Արտավազդ Փելեշյան․ Ինչո՞ւ ընտրեցի կինոն

Արտավազդ Փելեշյան․ Ինչո՞ւ ընտրեցի կինոն

Այսօր հանճարեղ կինոռեժիսորի ծննդյան օրն է



Ինչո՞ւ ընտրեցի կինոն․․․կարծում եմ, որ գտա արվեստի մի տեսակ, որի լեզվով ինձ հարմար է խոսելը։ Այն նույնիսկ ավելին է, քան բառերը։ Կինոյի այս տեսակը։ Ես զգում էի, որ կարող եմ ասել ավելին։ Դա էր պատճառը, որ ձգտեցի գնալ Մոսկվա եւ ընդունվել ՎԳԻԿ, կինոռեժիսուրայի բաժին։ Ես չգիտեմ ճիշտ էի, թե ոչ, բայց փաստն այն է, որ այսօր ինձ ասում են, որ կինոռեժիսոր եմ։



Մինչ այժմ վիճելի հարց է՝ ֆիլմերս վավերագրակա՞ն են, թե՞ գեղարվեստական։ Եւ վերջնական պատասխան դեռեւս չեն գտել։ Ես համարում եմ իմ ֆիլմերը գեղարվեստական՝ առանց դերասանի մասնակցության։



Իմ կինոն մի արժանիք ունի՝ առանց խոսքերի է, միեւնույն ժամանակ ունի մի թերություն՝ խոսքեր չունի։



Ես քաղաքական խնդիրներ երբեք չեմ ունեցել, բայց ես ունեցել եմ խնդիրներ կինոարտադրողների հետ, երբեմն ես չէի տեղավորվում իրենց պահանջած շրջանակի սահմաններում։



Իմ ֆիլմերը ուղղահայաց են։



Վերակազմավորման տարիները (1985-1991) Հայաստանի համար ծանր տարիներ էին, իմ «Վերջ» ֆիլմով ես ուզում էի ասել՝ վերջ, վերջ դժվարություններին, վերջ թունելին։



«Կյանք» ֆիլմը բավական դժվար նկարահանեցինք, ծննդատանը կանայք համաձայն չէին նկարահանումների, նրանց թվում էր մենք ինչ-որ ֆիզիոլոգիական ֆիլմ ենք նկարում։



Տարբեր տարիներին տարբեր աշխարհայացքներ եմ ունեցել․ տարբեր կինոռեժիսորների եմ համարել լավագույնը՝ սկսած իտալական նեոռեալիզմից, վերջացրած՝ Ֆելինիով, Բերգմանով։ Հիմա մեծացել եմ երեւի, մի քիչ հանգստացել եմ, կարծիքս փոխվել է։



Կինոյում երեք մարդու եմ հանճարեղ համարում՝ Սերգեյ Գերասիմով («Խաղաղ Դոն»), Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա («Կնքահայրը») եւ Չին Սիու Տունգ («Ուրվականների չիբնական պատմությունը»)։



Աշխեն Քեշիշյան