Երթևեկության կարգավորման «ժիվոյն» է լավը

Երթևեկության կարգավորման «ժիվոյն» է լավը

Մեր պետավտոտեսչությունը, պարզվում է, ցանկութան դեպքում, կարողանում է նաև գործով զբաղվել: Ուզում էի ասել` իր գործով, այսինքն անվտանգ երթևեկության ապահովմամբ: Բայց դա այնքան հազվադեպ է լինում, որ ամենափոքրիկ բանն էլ իսկույն նկատվոմ է: Մարդիկ` վարորդներն ու հետիոտներն անգամ հուզվում են` տեսնելով իր գործն անող ոստիկանին:



Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց մտնող հատվածում` հետիոտնային անցման մոտ, առավոտյան ոստիկան է կանգնում, ով մեկ հետիոտների հոսքն է դադարեցնում, մեկ` մեքենաների: Եվ պետք է տեսնել, թե ինչ կարգապահություն են ցուցաբերում երթևեկության բոլոր մասնակցները, ինչպիսի հարգանք ոստիկանի ու նրա աշխատանքի նկատմամբ:



Նույն կարգապահությունն է նաև մի քիչ ներքև` Աբովյան-Կորյուն խաչմերուկում: Հետիոտներն անցնում են ստորգետնյա անցումով, իսկ ավտոմեքենաների հոսքը, չնայած լուսացույցի առկայությանը, կարգավորվում է «ժիվոյ» եղանակով, այսինքն` ոստիկանների միջոցով: Քեզ համարյա Շվեյցարիայում ես զգում, երբ հայ ոստիկանը ձեռքերի, փայտիկի և մարմնի գեղեցիկ շարժումներով փակում-բացում է խաչմերուկը: Որոշ վարորդներ այնքան հմայված են դիտում այդ տեսարանը, որ երբեմն հապաղում են տեղից շարժվել: Այդ ժամանակ ոստիկանը փայտը թափահարում է նրա վրա` հոպար, քշի... քշի... Ճիշտ է, դրանից հետո անմիջապես հայտնվում ես Երևանում, բայց էլի լավ է, որովհետև գիտես` ոստիկանը սարի պես կանգնած է թիկունքիդ, և այդ խաչմերուկում անվտանգությունդ ապահովված է:



Արդեն մի քանի օր է` առվոտյան ճանապարհային ոստիկանների ոչ մեծ կուտակում է նկատվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջից իջնող ճանապարհի և Հերացու փողոցի հանգույցում, որտեղից կարելի է նաև դեպի աջ` Աբովյան պուրակի կողմ երթևեկել: Ի՞նչ են արել ավտոտեսուչները: Չէ, դա պետք է գրանցել Երևանի ճանապարհային ոստիկանության նվաճումների գրքում: Նրանք հոծ գծի վրայով, մոտ մեկ մետր բարձրությամբ, ժապավեն են քաշել` Մյասնիկյան պողոտայից իջնող 2-րդ և 3-րդ շարժման գոտիների հոսքն ուղղելով Հերացու փողոց, որպեսզի կարգազանցները հոծ գծի վրայով այդ շաքերից չմտնեն Աբովյան պուրակ և չխոչընդոտեն Սարալանջից իջնող հոսքին: Արդյունքում, ճիշտ է, երթևեկությունը մի քիչ դանդաղում է, բայց կանգ չի առնում, և ավելորդ խճողում չի առաջանում: Ուստի պետք է զարգացնել ճանապարհային ոստիկանության այդ լուսավոր միտքը: Ո՞վ է այն առաջարկել` այդ մարդուն պետք է պարգևատրել, իսկ եթե պետք է` դատել, որովհետև կարող էր դա ավելի շուտ մտածել ու չի մտածել:



Ոստիկանությունից մեզ հաճախ են մեղադրում, թե իրենց աշխատանքում լավ բաները չենք նկատում: Այդպես չէ, իհարկե: Լավ էլ նկատում ենք, և մեր աչքից, ինչպես արագաչափից կամ տեսախցիկից, ոչինչ չի վրիպում...



Մեքենայիս պատուհանը մեկը թակեց: Ոստիկանն էր` հոպար, քշի, քշի...



Էդիկ Անդրեասյան