Բարեկարգման բո՞ւմ, թե՞ բումերանգ

Բարեկարգման բո՞ւմ, թե՞ բումերանգ

Արաբկիր վարչական շրջանը պատրաստվում է մեծ իրադարձության` Երևանի քաղաքապետի ընտրություններին: Խնդիր է դրված պատվով դուրս գալ այդ փորձությունից և ամենաշատ ձայներն ապահովել գործող քաղաքապետ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի համար: Իսկ խնդիրն այդ, քանի որ Տարոն Մարգարյանի հաղթանակը մեծ հաշվով կասկած չի հարուցում, զուտ վիճակագրական նշանակություն ունի. քաղաքապետը պետք է տեսնի, թե ո՞ր համայնքում, ո՞ր վարչական շրջանում են իրեն ավելի շատ սիրում:



Ի դեպ սիրո մասին: Տարոն Մարգարյանի ընտրարշավի մասին թերթերի ու կայքերի գրածներից պարզ է դառնում, որ նրան սիրողների մեջ կան մեր հասարակության գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչներ` տատիկ-պապիկներ, դպրոցների տնօրեն-ուսուցիչներ, երիտասարդներ, ինժեներներ, բժիշկներ, աշխատավորներ, ընտանեկան մասշտաբի «դիվանագետներ»: Տարոն Մարգարյանին են սիրում անգամ այն ընդդիմադիրները, որոնք չեն սիրում Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին: Էլ ի՞նչ է պետք Տարոն Մարգարյանին: Իսկ հազարավոր այն նամակնե՞րը, որ փոխանցում են նրան, բացահայտ ժամադրություննե՞րը, որ նշանակում են քաղաքացի-բնակիչները... Այս ամենն այնքան հուզիչ է... 



Քաղաքապետարանի առանձին աշխատակիցներ, սակայն, ամեն ինչ անում են, որպեսզի Տարոն Մարգարյանի հանդեպ այս համաժողովրդական սերը երևա ծուռ հայելու մեջ և Տարոն Մարգարյանը մտածի, որ իրեն ընտրել են ոչ թե սիրով, այլ քաղաքապետարանի լծակների շնորհիվ: Դրա համար ջանք չի խնայում հատկապես քաղաքապետարանի կոմունալ շինարարության վարչության պետ Հրայր Անտոնյանը, ով իր ակտիվությամբ աչքի էր ընկել դեռ ԱԺ ընտրությունների ժամանակ: Լինելով ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար` նա անգնահատելի ծառայություններ մատուցեց ՍԱՍ-ի Արտակին` քաղաքապետարանի բոլոր լծակները դնելով գործարարի շտաբների տրամադրության տակ: Նա ոտքի էր հանել վարչական շրջանի բոլոր համատիրություններին, շքամուտքեր ու շքամուտքի դռներ էին նորոգում և տեղադրում` չնայած դրսում խստաշունչ փետրվարն էր: Նա էր որոշում` որ շքամուտքը նորոգեն, որ դուռը փոխեն: Բնականաբար այդ ամենը արվում էր ՍԱՍ-ի Արտակի ու նրա շտաբների անունից, թեև այդ ամենն իրականացնում էին համատիրությունները` ժողովրդի մուծած գումարներով:



Հրայր Անտոնյանը հիմա էլ ակտիվ է: Այս անգամ էլ նա Տարոն Մարգարյանի շտաբի անմիջական ենթակայության տակ է բերել համատիրություններն ու դրանց ղեկավարներին: Վերջիններիս հանձնարարում է բարեկարգել բակերը, նորոգել խաղահրապարակների գույքը, կարգի բերել գազոնները: Համատիրությունների ղեկավարները արմանք-զարմանք են կտրել իրենց իրավասությունների շրջանակի այդ հանկարծահաս ընդլայնումից, երբեք նման գործով չեն զբաղվել ախր, դա քաղաքապետարանի և թաղապետարանի գործն է եղել միշտ: Այլ հարց է շքամուտք ու դուռ նորոգելը: Հրայր Անտոնյանը, սակայն, այդ գործն էլ է վերցրել ձեռքը և այս օրերին Արաբկիրի ոչ մի շենքի մուտք ու դուռ չի նորոգվում առանց նրա ցուցումի ու գիտության:



Արաբկիրի համատիրությունների ղեկավարների դժգոհությունը քաղաքապետարանի կոմունալ շինարարության վարչության պետից հասել է այնտեղ, որ արդեն մեզ են զանգում և բողոքում, խնդրում են օգնել: Ահավասիկ, օգնում ենք:



Պարոն Մարգարյան, զսպեք, խնդրում ենք, ձեր ենթականերին, թույլ մի տվեք, որ նրանք ավելորդ տեղը թիթիզանան, թե ձայն են ապահովում ձեզ համար: Բնակիչները տեսնում են այդ ամենը ու մտածում, որ ահա, Տարոն Մարգարյանի շտաբը բակ է բարեկարգում, որպեսզի քվե ստանա: Դա ոչ միայն սիրուն չէ, այլև արդար չէ, արդար չէ հենց Ձեր հանդեպ, պարոն Մարգարյան: Այլ խոսքով` դա արջի ծառայություն է, ոչ ավելին:



Էդիկ Անդրեասյան



Լուսանկարը` Hraparak.am-ի