Պոստամերիկյան դարաշրջանը նույնական է Գերմանիայի դարաշրջանի՞ն

Պոստամերիկյան դարաշրջանը նույնական է Գերմանիայի դարաշրջանի՞ն

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց, առաջին շաբաթների սկանդալներից եւ Եվրոպայի մասին հայտարարություններից հետո Եվրոպայում սկսեցին բարձրաձայն խոսել պոստամերիկյան դարաշրջանի մասին: Իսկ մանավանդ Brexit-ից հետո դժվար է պատկերացնել, թե Եվրոպայում պոստամերիկյան դարաշրջանը կարող է հանգել մեկ այլ արդյունքի` Գերմանիայի դոմինանտությունից բացի: Տեւական ժամանակ փնտրում էի, թե ում հետ կարելի է այդ թեմայով հարցազրույց վարել, երբ պարզվեց, որ փետրվարին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին իբրեւ դիտորդ մասնակցելու առիթով Երեւան էր ժամանել Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պրն. Հանս-Յոհեն Շմիդտը (2009-13թթ.): Նա այլեւս դիվանագիտական ծառայության մեջ չէ եւ այդքանով էլ ինձ հետաքրքրող թեմայով ամենահարմար զրուցակիցն էր:



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ Ի ԶՈՐՈՒ Է ԵՂԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



- Պրն. Շմիդտ, հաճելի է Ձեզ տեսնել նորից Երեւանում, եւ շնորհակալություն այս հարցազրույցի համար: Կարո՞ղ եմ սկսել Թրամփի մասին հարցից: Դուք ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի վերաբերյալ նրա հայտարարությունները:



- Եթե ամերիկյան վերջին ընտրություններում պրն. Թրամփի հաղթանակը գնահատենք եվրոպական տեսանկյունից, ապա, իհարկե, ինչ-որ առումով դա դուռ է բացել դեպի անհայտություն: ԱՄՆ նոր նախագահը հայտարարում է որոշ միջազգային դրվածքներ եւ հարաբերություններ վերանայելու մտադրության մասին, որոնք կառուցվել են տասնամյակների ընթացքում, ներառյալ Եվրոպայի հետ հարաբերությունները: Մինչդեռ ես հավատացած եմ, որ միացյալ եւ հզոր Եվրոպան ավելի քան բխում է ԱՄՆ ազգային շահերից:



Ես չեմ հավատում, որ այն, ինչ նախագահ Թրամփի գլխավոր խորհրդականը` Սթիվ Բենոնը, փոխանցել էր Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանին, թե ԱՄՆ ներկա վարչակազմը հակված է երկկողմ հարաբերություններ զարգացնել եվրոպական երկրների հետ անհատապես եւ ոչ թե ԵՄ-ի հետ՝ որպես միության, օգտակար է որեւէ մեկին: Այդ երկկողմ մոտեցումը չի կարող օգտակար լինել ոչ Եվրոպային, ոչ էլ Եվրոպայի հետ ԱՄՆ հարաբերություններին:



- Գիտեք, ես խորապես տպավորված եմ Շտայնմայերի այդ առանցքային ձեւակերպումից, թե Թրամփի ընտրությամբ աշխարհը թեւակոխեց պոստամերիկյան դարաշրջան: Նա այնքան արագ ու ճշգրիտ բարձրաձայնեց այդ բանաձեւը, որ կարող էր թվալ` ուղղակի սպասում էր դրան:



- Չէի ցանկանա առանձնապես խորանալ այդ բանավեճի մեջ` արդյոք մենք մո՞ւտք ենք գործում պոստամերիկյան դարաշրջան, թե՞ ոչ, բայց այն, ինչին ականատես ենք այսօրվա աշխարհում, շատ ավելի խորագնա եւ բազմակողմ գործընթաց է:
Սառը պատերազմի ավարտից եւ Խորհրդային Միության փլուզվելուց հետո շատ էին նման ենթադրությունները, ինչ-որ պահի նույնիսկ շարժում եղավ դեպի միաբեւեռ աշխարհակարգ, որտեղ ԱՄՆ-ն ընկալվում էր որպես միակ գերտերություն: Բայց անցած քառորդ դարի ընթացքում աշխարհի զարգացումն այդպես միագիծ չընթացավ: Ասպարեզ իջան հզոր տնտեսություններ եւ ամենից առաջ՝ իհարկե, Չինաստանը, որը ձգտեց հաստատվել համաշխարհային հարթակում որպես հզոր տերություն եւ նույնիսկ որպես ԱՄՆ մրցակից:



Անգամ առօրյա կյանքում որոշ փորձեր եղան, դիցուք՝ Չինաստանը սեփական բանկային քարտեր թողարկեց` իր համակարգն ամերիկյան MasterCard-ի, Visa Card-ի գործառնությունից տարանջատելու եւ վերջնահաշվում Չինաստանի սահմաններից դուրս չինական բանկային քարտերի շրջանառություն ապահովելու համար: Համաշխարհային հարթակում առաջխաղացման նույնպիսի ընթացք կարող ենք տեսնել Հնդկաստանի, այլ երկրների, Ռուսաստանի կողմից:
Այլ կերպ ասած՝ միաբեւեռ աշխարհակարգի մոդելը հարվածներ էր կրում եւ սկսել էր ճաքեր տալ շատ ավելի վաղ, քան Թրամփը մուտք կգործեր Սպիտակ տուն:



- Միանգամայն հնարավոր է, բայց Եվրոպայի պարագայում, շատերի կարծիքով, Brexit-ից եւ Թրամփի հաղթանակից հետո Եվրոպան անխուսափելիորեն ընթանալու է դեպի գերմանական գերիշխանության դարաշրջան: Նման դիտարկումը ճիշտ չէ՞:



- Նախ՝ այդ առնչությամբ պետք է իմանալ, եւ վստահ եմ՝ Դուք գիտեք, որ Brexit-ն ամենեւին չէր բխում Գերմանիայի շահերից: Կան հարցեր, հատկապես տնտեսության եւ առեւտրի ասպարեզում, որտեղ Գերմանիայի դիրքորոշումները շատ ավելի մոտ են Միացյալ Թագավորության մոտեցումներին, քան Ֆրանսիայի: Հետեւաբար, մենք կնախընտրեինք Մեծ Բրիտանիային պահել Եվրամիության կազմում: Սակայն այժմ, Brexit-ից հետո, մեծագույն կարեւորություն ունի, թե ինչ արդյունքով կավարտվեն մարտին կայացող Նիդեռլանդների խորհրդարանի եւ ավելի ուշ` Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: Այս զարգացումները չափազանց կարեւոր են, որովհետեւ Նիդեռլանդները եւ Ֆրանսիան այն հիմնադիր երկրների թվում են, որոնք ստեղծեցին Եվրոպական համայնքները` շուրջ 70 տարի առաջ, եւ քաղաքականապես կարեւոր է, որ այդ առանցքային, հիմնադիր երկրները` ներառյալ Գերմանիան, մնան հավատարիմ միացյալ Եվրոպայի իրենց պատկերացմանը եւ հավատամքին:



Գալով այսօր ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերներին, թերեւս գիտեք՝ մարտի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրոպական խորհրդարանին ներկայացրեց «Սպիտակ գիրքը»` այդպիսով բացելով 2019-ի Brexit-ից հետո Եվրոպայի եւ Եվրամիության ապագայի շուրջ բանավեճը: Նախագահ Յունկերը հինգ սցենար առաջարկեց՝ առավել փոխկապակցված եւ ինտեգրված կերպով որոշումներ կայացնող Եվրամիությունից մինչեւ ավելի ազգային, թույլ կապակցված եւ միջ-կառավարական կառավարմամբ Եվրամիություն: Այս սահմանային տարբերակների միջեւ Յունկերի կողմից ներկայացվեց նաեւ այն ուղին, որը Գերմանիայի քաղաքական գործիչներն էին առաջարկել դեռ շատ տարիներ առաջ։



Ըստ այդ սցենարի՝ Եվրոպան պետք է շարունակի զարգանալ ընտրովի ինտեգրման հայեցակարգային մոդելով, երբ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին միանում են ԵՄ տարբեր անդամ երկրներ` ոչ բոլորը, ինչպես, դիցուք, եվրոյի գոտու կամ Շենգեն տարածքի դեպքում է:



- Ոգեւորիչ է, որ դիտարկվում են մի քանի ուղիներ: Այդուհանդերձ, ներկա պահին թվում է` շատ բան կախված է Ֆրանսիայի նախագահական ընտրության ելքից` Լը Պենի բոլոր սպառնալիքներով հանդերձ, թե հաղթելու դեպքում ինքը Ֆրանսիան կհանի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի կազմից եւ այլն: Բայց, ըստ Ձեզ, այդ կինը շատ չի՞ չափազանցնում, թե ինքն ինչ կարող է անել:



- Ես համամիտ եմ, որ ներկա պահին, այսպես կոչված՝ «Լը Պենի գործոնն» անհանգստության ալիք է առաջացրել ամբողջ Եվրոպայում: Այն շատերին է պահում սպասման մեջ, թե ինչ ելքով կավարտվեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: Բայց եթե նույնիսկ վերցնենք վատագույն սցենարը` տիկին Լը Պենի հաղթանակի տարբերակը, թեեւ ինքս առանձնապես դրան չեմ հավատում, բայց անգամ եթե Լը Պենը հաղթի նախագահական ընտրություններում, դա դեռ չի նշանակում, թե նա կկարողանա կյանքի կոչել ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից դուրս գալու իր ծրագրերը: Ֆրանսիայում կա Ազգային ժողով, որը կընդդիմանա նման ընթացքին, մինչդեռ Լը Պենի կուսակցությունը շատ հեռու է Ազգային ժողովում մեծամասնություն ձեւավորելուց:



Սակայն ճշմարիտ է այն, որ Լը Պենի երեւույթը, նաեւ Brexit-ը, մյուս աջակողմյան շարժումները, որոնք հարցականի տակ են առնում հզոր եւ միացյալ Եվրոպայի անհրաժեշտությունը, ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք կենդանի գործընթացում, եւ մարդիկ, Եվրոպայի միասնականության բարիքներից օգտվելով, միաժամանակ դժգոհ են միության այլ կողմերից եւ դրսեւորումներից: Հետեւաբար, այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար մենք պետք է վերաիմաստավորենք եւ վերանայենք որոշ իրողություններ: Բայց վերջնահաշվում, ես հավատացած եմ, որ բոլոր այդ ջանքերը Եվրամիությունը կդարձնեն միայն ավելի ճկուն եւ զորեղ, ճիշտ, ինչպես նախորդ ճգնաժամերը հաղթահարելիս, ԵՄ-ի ողջ պատմության ընթացքում:



ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ



- Պրն. Շմիդտ, այս տարի խորհրդարանական ընտրություններ են կայանալու նաեւ Գերմանիայում: Որքան ես գիտեմ, Ձեր երկրում ծայրահեղ աջակողմյան, ամբոխավարական սպառնալիքը PEGIDA-ն է, բայց նրանց մեծագույն նվաճումը կարող է լինել ընդամենը խորհրդարան անցնելը. ճի՞շտ եմ:



- Առաջինը պետք է տարբերակել PEGIDA շարժումը եւ դրա հետ ասոցացվող քաղաքական կուսակցությունը, որը կոչվում է «Այլընտրանք Գերմանիայի համար»` AFD: Այո, իրենք պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ, սոցհարցումների տվյալներով, կկարողանան խորհրդարան անցնել 10%-ին մոտ քվեներով: Այդուհանդերձ, չարժե AFD-ից հրեշ սարքել, շատ երկյուղել նրանց խորհրդարան մտնելուց, որովհետեւ վերջնահաշվում Գերմանիայի ժողովրդավարության համար AFD-ն շոշափելի սպառնալիք չէ:



Այլ հարց, որ AFD-ն եւ դրա քաղաքական ղեկավարությունը գերակշիռ մասով մարդատյատ, ռասիստ, ազգայնական անձանց միավորում են, եւ նրանց գաղափարախոսությունը, «մենքի» քարոզը վնասում են Գերմանիայում բաց հասարակության առաջընթացին, պետական շահերին, արտերկրում մեր հեղինակությանը: Այդքանով էլ AFD-ի վերելքը քաղաքականապես անհանգստացնող երեւույթ է, եւ դրան պետք է լրջորեն վերաբերվել:



- Իսկ ի՞նչ կասեք ընտրարշավի ֆավորիտների` կանցլեր Մերկելի եւ պրն. Շուլցի մասին: Երկուսն էլ հարգարժան, հեղինակավոր գործիչներ են, հետեւաբար` Գերմանիայի ընտրությունները չեն ավարտվի քաղաքական երկրաշարժով, ինչպես Միացյալ Թագավորությունում կամ ԱՄՆ-ում:



- Այո, Գերմանիայում իրադրությունը կայուն է եւ կանխատեսելի: Ընտրության հիմնական թեկնածուները կամ ֆավորիտները, ճիշտ եք, կանցլեր Անգելա Մերկելը եւ Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ պրն. Մարտին Շուլցն են: Երկուսն էլ ներկայացնում են էսթաբլիշմենթը, եվրոպական հարթակում ճանաչված գործիչներ են, եւ, իհարկե, նրանց առաջամարտիկ լինելն ընտրարշավում զգալի հանգստության, կայունության եւ կանխատեսելիության ազդակ է հաղորդում թե Գերմանիային, թե Եվրամիությանն ընդհանրապես։



Համաձայն հարցախույզների (չնայած վերջին ժամանակներում դրանք այնքան հաճախ են սխալ եղել), տիկին Մերկելն իր CDU/CSU (Քրիստոնեա- դեմոկրատական միություն/Քրիստոնեա- սոցիալիստական միություն) կոալիցիայով առջեւում է ձայների մոտ 33%-ով: Մինչդեռ SDP-ն (Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը) պրն. Շուլցի առաջնորդությամբ ընտրողների 31%-ի աջակցությունն է վայելում: Պրն. Շուլցն ավելի հաջողակ է հրապարակային ելույթներում, շփումներում, իսկ կանցլեր Մերկելն ուժեղ եւ արդյունավետ է նեղ շրջանակներում, նա անգերազանցելի է լուծումներ գտնելու, համաձայնություններ կայացնելու գործում: Սակայն մինչեւ ընտրությունները դեռ կես տարի ժամանակ կա, հետեւաբար տեսնենք` ընտրարշավն ինչպես կծավալվի, ինչ արդյունք կունենա:



Շարունակելի․․



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ