Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր. ՊԵԿ

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային հանդիպումները. ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված քայլերն են: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում. սրանք այն հիմնական ռիսկերն են, որ արձանագրվել են գրեթե բոլոր ոլորտներում, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։



Զբոսաշրջային գործունեություն իրականացնող հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը. 71 տնտեսվարողի ստվերի գնահատմամբ ՊԵԿ-ն արձանագրել է, որ զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում սպառողների հետ:



Իսկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 76 խոշոր ընկերությունների ստվերի գնահատմամբ էլ արձանագրվել է իրացման ոչ լիարժեք գների ձևակերպում: Գնահատված 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր:



Հարկային ռիսկեր են նկատվել նաև կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հարկ վճարողների դաշտում: 82 տնտեսվարողի ստվերի գնահատման արդյունքում արձանագրվել է, որ ներմուծողը ապրանքներն իրացրել է իրականից էականորեն ցածր գներով, իսկ ձեռքբերման գներում էլ արձանագրվել է ծախսերի ուռճացում: 46 տնտեսվարողի գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստվերը ոլորտում կազմում է շուրջ 54 տոկոս:



Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումներով արձանագրված աճի զգալի մասը բաժին է ընկնում ռիսկային համարվող ընկերություններին: 2017-ի առաջին եռամսյակում, նախորդի համեմատ, ոչ ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ գրանցվել է հարկային եկամուտների 6 տոկոս աճ, իսկ ռիսկային խմբում՝ շուրջ 26 տոկոս:



Տեսչությունում հարկային ռիսկերը քննարկել են խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ: Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017-ի նույն ժամանակահատվածում աճել են 870,9 միլիոն դրամով: