Տհասությունը պատճառ չէ գրվածը խեղաթյուրելու համար

Տհասությունը պատճառ չէ գրվածը խեղաթյուրելու համար

Այսօր Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթն անդրադարձել է մեր մարտի 30-ի հրապարակմանը՝ գրելով․ ««Հրապարակ» թերթը մի հոդված էր տեղադրել, որը վերնագրված էր «Արդարադատության նախարարությունը բացասական է գնահատել «Իրավունք»-ի հոդվածը»: Սակայն «Հրապարակ»-ի ներկայացված հոդվածից չէր բխում, թե Արդարադատության նախարարությունը որեւէ գնահատական է տվել «Իրավունք»-ի հոդվածին (խոսքը մեր այն հրապարակման մասին է, որտեղ ներկայացվում է ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կերպարը):



«Իրավունք»-ը հարցում է ուղղել Արդարադատության նախարարություն ճշտելու համար արդյոք «Հրապարակ»-ի հոդվածի վերնագիրը համապատասխանում է իրականությանը եւ ստացել են պատասխան, որտեղ Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի գնահատել հրապարակման հանրային հետաքրքրության (հանրային շահի) առկայությունը, չի գնահատել նաեւ հրապարակման իրավաչափությունը»: Ապա սույն լրատվամիջոցը եզրակացրել է, որ ««Հրապարակ թերթը գրել է բացարձակ սուտ, թե իբր ԱՆ-ն բացասական է գնահատել մեր հոդվածը»։



Մենք կարող էինք չանդրադառնալ այս, մեղմ ասած, լրատվամիջոցի բարբաջանքներին, բայց բացառապես այն ընթերցողի համար, ում աչքով պատահաբար կընկնի վերոնշյալ թյուրիմացություն հոդվածը, մեջբերում ենք արդարադատության նախարարության՝ մեզ հղված գրավոր պատասխանը Դանիել Իոանիսյանի վերաբերյալ պասկվիլի մասին․ «Խնդրո առարկա հրապարակման մեջ ներկայացված տեղեկություններն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի իմաստով անձնական կյանքի տվյալներ են (անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ), հետեւաբար, դրանց հրապարակումը միջամտություն է ՀՀ սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին եւ խնդրահարույց կլինի ցանկացած դեպքում, եթե չհիմնավորվի, որ հրապարակումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եւ միջազգային իրավունքի, եւ ՍԴ որոշման համատեքստում հանրային հետաքրքրությունը եւ հանրային հետաքրքրասիրությունը չպետք է նույնականացվեն»:



Առավել տհասների համար բացատրում ենք՝ «խնդրո առարկա հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները, դրանց հրապարակումը միջամտություն է սահմանադրությամբ սահմանված իրավունքներին» արտահայտությունը հենց բացասական գնահատականն է։ Ինչ վերաբերում է «գործակալությունը չի գնահատել հանրային հետաքրքրության առկայությունը» արտահայտությանը, որով նախարարությունը փորձել է գլուխն ազատել բաբուխանյաններից, հաստատում է վերը նշված միտքը եւ մեզ ուղղված պատասխանում «հանրային հետաքրքրություն ու հանրային հետաքրքրասիրություն» տերմինների օգտագործումը վկայում է այն մասին, որ նախարարությունը կարծում է, որ դա բավարար պատճառ չէ մարդու անձնական կյանքին միջամտելու համար։



«Հրապարակ»