«Հյուսիս-Հարավ» ծրագրի գործադիր տնօրենը կառչած չէր իր հաստիքից

«Հյուսիս-Հարավ» ծրագրի գործադիր տնօրենը կառչած չէր իր հաստիքից

Ամանորի տոներից հետո «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման կազմակերպության ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը աշխատանքի դուրս չի եկել։ Երեկ հայտնի դարձավ, որ նա ազատվել է աշխատանքից։ Պաշտոնական պատճառը կառուցվածքային փոփոխությունն է։ «Դե, գիտեք, ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների վերակազմավորումների պրոցեսներ են ընթանում։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունը» միանալու է այլ ԾԻԳ-ի՝ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին», - ասաց «Հյուսիս-Հարավ» ծրագրի մամուլի պատասխանատու Նանե Աճեմյանը: Ըստ կառավարության համապատասխան որոշման, այս փոփոխությամբ ենթադրվում է մոտ 107 մլն դրամի տնտեսում։ Կրճատվելու են 3 ծառայողական ավտոմեքենա եւ 9 հաստիք։ Սակայն տրանսպորտի նախարարությունում արդեն խոսում են այն մասին, որ Արթուր Սարգսյանը Գագիկ Բեգլարյանի մարդն էր եւ նրա հետ էլ պետք է գնար։ 2013 թվականին, երբ Բեգլարյանը դեռ տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն էր, «Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնից ազատեց Արա Հովսեփյանին։ Այն ժամանակ Վերահսկիչ պալատը խախտումներ էր հայտնաբերել ԾԻԳ-ի աշխատանքում, եւ սա առիթ դարձավ Բեգլարյանի համար՝ իր մարդուն բերելու։ Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ շինարար-կառավարիչ է, Հարվարդի համալսարանի շրջանավարտ։ Մինչեւ ԾԻԳ-ի տնօրեն լինելը Գնումների աջակցման կենտրոնում էլեկտրոնային գնումների բաժինն է ղեկավարել, աշխատել է քաղաքապետարանում, քաղշիննախարարությունում, ՊՆ-ում։



Մեզ հետ զրույցում Արթուր Սարգսյանը ժխտեց, որ ինքը Բեգլարյանի «մարդն» է։ «Օպտիմալացում է, եւ ծրագիրը միացել է նախարարության մյուս ծրագրերին, այլեւս առանձնացված ձեւով չի իրականացվելու։ Նախարարության ԾԻԳ-ը, որը զբաղվում էր բոլոր ծրագրերով, հիմա սա էլ է անելու»։



- Այսինքն, Ձեր պաշտոնն այլեւս չկա։



- Այո, այդ հաստիքն այլեւս չկա, ես էլ այլ պաշտոնի չեմ համաձայնվի տնօրենից հետո։



-Հիմա ու՞ր եք գնալու։



- Նմանատիպ առաջարկներ կլինեն, համարժեք, նաեւ գումարի առումով, կաշխատեմ։ Բանկային համակարգում, միջազգային կազմակերպությունների հետ։ Հավանաբար, ոչ այնքան պաշտոնի, որքան փորձագիտական աշխատանքի եմ գնալու, ճիշտն ասած, աշխատավարձն էլ է կարեւոր։ Հիմա ինձ միջազգային ֆինանսական կառույցների ոլորտում եմ տեսնում, փորձագիտական ծառայությունների մատուցման։



- Ձեզանից դժգոհ չէի՞ն։



- Ոչ, շատ նորմալ, տեղը տեղին, շնորհակալագրով, նույնիսկ պարգեւավճարներով եւ մնացած ատրիբուտներով հեռացա։ Ստեղ այլեւայլ երեւույթներ չկան։ Ես շատ գոհ եմ այդ վերաբերմունքից, նաեւ առաջարկ է եղել աշխատելու, բայց դա ինձ չի բավարարել՝ թե պաշտոնի, թե աշխատավարձի առումով։



- Հիմա ասում են, որ Դուք նոր նախարարի մարդը չեք, Բեգլարյանի մարդն եք, դրա համար էլ գնացիք։



- Ի՞նչ կապ ունի դրա հետ։ Եթե այդպես լիներ, այս 4 ամիսն ինչո՞ւ էի սպասում։ Ես ստեղ Բեգլարյանի մարդը չեմ, Բեգլարյանի հետ զուտ մասնագիտական աշխատանք եմ կատարել, ես Բեգլարյանի հետ շփվել եմ զուտ այդ ծրագրի շրջանակում, մասնագիտական ծառայություններ եմ մատուցել։



- Դուք սպասո՞ւմ էիք, որ պետք է գնաք։



- Իհարկե, վերջին երկու ամսում, երբ օպտիմիզացման որոշումը եղավ, արդեն գիտեինք։



-«Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ի աշխատանքից այս նոր նախարարը դժգոհություն չունե՞ր։



- Ոչ, սկզբում, եթե հիշում եք, նա ասում էր, որ պետք է ուսումնասիրի, տեսնի ինչն ինչ է, վերջում էլ, գիտեք, հայտարարեց, որ չարաշահումներ չկան, չեն էլ եղել; Մենք բոլորը նրան ցույց ենք տվել, վարչապետն էլ է նայել, ծրագիրն արդեն հունի մեջ ընկած է, գիտեք, որ Եվրամիությունը «Հյուսիս- Հարավ» ավտոճանապարհային միջանցքը ճանաչեց տարանցիկ ճանապարհ, լավ հաջողություններով փոխանցել ենք ընդհանուր ծրագրերի հիմնարկին, որ նույն մակարդակով շարունակեն։ Ճիշտն ասած, ԾԻԳ-երը միավորելու այս նույն առաջարկը հասունանում էր նաեւ Բեգլարյանի ժամանակ, ուղղակի նրա օրոք չեղավ, հիմա եղավ։



- Բայց վարկատուների պահանջը չէ՞ր, որ առանձին գրասենյակ զբաղվի այս ծրագրով։



- Այո, բայց պարզ է, որ համաշխարհային շուկայի վերջին իրադարձություններից, վիճակից իրենք էլ հասկացան, որ սա մեր պետությանը ավելի ձեռնտու է։ Նրանց հետ էլ բանակցություններ են վարվել, այն մասին, որ պետք է օպտիմիզացվեն ծրագրերը, որ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործվեն։ Ես այն ժամանակ էլ գիտեի, որ դա բերելու է իմ հաստիքի կրճատմանը, բայց ես չեմ կառչել իմ հաստիքից։ Երեք ու կես տարի աշխատեցի, երեւի, տեսել եք, թե ինչքան առաջ գցեցինք, ինչ որ պետք է արեցինք, մարդկանց իրենց տեղը ցույց տվեցինք, հիմա լավ աշխատում են, եւ ես համարում եմ, որ իմ գործը արել եմ ու ուզում եմ մի այլ բանով զբաղվել։ Երկար մի տեղ մնալն էլ մի բան չի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ