Լավ պայմաններ չունեինք, դա արդեն դժվարություն է․ Արթուր Դավթյանը կրկին դժգոհել է պայմաններից

Լավ պայմաններ չունեինք, դա արդեն դժվարություն է․ Արթուր Դավթյանը կրկին դժգոհել է պայմաններից

Փառք Աստծո, ես կարողացա սառույցը կոտրել, մենք ոսկե մեդալ չունեինք։ Դժվարությունները շատ էին։ Միայն այն, որ մենք լավ պայմաններ չունեինք, դա արդեն հերիք է, դժվարություն է։ Այս մասին վերադառնալով Հայաստան՝ «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, ընդամենը երկու օր առաջ հենացատկի վարժությունում նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին ոսկե մեդալը։

«Խնդիրները իրոք շատ են, վնասվածքներ են լինում և այլն։ Լիքը խանգարող հանգամանքներ կան, որին մենք այդքան էլ ուշադրություն չենք դարձնում ու գնում ենք առաջ։ Կարևորն այն է, որ կարողացանք ամենք դեպքում երկու մեդալ նվաճել։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ աշխարհի առաջնությունից երկու մեդալով ենք գալիս։ Մյուս տարի ևս շատ կարևոր տարի է, որովհետև հաջորդ տարի արդեն վարկանիշ պիտի ձեռք բերենք օլիմպիադայի համար։ Առաջիկայում պիտի պատրաստվենք, որ այդ վարկանիշը ունենանք, իսկ դրանից հետո միայն արդեն կսկսենք պատրաստվել օլիմպիական խաղերին։ Այո, դե արդեն պիտի ձգտենք օլիմիական մեդալին՝ օլիմպիական ոսկուն»,- հավելեց նա։

Հատկանշական է, որ վատ պայմաններից Դավթյանը դժգոհել էր նաև 2021 թվականին, երբ նախագահականում լավագույն 10 մարզիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվում էին։ « Մեր միակ խնդիրը պայմաններն են․ չունենք նորմալ մարզադահլիճ։ Ինչքանով տեղյակ եմ, նոր մարզադպրոցի կառուցումը շատ մոտ է։ Մեզ համար հիմա միայն պայմաններ են պետք, այդ դեպքում մեր նվաճումները կկարողանան կրկնել ավելի երիտասարդ մարզիկներ։ Նպատակս գալիք տարում Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է»,- ասել էր Դավթյանը։