Գազի միասնական շուկան դեռ գազի միասնական գին չէ

Գազի միասնական շուկան դեռ գազի միասնական գին չէ

ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը շարունակում է գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի շուրջ քննարկումները: Այս մասին երեկ հաղորդել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, որը վարել է հավաքը, իր ելույթում ասել է, որ մինչեւ տարեվերջ մշակվելու են այս շուկայում գործելու ընդհանուր կանոններ: Նախատեսվում է նույնականացնել գազի փոխադրման գները, ներդաշնակեցնել օրենսդրական բազան, գազի բորսայական սակարկությունների կանոններ սահմանել ԵՏՄ ընդհանուր շուկայի շրջանակներում: Գազի ընդհանուր շուկայի ստեղծումը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է: Անցյալ տարվա մայիսին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգ ընդունեցին: Սակայն այս գործընթացը չի վերաբերելու գազի միասնական սակագնի սահմանմանը: Սա տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքն է: ««Միասնական գին» հասկացություն չի կարող լինել, քանի որ գազի գինը որոշվում է երկկողմանի բանակցություններում, ոչ թե բորսայական սակարկությունների արդյունքում, ինչպես ընդունված է զարգացած երկրներում»,- ասաց Վահագն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն ստիպված է եղել եվրոպական երկրների համար 1000 խմ գազի միջին գինն իջեցնել մինչեւ 140 դոլար, մինչդեռ Հայաստանին այն տալիս է 150 դոլարով:



Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ձախողված տնտեսվարող է, որից կախման մեջ է մեր ողջ էներգետիկ համակարգը: ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փրկելու մեզ այս «ռախիտ» համակարգից: «2016 թվականը «Գազպրոմը» փակել է բացասական բալանսով եւ, ամենայն հավանականությամբ, կաշխատի փոխհատուցել իր կրած վնասները՝ բարձրացնելով գազի ներքին գինը»: Տնտեսագետը չբացառեց, որ մեզ համար եւս ներքին գինը կթանկանա: «Քանի որ 2013 թվականին Ռուսաստանի կառավարության հետ կնքած բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի հիմքում Օրենբուրգի մարզում գործող գազի գինն է, դրա բարձրացման դեպքում մեզ մոտ էլ գին կփոխեն»: Վահագն Խաչատրյանը հիշեցրեց նաեւ, որ Օրենբուրգում գազի գինը մոտ 50-60 դոլար է, այդ դեպքում ինչո՞ւ է մեզ մոտ 150 դոլար:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ