Շարմազանովը ինչքան էլ «ցրի», երեխաները սովորելու բան կգտնեն

Շարմազանովը ինչքան էլ «ցրի», երեխաները սովորելու բան կգտնեն

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իրեն ուղղված հարցերին պատասխանելիս, չնայած որ նաև պատմաբան է, պատասխանում է պահի ազդեցության տակ, հարցը փակելու, խնդիր չստեղծելու ակնհայտ միտումով:



Երեկ էլ պարոն Շարմազանովը լրագրողներին «ցրեց» իր գլխից, երբ վերջիններս մեղադրում էին ԱԺ ղեկավարությանը, որ չի կարողացել ՀՀԿ-ական պատգամավորներին բերման ենթարկել և նիստ գումարել: Քվորում չէր եղել:



Շարմազանովը հղում կատարեց պատգամավորների իրավունքների «փայփայման» օրենքին ու նշեց, որ ճիշտ չէ պատգամավորներին ԱԺ բերման ենթարկելը, որովհետև նանք ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են և իրենք են որոշում ներկա լինել, թե ներկա չլինել նիստին: «Ցանկալի՞ է, որ ներկա լինեն: Այո, ցանկալի է, բայց կարող են նաև չլինել և արտառոց բան չկա: Նախկինում էլ դեպքեր եղել են, որ քվորում չլինելու պատճառով նիստեր չեն գումարվել»: Այ այսպես «ցրեց» Շարմազանովը:



Այդ օրը Սերժ Սարգսյանը դիվանագետների հետ Արցախում էր և դիվադադար էր անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: Սա, իհարկե, լուրջ պատճառ է, որ նախագահը, ասենք, լսած կամ հեռուստատեսությամբ տեսած չլինի իր կուսակցության խոսնակի ցրողական մեկնաբանությունը, բայց և չի բացառվում, որ հետո իմանա այդ մասին:



Ես լավ հիշում եմ, թե ինչպես ոչ շատ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորների համար կազմակերպված «լիկբեզի» ժամանակ հայտարարեց` ձեր խրամատը ԱԺ-ն է, իսկ խրամատը լքողը կհամարվի «դիզերտիր»: Հետաքրքիր է, որ այն ժամանակ Էդուարդ Շարմազանովը չընդհատեց նրան ու չասաց` պարոն նախագահ, ախր պատգամավորների իրավունքների «փայփայման» օրենքում այդպիսի բան չկա գրված, որովհետև նրանք ժողովրդի կողմից են ընտրված և ոչ թե Ձեր:



Ինչևէ: Կարծում ենք գործող ԱԺ-ն կփորձի իր մայրամուտին վերականգնել բաց թողածը, իսկ ինչ էլ չհասցնի` կփոխանցի հաջորդ ԱԺ-ին: Ուշագրավն այս դեպքում մեկ այլ բան էր: Մարտի 2-ին ԱԺ էին եկել նաև դպրոցականները, որպեսզի տեսնեին, թե ինչպես են աշխատում ազգիս երեսփոխանները: Ասել, որ նրանց բախտը չբերեց, ճիշտ չի լինի: Նրանք առնվազն սովորեցին, որ ընտրություններից առաջ պատգամավորները, սովորաբար, նոր ընտրություններով են զբաղվում, հիշում են իրենց ընտրողներին, ընկնում նրանց դռներն ու մոռանում նիստի մասին:



Էդիկ Անդրեասյան