Ֆեյսբուքյան էջի գրառումները հանելով, ոչի՜նչ չի ջնջվում, Արփինե․․․

Ֆեյսբուքյան էջի գրառումները հանելով, ոչի՜նչ չի ջնջվում, Արփինե․․․

Արդարադատության նախարարին ոչինչ չեմ ուզում ասել, ոչի՜նչ․․․ բայց որպես կին  նրան մի բան պիտի պատմեմ , որովհետև իմաստության տարիների ճանապարհով երիտասարդ աղջիկը տարիքի բերումով դեռ չի անցել։



Մի տեսակ խղճահարությամբ եմ հետևում, թե ինչպիսի փութաջանությամբ է նա մաքրում ֆեյսբուքյան իր էջին հայտնվող գրառումները՝ Հաց բերողի հետ կապված։ Մաքրում ու նրան թվում է, թե կյանքը գրոտված, մրոտված մի էջ է, որը կարելի է ռետինով մաքրել ու մոռանալ։



Սովորաբար երիտասարդ տարիներին թվում է, թե ամեն ինչ կարող է ջնջվել, մոռացվել, բայց տարիքի հետ այն խորանում է, էջն ավելի է մգանում ու ավելի պարզ  դառնում գրածը։ Այնպես որ հոգին միակ էջն է, որտեղ ոչինչ չի մաքրվում, որովհետև նա ապստամբող է։



Եվ որպես վառ վկայություն մի փոքրիկ օրինակ բերեմ։ Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքի ռազմական թղթակիցն էի։ Ազերիները գերի ունեին, և մենք ուզում էինք տեսնել նրան։ Մեր զոհերի մարմինները ազերիները խոշտանգված էին մեզ հանձնել, մեղքս ինչ թաքցնեմ, «վառվում էինք»։



Մտանք այն խուցը, որտեղ գերին էր։ Կին էր։ Ահավոր վիճակում էր․ ոտքերը ջարդված․․․ Աղեկտուր մի ողբ էր դրել։ Երբ տեսավ, որ մտնողների մեջ կին կա, դեմքը պայծառացավ ու ասաց՝ բաջի, աղրըյըր (ցավում է), քյոմագ․․․



Սիրտս փլվեց։ Անմիջապես վազեցի միլպետի մոտ ու ասացի՝ այդ ի՞նչ եք անում, խիղճ չունե՞ք։



Ոստիկանապետը ժպտաց՝ մերոնք սա են․․․ բայց դուք կարծեմ ուզում էիք պատժել նրան։



Մինչև չհամոզվեցի, որ ադրբեջանուհին ցավ չի զգում, հաց է կերել, խցից դուրս չեկա։ Հաջորդ օրերին ինձ բռնեցրի այն բանում, որ ուզում էի էլի գնալ, իմանալ․․․ Այդպես էլ անում էի։



Ինչ եմ ուզում ասել։ Արդարադատության նախարարը ոչ թե որպես նախարար, այլ որպես հայ կին, կարո՞ղ է ասել՝ ինչ մի բարի բան է արել Հայ մարդու, Հաց բերողի համար։



Անզեն աչքով տեսանելի է, որ Արթուրը հիվանդ է, ցավ է քաշում, փորձե՞լ է մի բանով օգնել։ Նա ասում էր, որ մի քանի օր առաջ է Արթուր Սարգսյանը ներկայացրել «16 տարվա հնության» տեղեկանք՝ Բեխտերևի հիվանդության մասին: Ասենք թե․ բայց Արթուրի հենց թեկուզ պարանոցի անշարժությունը, շարժումների քարացածությունը ոչինչ չհուշե՞ց․․․



Գուցե ինչ որ բան արել է, թող ներող լինի, գրառողներն անտեղի են մեղադրում նրան, գուցե փորձենք հասկանալ։



․․․Ու այսօր, երբ մարդիկ հենց դա են հիշեցնում գրառումներով, հենց դա են ասում ցավոտ խոսքերով, նա հանում է գրառումները, մոռանալով, որ դրանք, եթե այսօր չի զգում, վաղը սվիններ են դառնալու ու խոշտանգելու իրեն․․․



Աշխարհում ամենասարսափելի զենքը խիղճն է, որը քնում ու արթնանում է մի օր․․․



․․․ Մենք թշնամու համար էինք ցավում․․․



ՀԳ Որպես կի՜ն, զգայուն կի՜ն․․․ Ոչ որպես նախարար։ Արդարադատությա՜ն․․․



Հասմիկ Բաբաջանյան