Սահակաշվիլին և ՀՀ ԱԺ ընտրությունները

Սահակաշվիլին և ՀՀ ԱԺ ընտրությունները

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին տեղեկություն է տարածել, որ մարտի 22-ի երեկոյան Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշներով բեռնատար մեքենաները, հավանաբար, «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ են տեղափոխել դեպի Հայաստանի սահման: 



Interpressnews.ge-ի փոխանցմամբ՝ Ծիկլաուրին երկրի կառավարությանը, նախագահին եւ պատկան մարմիններին կոչ է արել ուսումնասիրել, թե այդ մեքենաներով ինչ է տեղափոխվում դեպի Հայաստան: Ծիկլաուրին տեսանյութ եւ լուսանկարներ է ներկայացրել բեռնված ավտոմեքենաներից՝ նշելով, որ ռուսական պետհամարանիշներով մեքենաները փաթեթավորված բեռ են տեղափոխում՝ հավանաբար՝ ռազմական տեխնիկա։ «Բեռնատար մեքենաները, որոնք ռուսական պետհամարանիշներով են, փաթեթավորված բեռ են փոխադրում:



Մեծ հավանականությամբ, սա ռազմական նշանակության ծանր տեխնիկա է: Բոլնիսիում գտնվող մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դա մեծ հավանականությամբ ռազմական տեխնիկա է՝ «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ: Վաղը նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ, եւ անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել: Բեռը, հավանաբար, տեղափոխվում է դեպի Հայաստան»:



Կարճ ժամանակ անց Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը: Նախարարության հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Տարածված տեղեկատվությունը, թե իբր այսօր Վրաստանից տարանցիկ ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել»: Վրաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ հիշեցրել է, որ ռազմամթերքի տարանցման համար երկար տարիներ է՝ Վրաստանի իշխանություններին ոչ Հայաստանն է դիմել, ոչ Ռուսաստանը, հետեւաբար, ռազմական տեխնիկա անցկացնելու թույլտվություն չի էլ եղել:



Մարտի 22-ին այս մասին գրեցին հայկական գրեթե բոլոր կայքերը: Այս տեղեկատվությունը համընկել էր Սամվել Բաբայանի ձերբակալության հետ, որ կապվում էր Հայաստան բերված զենքի (ԻԳԼԱ համակարգ) հետ: Հենց այդ հանգամանքն էլ լրատվամիջոցներին թույլ էր տվել զոռ տալ երեւակայությանն ու ընդհուպ հայտարարել, որ Վրաստանի ՊՆ-ն հերքել է Սամվել Բաբայանի նկատմամբ եղած ՀՀ իշխանությունների կասկածները:



Կապ Ծիկլաուրիի հայտարարության եւ Սամվել Բաբայանի ձերբակալության միջեւ, իհարկե, կարելի է տեսնել: Այդ կապը, սակայն, կարելի է բացատրել միայն մեկ դեպքում` եթե ընդունենք, որ ՀՀ իշխանություններն այդ քայլով փորձել են հակահարված նախապատրաստել Վրաստանում ծայր առնող սկանդալին: Ովքե՞ր են Սամվել Բաբայանից բացի մյուս երկու ձերբակալվածները… Կարծում եմ` հայ-վրացական «բարիդրացիության» այս վառ դրսեւորման մեջ այդ երկու անձինք կարող են դեռ դերակատարություն ունենալ:



Ինչո՞ւ հենց հիմա Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը «հայտնաբերեց» դեպի Հայաստան ուղեւորվող շարասյունը` բեռնված «ծանր զինտեխնիկայով»: Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է իմանալ նաեւ, թե ում կուսակցությունն է «Միասնական ազգային շարժումը»: Այն հիմնադրվել է 2001 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Միխայիլ Սահակաշվիլու եւ նրա համախոհների կողմից: Կուսակցության առաքելությունը Վրաստանը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ դարձնելն է: Բացի այդ, կուսակցությունը պայքարում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրների լուծման համար:
Մինչեւ 2012 թվականը «Միասնական ազգային շարժումը» եղել է խորհրդարանի կառավարող կուսակցությունը, իսկ 2012 թվականին կորցրել է դիրքերը` դառնալով ընդդիմադիր դաշինք:



Փաստորեն, այո, ամենահաս Սահակաշվիլու հետ գործ ունենք, ողջ աշխարհին հայտնի արեւմտյան մի գործակալի, որ ի լրումն այդ կոչման, նաեւ Իլհամ Ալիեւի մեծ բարեկամն է եւ ադրբեջանական նավթահորերից մի քանիսի փայատերը: Դժվար է պատկերացնել, որ վրաց-ադրբեջանական երկաթուղով Թուրքիայից զենք չի հասցվում Ադրբեջան: Այդ մասին, սակայն, վրացական ընդդիմադիր կուսակցությունը երբեք չի բարձրաձայնել: Պատճառը նույնն է` Սահակաշվիլին Ալիեւի «գործընկերն» է:



Հայաստանում մի քանի օրից ԱԺ ընտրություններ են: Համաձայն ՀՀ սահմանադրության` այդ ընտրություններում է որոշվելու, թե ով առաջիկա 5 տարիներին կղեկավարի երկիրը: Այդ առումով բավականին մեծ է հետաքրքրությունը նաեւ դրսում, օտար պետություններում, համաշխարհային խաղացողների շրջանում, որոնց համար կարեւոր է, թե ինչ ընթացք կարող է որդեգրել Հայաստանն ԱԺ ընտրություններից հետո: Եվ ահա, Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու նպտակով, Արեւմուտքը մոնիթորինգի տակ է առնում Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարեւոր ցամաքային ուղին` հասկացնելով, որ ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումով ոչ թե ինչ-որ հարց է փակվում, այլ նոր քայլեր անելու մեկնարկ է տրվում: Արեւմուտքը Սահակաշվիլու ձեռամբ հարվածում է մեր ամենաթույլ կետին` անվտանգությանը` գիտակցելով, որ առանց զենքի ոչ մի երկիր այսօր ի վիճակի չէ գոյատեւել մի հարեւանի կողքին, որն ամեն օր պատերազմով է սպառնում:



Վրաստանն այսօր ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին առավելագույնս ինտեգրված երկիրն է մեր տարածաշրջանում: Չնայած դրան` Վրաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ եթե նախնական պայմանավորվածությունների արդյունքում որոշակի քանակի պաշտպանական տեխնիկա եւ ռազմամթերք էլ թույլատրում է իր տարածքով հասցնել Հայաստան, ապա միայն ու միայն տարածաշրջանում հավասարակշռությունը եւ խաղաղությունը պահպանելու նկատառումներով: Հետեւաբար, վրացական ընդդիմադիր կուսակցության այս հանկարծահաս ակտիվությունը կարելի է գնահատել որպես Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսի շուրջ իրավիճակը սրելու, օտար (արեւմտյան) ճնշումների համար դուռ բացելու փորձ:



Չմոռանանք նաեւ, որ Սահակաշվիլին, բացի արեւմտյան գործակալ եւ Ալիեւի «գործընկեր» լինելը, մի մարդ է, ով խիստ «վառված» է Ուկրաինայի ՆԳ հայազգի նախարար Արսեն Ավակովի ձեռից: Հենց Արսեն Ավակովն է մերկացրել նրա ցնդած էությունը` երկրի բարձրագույն իշխանության ներկայությամբ ջրով բաժակը նետելով դեմքին: Դրանից հետո են սկսվել Օդեսայի նախկին նահանգապետի անհաջողություններն Ուկրաինայում: Լիներ Ուկրաինայի իշխանությունների կամքը` Արսեն Ավակովը Սահակաշվիլուն ձեռնաշղթաներով կհանձներ Վրաստանին:



Այսօր Սահակաշվիլին կես դրույքով կուսակցապետ է աշխատում Ուկրաինայում եւ զբաղվում մանր խուլիգանությամբ: Արեւմուտքը նրա համար նոր կիրառություն է գտել` ճանապարհ հարթել դեպի հայ-վրացական սահման: Սպասենք հետագա զարգացումների եւ, մանավանդ՝ լուրերի ու լացակումած հայտարարությունների Բաքվից:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ