4 տարի «փոսի մեջ եմ եղել»

4 տարի «փոսի մեջ եմ եղել»

Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը, ով ուրբաթ օրն ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց, ճաղերի հետեւում 4 տարի անցկացնելուց հետո, մեր զրույցի ժամանակ կնոջ հետ զբոսնում էր Երեւանում։ Ասաց, որ փորձել է բժիշկներին դիմելուց առաջ մի քանի օրը «շնչել» Երեւանի օդը։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Վարդանյանի գլխավորությամբ 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել (գործով ամբաստանյալի աթոռին էին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը եւ եւս 17 անձ): ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր զինված խմբով ցանկացել է թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության եւ Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ 

Մեզ հետ զրույցում Արթուր Վարդանյանն ասաց, որ այս օրերին  զբաղվելու է առողջական խնդիրներով, ուստիեւ առայժմ զերծ կմնա հարցազրույցներ տալուց, սակայն մի քանի հարցերի պատասխանեց։ Զրույցից պարզվեց, որ Արթուր Վարդանյանը չի կարող հետազոտվել, քանի որ անձնագիրն իրեն չի վերադարձվել։ «Անձնագրի հարց էի լուծում, անձնագիր է պետք՝ անձը հաստատող փաստաթուղթ, որպեսզի կարողանամ բուժում ստանալ, հարկ եղած դեպքում՝ նաեւ ստացիոնար։ Դեռ սպասողական վիճակ է, վաղը կտեսնվեմ բժիշկների հետ, ստուգումներ կանցնեմ տարբեր հիվանդանոցներում»,- ասաց նա։  

Բանտում անցկացրած 4 տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել՝ Կրոնի հիվանդություն, սրտի առիթմիկ տախիկարդիայի ախտանշաններ, սրացման պրոցեսում ֆուրունկուլյոզ՝ բարձր ջերմությամբ, արյան ճնշման տատանումներ, ոտքերն են այտուցվում, մի «ոտքի բութ մատն էլ ինֆեկցիոն վիճակում է»։ «Ինչ ունեմ, ձեռք եմ բերել կալանավայրում, ես որեւէ հիվանդություն, առհասարակ, չեմ ունեցել։ ․․․Ինչո՞ւ․ որովհետեւ կալանքն ընդհանրապես լավը չի լինում»,- իր առողջության մասին գրեթե սեւ հումոր արեց Արթուր Վարդանյանը։ Նա ճաղերի հետեւում վերջին 4 տարուց 2․5-ն անցկացրել է նախկին իշխանությունների օրոք, մոտ 1,5-ը՝ նորերի։ 

Հարցրինք՝ բանտում զգացվո՞ւմ էր, որ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, կալանավայրում, կալանավայրի պայմաններում ինչ-որ բան փոխվե՞ց։ «Այո, կար տարբերություն եւ տարբերություն կար ամեն ինչում, իհարկե, մեկուսարանի վերաբերյալ բողոքներ գրեթե չունեմ»։ Հարցին էլ, թե ինչու ամենավերջինը հայտնվեց ազատության մեջ, ասաց, որ ինքը չի համաձայնել։ «Ես ասացի՝ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, դուրս չեմ գալու։ Այսինքն՝ որ միջնորդություն չներկայացնեն, քանի որ այդպես նրանց դուրս գալու հնարավորությունն ավելի մեծանում էր»։

Հարցրինք նաեւ՝ կալանավայրում իրավիճակ էր փոխվել նոր Հայաստանի պայմաններում, իսկ Հայաստանո՞ւմ՝ դուրս գալուց հետո տեսածով։ Այս հարցին նա դժվարացավ պատասխանել, քանի որ, ասաց՝ նոր է ազատվել, 4 տարի «փոսի մեջ է եղել», մեկուսացված է եղել ամեն ինչից ու ինֆորմացիայից․ «Կխնդրեմ ինձ տալ մի քիչ ժամանակ, որից հետո խոստանում եմ տալ գնահատականներ, պատասխաններ»։