Գոնե 5 անդամ պետք է մասնակցի, որ ՍԴ նիստը համարվի իրավազոր

Գոնե 5 անդամ պետք է մասնակցի, որ ՍԴ նիստը համարվի իրավազոր

Մենք գրել էինք, որ Սահմանադրական դատարանում վատ իմաստով իրավիճակ է փոխվել՝ իրական ճգնաժամ է ձեւավորվել, որն արտահայտվում է ամեն ինչում։ Երեկ ներկայացրել էինք, որ ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է լռեցնել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այսուհետ մեր հարցերին պատասխանելու է միայն գրավոր կամ ՍԴ նախագահի ԺՊ Աշոտ Խաչատրյանի թույլտվությամբ․ այդպես է որոշվել վերջին փոփոխություններից հետո։ Բայց սա միակ «փոփոխությունը» չէ ՍԴ-ում։

Հրայր Թովմասյանին ուժով ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ ՍԴ երեք անդամներին առհասարակ ՍԴ-ից հեռացնելուց հետո ՍԴ-ում աշխատանքը բառի բուն իմաստով կաթվածահար է եղել։ Իսկական ճգնաժամը, որի մասին մոտ մեկ տարի շարունակ շեփորահարում էին նոր իշխանությունները, հիմա է սկսվել ՍԴ-ում։ Նիստեր չեն կայանում, քվորում չի լինում, դատավորներն աշխատանքի չեն գնում, արդյունքում Հայաստանի բարձր դատարանն իր գործառույթները փաստացի չի իրականացնում։ Հենց այս թեմայով մենք երեկ, որքան էլ պարոն Ղազարյանը չէր ցանկանում խոսել, նրան մի քանի հարց ուղղեցինք ու կորզեցինք մի քանի բանավոր պատասխան՝ ի հեճուկս ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի։
Հարցին՝ Հրայր Թովմասյանը գալի՞ս է աշխատանքի, Ղազարյանն ասաց՝ այո։

Իսկ նիստեր կայանո՞ւմ են։ Պարոն Ղազարյանն ասաց, որ երեկ իրենց մոտ նիստ էր նշանակված՝ «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, որը, զարմանալիորեն, կայացել է, քանի որ քվորում եղել է։ Մինչդեռ նկատենք, որ տեւական ժամանակ քվորում չէր լինում, ու նիստերը տապալվում էին։ ՍԴ-ից մեզ լրացուցիչ ասացին նաեւ, որ դատավորների մի մասն այս ընթացքում գտնվում էր արձակուրդում, հիմա վերադարձել են ու մասնակցում են նիստերին։ Խոսքը, իհարկե, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի մասին է, որոնց օրենքի խախտումով, մի գիշերվա մեջ Ազգային ժողովը զրկեց ՍԴ անդամի կարգավիճակից։

- Իսկ ՍԴ-ին առնչվող՝ ԱԺ-ի ընդունած փոփոխությունների հարցով, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած դիմումը ե՞րբ է քննվելու։

- Այդ գործը մուտք է արվել Սահմանադրական դատարան եւ գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

- Ինձ ասացին, որ Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի պատասխանը ՍԴ-ն դեռ չի տվել, այն դիմումի, որը փաստաբանները խնդրել էին հետ վերցնել, որպեսզի չխանգարի քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությանը։ Ինչո՞ւ չեք պատասխանում դիմումին։

- Որովհետեւ Սահմանադրական դատարանը, որպեսզի ցանկացած դիմում հետ վերադարձնի դիմող սուբյեկտին, այդ որոշումը պետք է կայացնի աշխատակարգային նիստում։ Իսկ Սահմանադրական դատարանը հունիսի 30-ից մինչեւ հիմա ոչ մի իրավազոր աշխատակարգային նիստ չի ունեցել, որպեսզի որոշում կայացնի։

- Իսկ ինչո՞ւ չի ունեցել, որովհետեւ քվորո՞ւմ չի եղել։

 - Այո։

- Հիմա գործող քանի՞ անդամ կա ՍԴ-ում, պարոն Ղազարյան։

- Էդ հարցին բեր ես գրավոր պատասխանեմ։

- Դուք չգիտե՞ք անդամների թիվը։

- Մենք ֆիքսում ենք էն մարդկանց, ովքեր որ գալիս են դատարանի նիստերին։

- Իսկ քանի՞սն են գալիս այս պահին։

- Մինչեւ հիմա չորսն են եկել։ Քվորման համար առնվազն հինգ անդամի ներկայություն է պետք, որպեսզի նիստը լինի իրավազոր։