Դեռ պետք է հասնեն Հովիկ Աբրահամյանի եղբոր հորերին

Դեռ պետք է հասնեն Հովիկ Աբրահամյանի եղբոր հորերին

Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք շատ խոսվեց Արարատի Մարզում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող լճերի և ջրհորների մասին։ Բանն այն է, որ բնապահպանական տեսուչները որոշել էին փակել ապօրինի ջրհորները կամ փականային ռեժիմի բերել, որ նորմայից ավել ջուր չօգտագործեն ջրամբար ունեցողները։ Հայտնի է, որ Աբրահամյանների ընտանիքն այս մարզում հսկայական ձկնաբուծարաններ ունի, և մամուլն անընդհատ գրում էր դրանցում օգտագործվող ջրի մեծ ծավալների ու ԲՆ-ի կողմից դրանց արտոնյալ կարգավիճակ տալու մասին։ Հիշեցնենք, որ դա այն շրջանն էր, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, ու նրա եղբոր հորերին շատ զգուշորեն մոտենալու և այնտեղ որևէ ապօրինի հոր, սահմանվածից ավելի ջրօգտագործում չհայտնաբերելու պատճառները պայմանավորվում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործոնով։ Թեպետ Բնապահպանության նախարարությունը շարունակ հավաստիացնում էր, թե կապ չունի՝ ում ջրհորն է, եթե խախտում լինի, թույլ չեն տա։ Մինչդեռ մամուլը գրում էր, թե բոլորի հորերին փական դրեցին, եկան հասան Աբրահամյանների հորերին, կանգնեցին։



Այսօր Հովիկ Աբրահամյանն այլևս վարչապետ չէ, բնապահպանության նախարարն էլ Արամայիս Գրիգորյանի փոխարեն երեք ամիս է՝ Արծվիկ Մինասյանն է։ Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են գտնվում Աբրահամյաների հորերը, ստուգումներ անցկացրե՞լ են այնտեղ, արդյոք նորմայի սահմաններու՞մ է ամեն ինչ։
Արծվիկ Մինասյանը մեր հարցին ավելի շատ ընդհանրական պատասխան տվեց՝ ոչ հարցի կոնկրետ էությունից բխող:



«Դուք գիտեք՝ վարչապետի հանձնարարականը կա, մենք լայնամասշտաբ իրականացնում ենք ներկայում այդ աշխատանքները, անկախ նրանից, թե ում է պատկանում կամ ով է հետևում կանգնած, մեզ համար սկզբունքային նշանակություն ունի երկու բան։ Առաջինը՝ արդյոք հորատանցքը, որը շահագործվում է, օրինակա՞ն է, թե՞ ոչ, և արդյոք այն բավարարու՞մ է արդյունավետության այն չափանիշներին, որոնք դրված են կառավարման պլանում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։



Նախարարը վստահեցրեց, որ ներկայում ուսումնասիրություններ են իրականացվում ԱՄՆ-ի զարգացման գործակալության կողմից, արդեն արդյունքները կան, ու շուտով իրենք նաև գործողությունների ծրագիր են ունենալու։ «Եվ թե՛ կոնսերվացման, թե՛ փականային ռեժիմի բերելու, թե՛ լուծարման գործընթացներն իրականացնելու ենք՝ անկախ նրանից, թե ում է պատկանում և ով է կանգնած այդ հորատանցքի սեփականատիրոջ կարգավիճակում։ Որովհետև ջրային ռեսուրսների խնդիրը հատկապես Արարատյան հարթավայրի մասում այնքան սուղ է դրված, որ մնացած բոլոր հարցերը տասներորդական են»,- նշեց նախարար Մինասյանը։



Մեր հարցին՝ կոնկրետ մեր նշած անձանց պատկանող հորերի մասով որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է իր օրոք, Մինասյանն ասաց. «Ոչ, ես դրա համար եմ ասում՝ անձնավորված էս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, թե որը ում է պատկանում, որովհետև մեր ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, և վերջում կներկայացվեն նաև կոնկրետ արդյունքները՝ ըստ տարածքների»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ