43 տարի անց Մնջախաղի թատրոնն ունեցավ իր շենքը

43 տարի անց Մնջախաղի թատրոնն ունեցավ իր շենքը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողներին, Մնջախաղի պետական թատրոնի  դերասաններին ժամադրել էր  Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առջև՝ բարձրաձայնելու Մնջախաղի թատրոնի համար պատրաստած անակնկալը, որը փաստորեն շատ հեռու չէր գտնվում։  



Ազգային գրապալատի շենքի մոտ էլ Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ նախագահի հանձնարարականով այս տարածքը այսուհետեւ տրամադրվում է Մնջախաղի թատրոնին, որից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին սիմվոլիկ ոսկե բանալի նվիրեց։ Նախարարը նշեց, որ այս տարվա ընթացքում եթե չավարտեն էլ թատրոնի շենքի վերակառուցման հարցը, ապա շինարարական աշխատանքները հավանաբար ամռանն արդեն կսկսեն։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ամբողջովին պետությունն է ներդրում անելու, որն էլ կիրականցվի, երբ ճարտարապետները ստեղծեն համապատասխան նախագիծ հասկանալու համար ինչպիսին պետք է լինի թատրոնը։ «Դժվարանում եմ գումար հնչեցնել, քանի որ նախագիծը դեռ վերջնական չէ, բայց որոշ պատկերացումներ ունենք եւ դրա հիման վրա է, որ որոշում է կայացվել։ Մենք համոզված ենք, որ ունենալու ենք մեր քաղաքում մի նոր գույն, մի նոր մշակութային օջախ, որը ջերմացնելու է թե մեր եւ թե օտարերկրացիների սրտերը, հատկապես Մնջախաղի թատրոնը, որ թարգմանության խնդիր չունի եւ մենք կտնտեսենք թարգմանչական վազող տող»,-կատակեց Ամիրյանը։



Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ նշեց, որ ցնցված է կատարվածից, որովհետեւ շուրջ 20 տարի ամեն օր խոսել է թատրոնի շենքի անհրաժեշտության մասին, դրանից առաջ էլ եւս 23 տարի բարձրաձայնվել է թատրոնի շենքի հարցը եւ ահա 43 տարի անց, վերջապես լուծվեց խնդիրը.  «Ես ուղղակի չէի կարող ենթադրել, որ ընդամենը 2 ամսում հնարավոր է լուծել այս բարդ խնդիրը։ Սա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում»։ Նա խոստացավ այնպես աշխատել, որ նախարարը երբ մեկ ուրիշին անակնկալ մատուցելու լինի, ժամադրի հենց Մնջախաղի թատրոնի շենքի մոտ:



Ներկաներին առաջնորդելով ազգային գրապալատի տարածքով, նախարարը նշեց, որ նախատեսում են ստանալ համապատասխան միջավայր, որտեղ կլինի հանգստի գոտի, սրճարան, հանդերձարան, փորձասենյակներ, իսկ վերջին հատվածում, որտեղ գրապահոցն է եւ որի առաստաղի բարձրությունը հնարավարություն է տալիս դահլիճ կառուցել՝ կլինի համապատասխան դահլիճ, որը Ժիրայր Դադասյանի խոսքերով թույլ կտա տեղավորել 100-150 հանդիսատես։



Ինչ վերաբերում է Ազգային գրապալատին, ապա այն միացավ Ազգային գրադարանին, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ գրապալատի զբաղեցրած տարածքը տրամադրել թատրոնին։ Գրապալատի աշխատողները սակայն տեղյակ չէին իրենց հետագա ճակատագրից եւ առիթից օգտվելով հետաքրքրվեցին, թե ի՞նչ են անելու այսուհետ. «Մենք գրապալատի բոլոր գործառույթները պահպանում ենք եւ գրապալատը միավորվում է ազգային գրադարանին, որպես առանձին ստորաբաժանում։ Հավելյալ մենք դրել ենք պարտավորություն, որպեսզի նյութերը թվայնացվեն, բոլոր աշխատակիցները շարունակելու են զբաղվել իրենց աշխատանքով»,-նշեց Ամիրյանն ու խոստացավ գրապալատի աշխատակիցներին, որ հաջորդ շաբաթ նույն կերպ կներկայացնեն իրենց նոր աշխատատեղը եւ վերջիններս կտեսնեն, թե որտեղ են աշխատելու, ինչ պայմաններում։



Ամիրյանը նկատեց, քանի որ թատրոնը զբաղեցնելու է գրապալատի տարածքը, ապա առաջին ներկայացումն էլ թող նվիրված լինի գրքին, ինչը սիրով ընդունվեց Դադասյանի կողմից։ Ավելին՝ Ժիրայր Դադասյանը նկատեց, որ այնպես պետք է մտածեն թատրոնի կոնցեպտը, որ գրքի շունչը լինի. «Քանի որ սա պատմական շենք է եւ այստեղ տարիներ շարունակ պահվել են գրքեր եւ դրա էներգետիկան այստեղ պահպանվել է։ Գրականություն պարունակող պատեր են եւ մենք չենք կարող չպահպանել այդ շունչը»։



Սոնա Ադամյան