Դուք չե՞ք պատկերացնում Հայաստանն ու նրա շրջակայքը

Դուք չե՞ք պատկերացնում Հայաստանն ու նրա շրջակայքը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզը, թե լավագույն պաշտպանությունն անպաշտպան լինելն է, նորից գլուխ է բարձրացրել: Ահավասիկ, Էդմոն Մարուքյանը մի աննորմալ նախագիծ է ներկայացրել «պաշտպանված լինելուց հրաժարվելու» մասին, եւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այն: Ընդունելուն էլ ձեւ կա, չէ՞: Մանավանդ՝ եթե փոփոխության առաջարկը գալիս է ընդդիմությունից, ԱԺ մեծամասնական բիոզանգվածն առնվազն պետք է մեկ-երկու վայրկյան մտածի: Այս դեպքում դա էլ չարեցին ու Էդմոն Մարուքյանի առաջարկած, շատ ներողություն, ապուշությունն ընդունեցին շռնդալից ոգեւորությամբ:

Մինչ «քաղաքացիական պոլշեւիկները» (ՔՊ) կմտածեն այս ուղղությամբ, մենք կփորձենք հասկանալ, թե որտեղից ծնվեց «Անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Մարուքյանի դարակազմիկ նախագիծը: Հենց սկզբից ասեմ, որ այն ԼՀ-ում չի ծնվել, այլ ունի բավականին խորը գնացող արմատներ, որոնք հասնում են ընդհուպ մեր անկախության արշալույսները: Այնպես որ՝ ԼՀ-ն թող շատ չփքվի, Էդմոն Մարուքյանն էլ թող չփորձի ինքնամենաշնորհել այդ նախաձեռնությունը: Մինչեւ իրենց էլ փորձեր են կատարվել՝ իրականացնելու այդ խայտառակությունը: Եվ եթե, Աստված մի արասցե, այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, մենք այսօր ո՛չ ազգային բանակ, ո՛չ ազգային ոստիկանություն եւ ո՛չ էլ ազգային անվտանգության ծառայություն կունենայինք: Մենք այն ժամանակ հայտնվել էինք «լավագույն պաշտպանությունն անպաշտպան լինելն է» թեզի որոգայթների մեջ, բայց, փառք Աստծո, կարողացանք պատվով դուրս գալ եւ ստեղծել թե՛ ամուր բանակ, թե՛ ամուր ոստիկանություն եւ թե՛ բարդ տարածաշրջանում գտնվող երկրին հարիր ազգային անվտանգության ծառայություն:

Եվ ահա, երբ թվում էր, թե այս տխուր հիշողությունները մնացել են 20-րդ դարում, մեկ էլ 21-րդ դարում հայտնվում է մի ընդդիմադիր պատգամավոր եւ առաջարկում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Ոստիկանության եւ հանրային ծառայության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը, եթե ամբողջությամբ էլ չի կրկնում տերպետրոսյանական հայտնի թեզը, ապա առնվազն հող է նախապատրաստում այն իրականացնելու համար:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կարեւոր ուժային կառույցների ղեկավարներին նշանակելիս մեր երկրի ղեկավարը խոչընդոտների է հանդիպում՝ կապված վերոհիշյալ կառույցների ղեկավարներին ներկայացվող պահանջների հետ: Ուստի պետք է վերացնել այդ պահանջները, որ ՀՀ ղեկավարներն այսուհետ ԱԱԾ տնօրեն կամ Ոստիկանության պետ նշանակելիս ազատ լինեն իրենց ընտրության մեջ: Գիտությունով չալած՝ Մարուքյանը հանկարծ նպատակահարմար է գտել՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները համապատասխանաբար ԱԱ եւ Ոստիկանության մարմինների պաշտոններից հանել եւ դարձնել քաղաքական (նույնն է՝ քաղաքացիական) պաշտոններ: Եթե դժվարանում եք սա ըմբռնել, կարող եմ ավելի պարզ ասել: Մարուքյանի նախագծով, դիցուք՝ Լիլիթ Մակունցին կարելի է նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

Բայց մեղավորն այստեղ պատգամավոր Մակունցը չէ, այլ նա, ով նման ապուշ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին ներկայացնել պատգամավորի չափանիշները չգերազանցող պահանջներ: Այդ պաշտոններում Մակունցի հնարավոր նշանակման խայտառակությունից բացի, մի ուրիշ բան էլ կարող է տեղի ունենալ: Կարող են, օրինակ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ստիպել, որ նա ձեռքի հետ նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի գործն անի: Ինչ է, նախարար մարդը մի պատգամավորի չափ չկա՞: Եվ թող հանկարծ Արայիկ Հարությունյանը փորձի հակառակվել: Գործից կհանեն, տեղը Լիլիթ Մակունցին կնշանակեն, որի ներսում ամեն ինչ կա՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, ազգային անվտանգություն, ոստիկանություն… Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպաշտպանություն: Էդմոն Մարուքյանը սա է առաջարկում՝ հաշվի չառնելով մեր երկրի համար այդ օրենքի հնարավոր կործանարար հետեւանքները:

Էդմոն Մարուքյանն ուսումնասիրե՞լ է, արդյոք, անվտանգության մարմինների ղեկավարներ նշանակելու միջազգային փորձը, թե՞ սա զուտ հայկական նախագիծ է: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ում մի նահանգապետի, թեկուզ կոկորդիլոսներ սանձող, հնարավոր լինի դարձնել ЦРУ-ի տնօրեն: Մեր պարագայում առաջարկվում է պատգամավոր Լուլուի վրա գեներալի ուսադիրներ ճպպցնել եւ նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ: Ո՞ր երկրում է նման բան հնարավոր՝ Վրաստանո՞ւմ, Ադրբեջանո՞ւմ, Իրանո՞ւմ:
Մի հրաշալի անեկդոտ կա օդաչուի մասին: Աէրոֆլոտի ինքնաթիռում բորտուղեկցորդուհին դիմում է ուղեւորներին. Ես շնորհավորում եմ բոլորիդ, դուք մասնակից եք հիրավի պատմական թռիչքի, ինքնաթիռն օդ է բարձրացնելու Դիդին՝ մեր բոլորի սիրելի շիմպանզեին: Ինքնաթիռում գտնվող հայերն աղմուկ են բարձրացնում, բղավում են՝ կանգնեցրեք ինքնաթիռը, ուզում ենք իջնել… Մեկ այլ ազգության ներկայացուցիչ հանգիստ նստած է տեղը:

- Քեզ չի՞ անհանգստացնում այս ամենը,- հարցնում են նրան:

- Ոչ, ամենեւին, մեր մայրաքաղաքում իմ ազգակիցը տրոլեյբուս է վարում, եւ շատ նորմալ է:

Այսինքն՝ մենք հիմա նման պատմական թռիչքի շեմին ենք: Ընդամենը վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակված 25 տարեկան քաղաքացին կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն: Դե, մեզ մնում է չզարմանալ, որովհետեւ Վանաձորում Էդմոն Մարուքյանի ազգակիցը տաքսի է քշում, եւ դա նորմալ է: Արթուր Վանեցյանի հրաժարականը ցնցումներ է առաջացրել իշխանական շրջանակներում, եւ դա սպասելի էր: ԱԱԾ-ն պետության պաշտպանության առաջին գիծն է, եւ այդ գծի հրամանատարի հրաժարականն ամենաքիչը ապացուցում է, որ նա լուրջ խնդիրներ ունի իր պարտականությունները պատշաճ կատարելու հետ կապված: Իսկ ի՞նչը կամ ո՞վ կարող էր խանգարել նրան ծառայել իր երդմանը հավատարիմ: Վանեցյանն առողջական խնդիրներ կարծես չունի: Մնում է ենթադրել, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, ծրագրվում է, որը նա թույլատրել կամ որին մասնակցել չէր կարող: Եվ այս մտահոգությունների ֆոնին հանկարծ տարփողում են ԼՀ առաջնորդի օրենսդրական նախաձեռնությունը, որը, եթե չասենք մեր պաշտպանության առաջին գիծը վերացնելու, ապա առնվազն այն թուլացնելու եւ հետագայում ամբողջությամբ կազմալուծելու առաջարկ է: Նույնը կարելի է ասել ոստիկանապետի պաշտոնի մասին, որ նույնպես այս նախագծով դառնում է քաղաքական (քաղաքացիական) պաշտոն, եւ այն կարող է զբաղեցնել պատգամավորի նորմերին համապատասխանող ցանկացած անձ:

Ուղղակի ծիծաղելի է, երբ մտածում ես, որ ոստիկանապետի պաշտոնի համար կարող է մրցույթ հայտարարվել: Բայց մարդիկ հո հիմար չե՞ն եղել, որ սահմանափակումներ են մտցրել եւ որոշել, որ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ԱԱԾ բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում, որ Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Ի վերջո փաստ է, որ սա հիմնված է միջազգային ու համաշխարհային փորձի վրա, ոչ թե Էդմոն Մարուքյանի՝ ծաղրանկար հիշեցնող օրենսդրական նախաձեռնությունը, որով թուլանում է պետությունը թե՛ դրսից եւ թե՛ ներսից:

ԱԺ «քաղաքացիական պոլշեւիկների» խմբակցությունը նետվեց պաշտպանելու Մարուքյանի նախաձեռնությունը: Կառաջարկեի հարցնել նաեւ ՀԱԿ-ի կարծիքը, բայց վստահ եմ, որ այնտեղ երկու ձեռքով եւ երկու ոտքով կողմ կլինեն, որ սա դառնա օրինագիծ, եւ սկիզբ դրվի Տեր-Պետրոսյանի հայտնի թեզի իրականացման գործընթացին:
Պարոնայք, դուք իսկապե՞ս ապուշ եք, չե՞ք պատկերացնում Հայաստանն ու նրա շրջակայքը: