոն շփումների մասին, որին մենք նախորդ նախարարի օրոք անդրադարձել էինք: Նախարարն ընդունեց, որ կա նման խնդիր` նշելով, որ իրենք մտադիր են փոխել համակարգը, որում առաջինը տեսչական ռեֆորմն է: «Անշուշտ, էդպիսի խնդիր կա, անշուշտ այս ուղղությամբ նաև մենք արդեն իրականացրել ենք համապատասխան իրավական վարույթի փոխանցման աշխատանքներ, այսինքն` նաև քրեական գործեր կան հարուցված»,-նշեց նախարար Մինասյանը, որը երեք ամիս է, ինչ պաշտոնավարում է: Մեր հարցին` իր օրոք են այդ գործերը հարուցվել, Մինասյանն ասաց, որ թե իր օրոք, թե իր նախորդի:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ