Վատ պարողին միշտ մի բան խանգարում է

Վատ պարողին միշտ մի բան խանգարում է

Որքան փորձում ես բանավեճից հեռու մնալ, մի առիթ հակառակի պես ներկայանում է: ,,Ասում եք` Կարսը ո՞նց եղավ, Սարիղամիշը ո՞նց եղավ... Ծովից-ծովը ո՞նց եղավ...

Այ, հենց ըսե՛նց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք..․ հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք, ուրացաք`բարիշեցի՞ն... Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք»- ֆեյսբուքում գրել է դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը:

Եղբայր, 1920թ. մայիսի 5-ից Հայաստանի խորհրդարանը ցրված էր, կոմունիստկան կուսակցության գործունեությունը՝ կասեցված: Խմբապետ Սեպուհն արյան մեջ խեղդել էր ապստամբությունը, ղեկավարները ձերբակալված-գնդակահարված կամ Տաթեւի ժայռից անդունդը նետված էին: Փրկվածներն անցել էին Ադրբեջան: Խատիսյանի կառավարությունը հրաժարակն էր տվել, իշխանությունն ամբողջովին անցել էր ՀՅԴ Բյուրոյին, որ երկրում հիմնել էր զինվորական դատարաններ, վերականգնել մահապատիժը: Օգոստոսի 10-ին Բյուրո-կառավարությունը զինադադարի պայմանագիր էր ստորագրել բոլշեւիկյան Ռուսաստանի հետ՝ Արցախի, Սյունիքի եւ Նախիջեւանի պատկանելիության հարցի շուրջ հետագա բանակցությունների պայմանով: Ամբողջ երկրում հաստատված էր դաշնակցական մենիշխանություն:

Քեզ ո՞վ էր խանգարում՝ կարգի բերեիր բանակդ: Մանավանդ որ բրիտանացիները քեզ թողել էին ընտիր հանդերձանք, պարեն, զենքի-զինամթերքի պակաս չկար: Քեզ ո՞վ էր խանգարում, որ ընդունեիր Քեմալի հետ բանակցություններում միջնորդ հանդիսանալու բոլշեւիկների առաջարկը: Քեզ ո՞վ դրդեց, որ սեպտեմբերի 26-ին Սարիղամիշի ուղղությամբ անցնեիր թուրքերի դեմ հարձակման, եթե վստահ չէիր, որ բանակդ կարգապահ ու կառավարության հրամանին ենթակա է: Քեզ ո՞վ էր ստիպում իրական քաղաքականության հրամայականն անտեսես եւ հավատաս Սեւրի պայմանագրին: Քեզ ո՞վ է դրդում այսօրվա բանակում մի քանի ցավալի դեպքերից հարյուր տարվա վաղեմության իրավիճակի ուրվապատկեր գծել եւ ահ տալ հանրությանը: Ոչ ոք մեղավոր չէ, որ միջազգային քաղաքականության մեջ Դաշնակցությունն ակնհայտի վատ պարող էր: Վատ պարողին ինչ-որ բան միշտ խանգարում է: Երեւում է՝ նաեւ այսօր: