Հեղափոխության 100 գույները․ երբ վարչապետը նաև սեքսոլոգ է

Հեղափոխության 100 գույները․ երբ վարչապետը նաև սեքսոլոգ է

Պաշտոնավարման մեկ տարվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիս էր հրավիրել եւ այն սկսեց ներածական խոսքով ու ներկայացրեց «100 փաստ նոր Հայաստանի» մասին։ Փաշինյանն առանձնացրել էր անցած մեկ տարվա կարեւորագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո։ Ավելի քան 5 ժամ տեւած ասուլիսի մեկ ժամը նա նվիրեց այդ կետերի ընթերցանությանը․ սկզբում տնտեսական ցուցանիշները՝ ստվերի կրճատում, բյուջետային եկամուտների աճ, 51 հազար աշխատատեղերի ստեղծում, տնտեսական մենաշնորհների վերացում եւ այլն։ Ապա շարունակեց  սոցիալական եւ այլ ոլորտներում իրականացված փոփոխությունների թվարկմամբ։ Պարզվեց, որ նոր Հայաստանի ակնհայտ ձեռքբերումներից է նաեւ ամուսնությունների աճը, ամուսնալուծությունների նվազումը, գրքերի վաճառքի աճը, այն, որ վարչապետը եւ նրա ընտանիքի անդամներն աշխատում են կրել հայկական արտադրության հագուստ՝ «քաջալերելով ոլորտի զարգացումը եւ մասնագետներին», եւ այն, որ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, «բացառությամբ հատուկ դեպքերի», երբ ինչ-որ տեղից ուշանում են, նաեւ այն, որ վարչապետը՝ որպես վկա, ներկայացել է դատարան, ինչը Փաշինյանի բնորոշմամբ՝ աննախադեպ երեւույթ է։ Եվ առհասարակ՝ Հայաստանի բնակչության երջանկության ինդեքսն է բարելավվել։ 

Հետո սկսվեց Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների հարցուպատասխանը, եւ այս իդեալական պատկերը փոքր-ինչ մթագնվեց։ Նրան հիշեցրին, որ ընդդիմադիր գործչի կարգավիճակում ինքը հաճախ էր ասում, թե թքած ունի բոլոր պուպուշ վիճակագրությունների վրա, դրանից միջին վիճակագրական քաղաքացու կյանքը որքանո՞վ է փոխվել։ Փաշինյանը նորից սկսեց թվարկել 100 կետերը, ամեն թվարկածից հետո անորոշ հարցադրում անելով՝ արդյոք սա քաղաքացու կյանքը փոխե՞լ է, թե՞ չի փոխել։ Լրագրողներից մեկը նկատեց, որ Փաշինյանի 100 փաստերից մի քանիսը չեն համապատասխանում իրականությանը, երբ վարչապետը պահանջեց օրինակ նշել, հիշեց՝ «պատմամշակութային կոթողների վերացումը բացառված է», եւ օրինակ բերեց Արամի 23 շենքի պատի քանդումը։ «Ներողություն, բայց մեր կառավարության օրոք դրա հետ կապված՝ տակից քանդելու պրոցես չի եղել, հին քանդածի արդյունքում քանդվել է»,- արդարացավ կառավարության ղեկավարը։ Ցավոտ արձագանքեց նաեւ սուպերվարչապետական  համակարգից չհրաժարվելու մասին հարցին, մինչդեռ ամիսներ առաջ ինքն էր հայտարարել, որ պետք է ԱԱԾ-ն եւ ուժային մարմիններն ինքնուրույն նախարարություններ դառնան, համակարգը փոխվի, թե չէ՝ ինչո՞վ են տարբերվելու նախորդներից։ Փաշինյանը նյարդայնացավ, թե իրենից ի՞նչ սուպերվարչապետ՝ դեմոկրատական համակարգում սուպերվարչապետներ չեն լինի․ «Ինչո՞ւ՝ սուպերվարչապետը կանգնո՞ւմ է լուսացույցի կարմիր լույսի տակ» (մինչ այդ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր շարասյունը կանգ է առնում լուսացույցի տակ)։ Ապա շարունակեց թվարկումը՝ մամուլի ասուլիսում ձեզ նախապես հարցեր չեն բաժանում։

Վերջին 30 տարում քանի՞ անգամ է նման ասուլիս եղել։ Փաշինյանի կարծիքով, սուպերվարչապետությունն այն է, երբ բիզնեսներ են բաժանում, փայ են մտնում, բիզնեսը խլում են, նշանակում են դրածոներ, տնօրինում են քրեական գործերը եւ դատավճիռները։ Սուպերվարչապետությունը հերքող փաստ է նաեւ այն, որ Բաղրամյան 26-ի նստավայրը վերադարձրել են նախագահին, ԱԺ եւ նախագահի նստավայրի դռները բաց են։ «Համակարգը, որը ես քննադատել եմ, առաջին հերթին նկատի ուներ թվարկածս»,- եզրափակեց նա։ «Չեմ ուզում մտածել, որ սուպերվարչապետի լիազորությունները վերջանում են կարմիր լույսի տակ կանգնելով»,- հակադարձեց լրագրողներից մեկը՝ կրկին հիշեցնելով Փաշինյանի նախկին հայտարարությունները եւ ասելով․ «Նախկին իշխանության պատգամավորներն էլ էին կանգնում կարմիր լույսի տակ»։ «Կարմիր լույսի տակ կանգնելը մի օրինակ բերեցի որպես»,- արդարացավ Փաշինյանը։ 

Վարչապետն ի վերջո գաղտնազերծեց, թե ինչու ԱԱԾ-ին առանձին կարգավիճակ չի տալիս, քանի որ չի ուզում «ունենալ նոր Սերժ Սարգսյան», Փաշինյանը բացատրեց, որ ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը, հիմա էլ եթե այդ պաշտոնում քաղաքական պաշտոնյա նշանակվի, ապա այդ լծակներն օգտագործելու է սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար: Նույն տրամաբանությամբ հիմա այդ լծակները կենտրոնացված են Փաշինյանի ձեռքում, հետեւաբար, պետք չէ այդքան նեղվել «սուպերվարչապետական» տերմինից, հատկապես, որ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պարոն Փաշինյանը, թեկուզ երեկվա ասուլիսի ընթացքում, ապացուցեց, որ ինքն էականորեն տարբերվում է նախկիններից, որ ինչպես ինքն էր ասում, նախապես պլանավորված հարցերով ասուլիս չէր հրավիրել, որ պատասխանում էր ցանկացած հարցի, տեղ-տեղ՝ «կռուտիտներով», տեղ-տեղ՝ դեմագոգիայով, անգամ չխորշեց սեքսոլոգիական խորհուրդներից՝ հանրահայտ «Իմ մարմինն անձնական է» գրքի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելիս ասելով, որ իմպոտենցիայի 90-ից ավելի տոկոսի պատճառն ամուսնական առաջին գիշերն է, ավելի ճիշտ՝ այդ օրը սեռական պատշաճ իմացությունների բացակայությունը․ «Սա էլ ավանդական ընտանիքի հետեւանքն է»։ Ուստի սեռական դաստիարակության վերաբերյալ ցանկացած ձեռնարկ անհրաժեշտ է։

Տնտեսական հեղափոխության մասին էլ վստահեցրեց, որ մեկնարկը սպասվածից ավելի դրական նոտաներով է եղել, սակայն չհիշեց, թե մեկ տարվա ընթացքում քանի գործարան է կառուցվել, կամ կոնկրետ ինչ չափի ներդրումներ են կատարվել ընտրություններից հետո։ Փոխարենը կրկին հայտարարեց, որ ինքը որեւէ բիզնեսում «օրթախ» չէ, փայ չի մտնում, որ ինքը բանտում կհայտնվի, եթե իր վարչապետության ընթացքում իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր դառնա։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցադրումների ժամանակ էլ տեղ-տեղ կորցրեց ինքնատիրապետումը։ «Ո՞ր Քոչարյանի մասին է,- հեգնական հարցրեց նա,- էն, որ Մեղրին հանձնելու ծրագի՞ր էր մշակում»։ Նախկինների մասին էլ խոսեց նույն բառապաշարով՝ «սերմացու գողացող մկներ», թալանչիներ, «ո՞վ են դրանք», եւ ոտքի վրա լուծարեց ՀՀԿ-ն՝ ասելով․ «ՀՀԿ-ն կասեցնելը պոզով-պոչո՞վ է լինում»։

ՄԵՐ ՆՄԱՆԸ ՉԿԱ

Փաշինյանն ակնհայտ նյարդային էր արձագանքում կադրային քաղաքականության մասին հարցադրումներին, երբ հետաքրքրվեցինք՝ գործո՞ւմ է արդյոք հստակ չափանիշ, սկզբունք, որոնցով առաջնորդվում է իշխանությունը կադրերի հարցում։ Մասնավորապես դեսպանների պաշտոններում շարունակում են մնալ մարդիկ, որոնք քաղաքական գործիչներ են եղել, դիվանագետներ չեն (Գեղամ Ղարիբջանյան, Ռուբեն Սադոյան, Արտաշես Թումանյան), մինչդեռ

Փաշինյանը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է աշխատեն դիվկորպուսում: «Դուք նշում եք, որ ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանա, բայց նրանից ավելի տարեց ռեկտոր՝ պոլիտեխնիկի 73-ամյա ռեկտորի եւ Ձեր միջեւ ջերմ հարաբերություն տեսանք: Որոշ պաշտոնյաներ աղմկոտ պատմությունների մեջ են հայտնվում, օրինակ՝ Արարատի մարզպետը, Քաղավիացիայի պետ Ռեւազյանը, որն իր աշխատողների հետ լատինատառ հայերենով է շփվում: Արաբկիրի թաղապետի դեմ ողջ կոլեկտիվն ըմբոստանում է, բայց Դուք չեք ուզում վերանայել Ձեր կադրային քաղաքականությունը»,- հարցրինք մենք։ Ի պատասխան, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի կեսը մյուս կեսի հետ լատինատառ է շփվում: Մենք պաշտոնական նամակագրության մեջ ենք, ինքը ոչ մի անգամ ինձ լատինատառ նամակ չի գրել: Եթե տեղյակ եք՝ ինձ ցույց տվեք լատինատառ նամակը, ես կհասկանամ, թե ինչ է: Այո, մարդը կարող է ինչ-որ թվի չտիրապետի, եւ ի՞նչ: Ասում եք՝ պաշտոն եք տալիս ինձ հետ քայլողներին: Հիմա Գեղամ Ղարիբջանյանն ինձ հետ քայլե՞լ է: Ես Ձեր ասածից հասկանում եմ, որ պետք է գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, նրանց, որոնք չեն քայլել, գործից ազատեմ նրանց, որոնք երիտասարդ են, եւ ազատեմ նրանց, որոնք տարիքով են: Ես կգնահատեմ եւ երբ կտեսնեմ, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցները սպառված են, այնտեղ, որտեղ պետք է ազատեմ աշխատանքից, կազատեմ: Բայց շատ հաճախ մեծ աղմուկ կա, բայց երբ ուզում ես հասկանաս, թե տակն ինչ կա, պարզվում է, ոչ մի բան չկա»: Եվ վստահեցրեց, որ կադրային հարցում կոմպլեքս չունի, թե ով է իր հետ քայլել, ով չի քայլել. «Դիվանագետների մասով ես ասել եմ, որ նոր նշանակումները եղել են մեր նշած չափանիշին համապատասխան»: 

Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ոճով բոլոր փաստերն ու մեղադրանքները խառնեց իրար, տարբեր սկզբունքներ ու իրավիճակներ մի կաթսայի մեջ լցրեց եւ ցույց տվեց, թե չի հասկանում մեր հարցը։ Իրականում մեր ասածն այն էր, որ կադրային խնդրում չկան հստակ չափանիշներ՝ նախկիններից մեկին, հիմնականում պրոֆեսիոնալներին, ազատում են, իսկ նորանշանակներից նրանց, ովքեր ապացուցում են իրենց ոչ պրոֆեսիոնալիզմն ու ձախողվում աշխատանքում, շարունակում են աշխատել։ Ստացվում է՝ կադրերի հարցում ո՛չ տարիքը, ո՛չ պրոֆեսիոնալիզմը չափորոշիչ չէ, չափորոշիչը քայլելն է, իրենց հետ լեզու գտնելը եւ տարբեր մութ գործոններ։