Նախկին ՄԻՊ-ը Բոլիվիայում ու Աֆրիկայում հեռուստանախագծեր է անում

Նախկին ՄԻՊ-ը Բոլիվիայում ու Աֆրիկայում հեռուստանախագծեր է անում

Տեղեկություններ ունեինք, որ Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում առաջիկայում քաղաքական 2 մեկնաբան է ավելանալու՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, ովքեր վարելու են քաղաքական հեռուստածրագիր։ Ի դեպ, Ուրիխանյանի մասին խոսակցությունը վաղուց կար, եւ նա անգամ հաստատել էր դա մեր լրագրողի հետ զրույցում։ Մեզ ասացին, որ այս գաղափարի հեղինակը ոչ անհայտ Արման Վարդանյանն է՝ «Միասնություն» շարժման նախաձեռնողը, lurer.com-ի սեփականատերը, որն այս տարիներին մշտապես եղել է Գագիկ Ծառուկյանի կողքին։ Հիշեցնենք, որ նախկինում Արման Վարդանյանը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարն էր եւ վերջին ընտրություններին եւս պետք է գլխավորեր ԲՀԿ համամասնական ցուցակը, սակայն ինչ-որ բան հետագայում փոխվեց։ 

Մեզ հետ զրույցում Կարեն Անդրեասյանը, կարելի է ասել, հաստատեց «Կենտրոն»-ում հաղորդում վարելու տեղեկությունը, թեեւ՝ վերապահումով․ «Սրանք դեռ սոսկ խոսակցություններ են, Դուք էլ նշեցիք՝ ասում են։ Այսինքն՝ սրանք ասեկոսեներ են։ Ինձ առչվող, մեկ-մեկ՝ իմ մասին խոսակցություններ կան, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են»։ Հետաքրքրվեցինք, թե ինչ տիպի խոսակցություններ են, քաղաքական հեռուստածրագրի մասի՞ն է խոսքը։ Ասաց․ «Այս պահի դրությամբ որեւէ լուրջ զարգացում որ լինի, ինձ թվում է՝ հանրությունն առաջինը կիմանա։ Այս պահին իրական զարգացումներ չկան»։ Փոխարենը պատմեց, որ ներկայումս մի շարք բիզնես-նախագծեր եւ 2 լրատվական հեղինակային նախագիծ է իրականացնում՝ Հանրային հեռուստաընկերությունում, ինչպես նաեւ՝ Քենիայում եւ Բոլիվիայում։ «Իմ հեղինակած հեռուստանախագիծն իրականացնում են իրենք, վերջերս էլ «Ալ-Ջազիրան» այդ ամենի մասին մեծ ֆիլմ էր նկարել»,- ասում է Կարեն Անդրեասյանը։

Նախագիծը, որը Բոլիվիայում եւ Աֆրիկայում հեռարձակվում է անգլերեն եւ իսպաներեն լեզուներով, լրագրողական հետաքննության մրցույթ-հեռուստանախագիծ է, որը Հայաստանում նախ արվել է shabat.am լրատվականի, ապա՝ Հանրային հեռուստաընկերության կողմից։ Կարեն Անդրեասյանն այս հեռուստատեսային ձեւաչափը ստեղծել է 2006-ին, եւ այն, փաստորեն, դարձել է միջազգային։ Հարցին, թե վաճառե՞լ է իրեն պատկանող հեռուստածրագրի հեղինակային իրավունքը լատինաամերիկյան եւ աֆրիկյան երկրների հեռուստաընկերություններին, նախկին ՄԻՊ-ն ասաց՝ չի վաճառել, թույլ է տվել, որ օգտագործեն, եւ որպես խորհրդատու՝ իրենց էլ օգնում է ծրագիրը տարբեր երկրներում տարածելու։ Նախագծերի հեղինակային իրավունքները եւ «նոու հաուն» փոխանցելու ընթացքում էլ ՄԻՊ-ն այցելել է Բոլիվիա ու Քենիա։