Չունեցած փոխնախարարի Camry-ն՝ դատախազությանը

Չունեցած փոխնախարարի Camry-ն՝ դատախազությանը

ՀՀ կառավարության՝ վաղվա նիստի վաղվա օրակարգով ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կզեկուցի մի նախագիծ, որով նախատեսվում է պետական մի հիմնարկից մեկ ուրիշ հիմնարկ մեքենաների տեղափոխություն իրականացնել։ Մասնավորապես առաջարկվում է ՀՀ դատախազությանն ամրակցված «Վոլգա»-ն՝ ԳԱԶ 31-105 մակնիշի ավտոմեքենան, հանձնել պետգույքի կառավարման վարչությունը՝ հետագայում օտարելու նպատակով։ Իսկ նախագծի մյուս կետով էլ առաջարկվում է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմին ամրակցված Toyota Camry-ն հետ վերցնել ու տրամադրել ՀՀ դատախազությանը։



Դատախազությանը պատկանող ԳԱԶ 31105-ը՝ 082 GG 01 պետհամարանիշով, 2006 թվականի է, այն ժամանակ գնվել է 4 միլիոն 123 հազար դրամ սկզբնական արժեքով։ Իսկ սփյուռքի նախարարությանը պատկանող Toyota Camry-ն՝ 300 LL 60 պետհամարանիշով, 2008 թվականի է, արժեքը եղել է 11 միլիոն 900 հազար դրամ։ Մենք պարզեցինք, որ այս Camry-ն «սպասարկում է» ՀՀ սփյուռքի փոխնախարարին, որի պաշտոնը թափուր է։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս պահին ունի երկու տեղակալ, որոնց էլ սպասարկում են Nissan Qashqai տեսակի քաղաքային կոմպակտ արտաճանապարհայիններ։ Այս Camry—ն, փաստորեն, այն երրորդ փոխնախարարինն է, որը գոյություն չունի։ Այսինքն՝ այդ մեքենան այսքան ժամանակ «սպասարկել է» գոյություն չունեցող փոխնախարարի՞։



Սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ տվյալ ավտոմեքենան ստացել են նախարարի երրորդ տեղակալին սպասարկելու նպատակով, սակայն հաստիքը թափուր մնալու պատճառով մեքենան օգտագործվել է սիրիահայերին դիմավորելու և այլ կարիքներ հոգալու համար:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ