Հնարավոր է Հանրապետական կուսակցությանը դարձնել ընդդիմություն

Հնարավոր է Հանրապետական կուսակցությանը դարձնել ընդդիմություն

Վերակազմյալ ՍԴՀԿ-ում, ինչպես շատ այլ քաղաքական ուժերում, դեռ անորոշ վիճակ է՝ ում հետ կգնան ապրիլին կայանալիք ընտրություններին, ինչպես, ինչ ձեւաչափով, հայտնի չէ։ Եվ քանի որ ՎՍԴՀԿ-ն պատկանում է մարդ-կուսակցությունների թվին, մենք այս հարցերը տվեցինք կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին։ Նա կարծում է, որ դեռ 3 ամիս կա ընտրություններին, այդ ընթացքում հստակություններ կլինեն՝ երեւի մոտակա 15 օրվա ընթացքում։ «Այս պահին շարունակվում են բանակցությունները քաղաքական ուժերի հետ, եւ վերջնական համաձայնությունների, կարծում եմ, դեռ ոչ մեկը չի եկել, նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք արդեն կարծեցյալ դաշինք են»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը՝ հստակ չնշելով, թե որ ուժերի հետ է ինքը բանակցում։



Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց հավանական միավորման հնարավորությունը Փաշինյան-Մարուքյան-Արամ Զավենի Սարգսյան «Ելք» դաշինքի հետ։ «Դե, իրենք նաեւ չեն բացառել այլ քաղաքական ուժերի հետ միավորումը, այնպես որ, ոչինչ չբացառենք։ Ես չեմ բացառում, որ վերջիվերջո ինչ-որ համաձայնությունների կգանք քաղաքական ուժերով, եւ մեծ դաշինք կձեւավորվի»-նշեց նա։



Լյուդմիլա Սարգսյանը, հիշեցնենք, մտերիմ հարաբերություններ ունի հատկապես ԲՀԿ-ի, մասնավորապես ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Եվ խոսվում էր, որ նա ցանկանում է ԲՀԿ-ի հետ գնալ խորհրդարան։ Սարգսյանն ասաց, որ իր այդ կապը վերոնշյալ ուժի եւ դրա ղեկավարի հետ ուղղակի անձնական հարաբերություններ են, որը ինքը, անկախ ադյունքներից, կպահպանի։



-Տիկին Սարգսյան, ի՞նչն է կարեւոր դաշինք կազմելու համար, ինչ-որ առանցքային, սկզբունքային հարցեր կա՞ն, որոնց շուրջ բանակցում եք։



-Դե, գիտե՞ք ինչ, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ունեն հիմնական մեկ նպատակ՝ իշխանափոխություն եւ երկիրը անդունդ գահավիժումից փրկելը։ Հիմա որքանով կհավատամ այս կամ այն քաղաքական ուժին, ըստ դրա էլ հնարավոր կլինի ձեւավորել դաշինք։ Իհարկե, պետք է նաեւ հաշվի առնենք, թե այդ դաշինքն իրականում ինչ հնարավորություններ կունենա եւ արդյոք կկարողանա՞ հաղթահարել յոթտոկոսանոց շեմը։ Իհարկե, մեր դաշինքի նպատակը յոթ տոկոսը չէ, այլ իշխող քաղաքական ուժին հակակշիռ դառնալը Ազգային ժողովում։



-Դո՞ւք պետք է հավատաք այդ ուժին, որ հետները դաշինք կազմեք, թե՞ ժողովուրդը պետք է հավատա ձեզ, որ ձայն տա։



-Բնականաբար, սկզբում՝ մենք, ու նաեւ մենք էլ պիտի հաշվի առենք, թե էդ դաշինքը որքան վստահելի կլինի ժողովրդի կողմից։ Բայց մինչեւ մենք չհավատանք, պրոցեսի մեջ չենք մտնի։



-Իսկ Ձեզ վստահո՞ւմ են այդ ուժերը, որոնց հետ այժմ բանակցում եք, ուզո՞ւմ են, որ համագործակցեք իրենց հետ։



-Ես կարծում եմ, որ ես այն քաղաքական գործիչներից չեմ, որը շատ խոցելի տեղեր ունի։ Ես խոցելի անցյալ չունեմ, եւ ներկաս էլ խոցելի չէ։ Հետեւաբար, վստահության մասով, կարծում եմ՝ կա վստահություն վերակազմյալ ՍԴՀԿ-ի եւ իմ նկատմամբ։



-Որքան էլ Դուք նշում եք, թե քաղաքական ուժերի նպատակն իշխանափոխությունն է, այդուհանդերձ, շատերի նպատակն այսօր ուղղակի խորհրդարան մտնելն է։ Իշխանափոխության օրակարգ այսօր կարծես ձեւավորված չէ որեւէ ուժի կողմից։



-Գիտեք, ես Ձեզ հետ համաձայն չեմ։ Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի նպատակը, բնականաբար, Ազգային ժողովում մեծամասնություն ունենալն է։ Իսկ դա նշանակում է իշխանափոխություն։



-Ձեզ համար կարեւո՞ր է, թե Դուք ցուցակի որ համարը կլինեք, եթե որեւէ դաշինքում լինեք։



-Չէ, գիտե՞ք, դա դեռ այն թեման չի, որին պետք է անդրադառնամ, որովհետեւ մենք չգիտենք՝ ինչ դաշինք կլինի, եւ էդ դաշինքում ես որ տեղում կարող եմ լինել։ Երբ կլինեն գաղափարական եւ մարտավարական համաձայնություններ, այն ժամանակ արդեն կխոսվի ցուցակի մասին։



-Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի հավանական վերադարձն ի՞նչ կփոխի դաշտում, եւ Դուք ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք դրա հետ կապված։



-Ես կարծում եմ, որ նրանց վերադարձով ընտրական պրոցեսները շատ հետաքրքիր կլինեն։ Ինձ մոտ մի ակնկալիք է ակնկալվում, որ նման դաշինքների արդյունքում հնարավոր է «Հանրապետական» կուսակցությանը դարձնել ընդդիմություն։



-Իսկ Դուք՝ անձամբ, նրանց հետ հույսեր կապու՞մ եք, որ կարող է համագործակցեք իրենց հետ։



-Գիտե՞ք ինչ, իմ թեման ամենավերջին թեման է, որ ինձ հուզում է, որովհետեւ կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր նպատակներ կան։ Իսկ եթե էդ նպատակների մեջ ես եւս ներկայացված լինեմ, դա լավ է։ Եթե ներկայացված չեմ լինի, դա էլ մեծ ողբերգություն չի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ