Հեռացրեք ձեր տեխնիկան մեր բակից, թողեք քնենք

Հեռացրեք ձեր տեխնիկան մեր բակից, թողեք քնենք

Մի բան ասեմ` չեք հավատա: Մեր բակում ձյուն չկա: Մաքրել են, մաքրել են այնպես, որ նույնիսկ երեխաներին խաղալու բան չեն թողել, ու մեր երեխաները գնում են հարևան բակերը, որ սահնակ քշեն կամ ձնագնդի խաղան:



Վաղարշակ Անտոնյանը, որ մեր ծայրի մուտքից է և ՀԱԿ ակտիվիստ, բակում միտինգ էր արել ու հայտարարել, որ բակը մաքրել են ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ առաջիկա ընտրություններում ձայն ստանալու: Նրան հակադարձելով` կին ՀՀԿ-ական Սիրանույշ Վարդանյանն էլ շշպռել էր` եթե ձյուն մաքրելով են ձայն ստանում, դուք էլ մաքրեք:



Հարևաններին նրանց քաղաքականացված վեճը շատ էլ չէր հետաքրքրել: Կարևորն այն էր, որ ձյունը մաքրել են ու այնպես են մաքրել,որ ասֆալտը երևում է:



Անշուշտ, պետք է լավի մասին էլ գրել: Աշխարհի տեխնիկան լցրել էին մեր բակն ու մաքրում էին: Օրը 24 ժամ աշխատեցին, 3 օր շարունակ, և, խնդրեմ` արդյունքն աչքի է զարնում: Աճառյան փողոցից հենց մտնում ես մեր բակ, թվում է` ուրիշ աշխարհ ես ընկնում. ոչ մի ձնաթումբ, ոչ մի սահադաշտ... Առաջին անգամը լինելով` այս տարի մեր բակի հարակից շենքերի և ավտոտնակների տանիքների ձյունը, որպեսզի լրացուցիչ անհարմարություններ չստեղծեն բնակիչների համար, ուղղաթիռներով են հեռացրել:



Կարծիք կա, որ այս ամենի պատճառը թիվ 104 դպրոցն է, որի բակն ու մեր բակը համարյա ընդհանուր են` բաժանված մի քանի շինություններով ու պատով: Դպրոց չես կարող հասնել, եթե չանցնես մեր բակով: Մեր բակի մարդիկ, դե թերահավատներ շատ կան, ասում են` դպրոցի ճամփան են մաքրել, ոչ թե մեր բակը:



Անցյալ օրը մի լրագրող էր եկել, որ լուսաբանի Ավանի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության հրաշալի աշխատանքը: Շատ «յախիդնի» լրագրող էր երևում: Ուզում էր, թե մի անզգույշ խոսք լսի մեզնից, որ քննադատի վարչական տարածքի ղեկավարությանը: Բայց ի պատիվ մեր բակի մարդկանց ասեմ, նրանք միասնական էին և նույնիսկ Վաղարշակն ու Սիրանույշն էին պաշտպանում միմյանց տեսակետները` թաղային իշխանությունների կատարված հսկայական աշխատանքի վերաբերյալ: Պատկերացնո՞ւմ եք, լրագրողին նույնիսկ թույլ չտվեցինք նկարահանումներ կատարել, որպեսզի հանկարծ ծառերի ճյուղերին մնացծ ձյան հետքերը չերևան: Երբ լրագրողն ընդվզեց, թե մենք խոչընդոտում ենք իր աշխատանքը, նրան խորհուրդ տվեցինք տեսանյութի համար դիմել ավտոճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայությանը և ստանալ Հրաչյա Աճառյան- Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի նկարահանումները: Բանն այն է, որ այդ տեսախցիկը օրը 24 ժամ հետևում է ոչ այնքան խաչմերուկում կատարվող խախտումներին, որքան մեր բակում տեղի ունեցող իրադարձություններին: Մի անգամ ինձ ակտ էր եկել այդ տեսախցիկից, որի տեսանյութում պարզորոշ երևում էր, թե ինչպես է մի անծանոթ տղամարդ սուրճ խմում տիկին Արեգնազի բալկոնում: Ես, իհարկե, այդ մասին ոչ մեկին չասացի, որպեսզի նոր թեմա չբացվի շենքում, բայց...



Մի խոսքով` մենք լիահույս ենք, որ մեր բակում տեղադրված այդ տեսախցիկը ֆիքսել է նաև կոմունալ ծառայությունների ձնամաքրման 24-ժամյա աշխատանքները:



Երբ ես բակում հայտարարեցի, որ այս մասին հոդված եմ գրելու, քեռի Սիրակն ասաց` գործ չունես, մեր բակին աչքով կտան: Ճիշտ է ասում քեռի Սիրակը, աչքով կտան, եթե մի բան էլ գրես` քննադատական երնագով գրի, գրի` էս ինչ ա, գիշեր-ցերեկ հանգիստ չունենք ձյուն մաքրող տեխնիկայի դռդռոցից` խորհուրդ տվեց Բեգլար Կիրակոսյանը, որ իմ տվյալներով` ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով է գնում ընտրության:



Եվ ահա` հոդվածը գրեցի: Թե ինչ ստացվեց, թող մեր բակի ժողովուրդն ու օրը 24 ժամ աշխատելու մասին զեկույց տվողները դատեն: Իսկ այս գործի պատասխանատուներին էլ սիրով հրավիրում ենք մեր բակ, որպեսզի իրեննց աչքով տեսնեն, թե մեր բակի և քաղաքի տարբեր ծայրերից 104 դպրոց եկեղ երեխաներն ու նրանց ուղեկցող ծնողներն ինչ երջանկություն են զգում` հայտնվելով այդ հրաշք կղզյակում, որ իրավամբ կարող է լավ օրինակ լինել Երևանյան բոլոր բակերի համար:



Հ.Գ. Լուսանկարում մեր բակը չէ: Երևանի քաղաքապետարանի կայքից եմ քաշել այն, որպեսզի, հանկարծ, մեր բակին աչքով չտան:



Էդիկ Անդրեասյան