Ճգնաժամը խորանում է

Ճգնաժամը խորանում է

Արտաքուստ, իհարկե, կյանքը շարունակվում է եւ ոմանց համար՝ անգամ հաճելի ընթացքով: Պետական կառույցները գործում են, երկրում սով կամ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չկա: Կրթօջախներն ու բժշկական կենտրոններն աշխատում են, շինարարություն է ընթանում: Մարդիկ առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան` տուն: Լուրեր են նայում, բամբասում են, հյուր են գնում, ռեստորաններում ազատ սեղաններ գտնել հնարավոր չէ: Մի խոսքով` կյանքը կարծես բնականոն հունով առաջ է ընթանում: Բայց երբ սկսում ես որեւէ ոլորտում մի քանի սանտիմետր մակերեսից խորանալ, հասկանում ես, որ այս բնականոնությունը թվացյալ է:

Բուհերում ուսանողների պակաս կա, դպրոցներում` ուսուցիչների: Գիտական ինստիտուտներն ու բուհերն օպտիմալացման հերթական վտանգի տակ են, եւ այստեղ աշխատող մարդիկ այլեւս չեն կարողանում գոյատեւել իրենց ստացած վարձատրությամբ: Պոլիկլինիկաներ փակելու, բուհերի շենքերը վերցնելու ծրագրեր են քննարկվում, ինչը նշանակում է՝ այդ շենքերը վաճառքի դնելու պլաններ են մշակվում: Բանակից մեծ հոսունություն կա, եւ զինծառայողները հոգեբանական ընկճված վիճակում են: Հոսանքի, ջրի անջատումները, տրանսպորտի խափանումներն այնքան են հաճախացել, որ մարդիկ անընդհատ 90-ականներն են հիշում: Սպառողական գներն ամեն օր փոխվում են` դեպի վեր ձգտելով, եւ մարդիկ սարսափով են հետեւում դրանց աճին ու ձմռան մոտենալուն: Լավագույն բժիշկները եւ, առհասարակ` լավագույն մասնագետները կա՛մ արդեն հեռացել են երկրից, կա՛մ հեռանալու ծրագրեր են մտմտում: Նոր բիզնես ձեռնարկներ, ներդրումներ, պրոյեկտներ գրեթե չկան երկրում: Հին ու կայացած ընկերություններն անգամ ֆինանսական դժվարություններ ունեն եւ զարգացման մասին անգամ չեն մտածում: Քովիդն է նորից գլուխ բարձրացնում: