Ապաքաղաքական կառույց, որը քաղաքական գնահատականներ է տալիս

Ապաքաղաքական կառույց, որը քաղաքական գնահատականներ է տալիս

Այսօր տեղի ունեցավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ասուլիսը։ Մենք քանիցս գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկած մի շարք պաշտոնաթող սպաներ՝ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը և այլք, որոշել են այսպիսի ՀԿ ստեղծել, որում կընդգրկվեն ԱԱԾ բարձրաստիճան սպաներ։ Կազմակերպության խորհրդի անդամ է նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ասուլիսին ներկա էին Միքայել Համբարձումյանը, գեներալ-մայոր, ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, որն ընտրվել է ՀԿ-ի խորհրդի նախագահ։ Եպիսկոպոսյանի ռուսական կրթությունը խանգարում էր նրան եւ նա մի փոքր դժվարությամբ ընթերցեց իրենց հայտարարության տեքստը, թե որն է նորաստեղծ ՀԿ-ի նպատակը, առաքելությունը և ինչով են իրենք զբաղվելու։ Ու թեև Եպիոսկոպոսյանը ի սկզբանե հայտարարեց, որ իրենք ապաքաղաքական կառույց են, սակայն ոչ միայն Վանեցյանի ներկայությունը, այլև իրենց հնչեցրած գնահատականներն ու հայտարարություններն առավել քան քաղաքական ուղղվածության մասին էին հուշում։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե կազմակերպությունը մենք ստեղծել ենք որպես ապաքաղաքական կառույց, սակայն կյանքը բերում է իր անհրաժեշտ խմբագրումները։ Այսպես, երկրի շահերով մտահոգ, սույն թվի փետրվարին մենք պահեստազորում գտնվող բարձրաստիճան սպաների պատկառելի կազմով միացանք ՊՆ գլխավոր շտաբի պահանջներին՝ գտնելով, որ առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, երկրում քաղաքական կայունություն հաստատելը կարող է լինել միայն գործող իշխանության հրաժարականի դեպքում։ Մենք ցավով ենք արձանագրում, որ ապաշնորհ կառավարման արդյունքում երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիական հասարակությանը հասցված է կործանարար հարված, որի մեղավորության մեջ գործող իշխանությունները տեսնում են ամեն մեկին, բացի իրենցից»,-քաղաքական գնահատականներ հնչեցրեց Եպիսկոպոսյանը՝ բարի խորհուրդ տալով իշխանություններին՝ չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ։

Նա նաև հայտարարեց՝ մոլագար պոպուլիստներին իրենք չպիտի թույլ տան ուտել մարդկանց միտքն ու ուղեղները, շարունակել հասարակությանը բաժանել նախկինների և նորերի, սևերի և սպիտակների, գայլերի և գելխեղդների, ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի հետ։ Ելույթի մյուս հատվածն արդեն գեղարվեստական էր և պաթետիկ զեղումներով լի։

Հրանտ Եպիսկոպոսյանը նաև ներկայացրեց իրենց ձևավորած կառույցի նպատակները՝ ազգային անվտանգության համար ակնհայտ սպառնալիք հանդիսացող մարտահրավերներին դիմագրավելը, արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող հակազգային կառույցների գործունեության մասին փաստեր հավաքելու աշխատանքներ կազմակերպելն ու լուսաբանելը, երկրի ռազմական հզորությունն ամրապնդելը, պահեստազորային սպայակազմի կարող ուժերի փորձն ու գիտելիքները երկրին ծառայեցնելը և այսպես շարունակ։

Մինչ կշարադրեինք մեր հարցերը, նախ նկատեցինք, որ մենք սովոր չենք տեսնել ԱԱԾ բարձրաստիճան սպաների, որոնք ասուլիս են տալիս, հարցերի են պատասխանում, հրապարակավ են հանդես գալիս։ Հիշեցրինք՝ դեռ Գորիկ Գուրգենիչի թվերից մեզ համար ԱԱԾ-ն փակ կառույց էր, ԱԱԾ պաշտոնյաները չէին շփվում լրագրողների հետ,  միայն Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելով փոխվեց այդ կարծատիպը, երբ ԱԱԾ տնօրենը սկսեց հրապարակավ հանդես գալ ու հարցազրույցներ տալ։ Թե որքանով էր դա տեղին՝ գնահատման հարց է։ Ուստի հարցրինք՝ որքանո՞վ է նորմալ, որ ԱԱԾ պաշտոնաթող սպաները հասարակական կազմակերպություն են ստեղծում, ակտիվ գործունեության դաշտ են մտնում, առավելևս՝ քաղաքական գնահատականներ են հնչեցնում։ Հնարավո՞ր է, որ այս կառույցը արտահերթ ընտրություններին աջակցի որևէ քաղաքական ուժի։ Նաև հարցրինք՝ արդյոք ուշացած չէ՞ ԱԱԾ նախկին պաշտոնյաների կողմից երկրի առջև ծառացած վտանգների մասին հայտարարություններ անելը, երբ իրենք աշխատում էին՝ հայտարարություն չէին անում իրենց մատնանշած այդ «արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող հակազգային կառույցների գործունեության մասին», ինչո՞ւ չէին ձերբակալում երկրի անվտանգությանը սպառնալիք հանդիսացող անձանց։

«ԱԱԾ-ն միշտ եղել է փակ կառույց, և ես գտել եմ՝ ճիշտ կլինի, որ մենք լրագրողների հետ այդքան մոտիկից չշփվենք։ Մենք ունենք մամուլի կենտրոն, որի միջոցով լրագրողները կարող էին գալ շենք, եթե տվյալ պաշոնյան ուզենա իրենց հետ հարցազրույց անել։ Ինչ վերաբերում է, որ կգա պահը և մենք ինչ-որ քաղաքական ուժի կաջակցենք, ապա մենք ներկա պահին չենք տեսել որևէ կուսակցության ծրագիր։ Եվ էդ ծրագրի մեջ անպայման պետք է լինի ազգային անվտանգությանը վերաբերյալ դրույթներ։ Մենք ինքներս էլ չգիտենք՝ ընտրությունները լինելո՞ւ են, թե՞ ոչ»,-մեր հարցին պատասխանեց Հրանտ Եպիսկոպոսյանը՝ չբացառելով, որ եթե որոշեն որևէ ձևաչափով մասնակցել ընտրություններին, ապա այդ մասին նախապես կհայտարարեն, թե որ ուժին են սատարում։

Արթուր Վանեցյանն էլ նախ հիշեցրեց, որ երբ ինքը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, դա սովորական նշանակում չէր, երկրում տեղի էին ունեցել մեծ փոփոխություններ, հեղափոխություն, որը հիմա են հասկանում, որ հեղաշրջում էր, և մեր բնակչության շրջանում կար մի կարծրատիպ, որ իրենց նույնականացնում էին նախկին վատ բարքերի, ռուսական KGB-ի և այլնի հետ, և կար խնդիր, որ կոտրեն այդ կարծրատիպը, որպեսզի ԱԱԾ-ին մարդիկ սկսեն վստահել, հավատալ։ Եվ կարճ ժամանակում, ըստ Վանեցյանի, ԱԱԾ-ն դարձավ ամենահեղինակավոր կառույցներից մեկը։ Հարցրինք նաև՝ ի՞նչն էր խանգարում այն ժամանակ իրենց, երբ պաշտոնի էին, ձերբակալել երկրի անվտանգությանը սպառնալիք հանդիսացող անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որին ոմանք այսօր մեղադրում են դավաճանության մեջ։ Ինչո՞ւ չարեցին դա այն ժամանակ, երբ դրա հնարավորությունն ունեին, Վանեցյանն ասաց․ «Ինչու չձերբակալեցի՞նք․․․ տեսեք՝ ինչ է կատարվում երկրում, կա մարդկանց մի մոլորված զանգված, որոնք մինչև հիմա դեռեւս մոլորության մեջ են։ Երկիրը կործանման տարած, Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած անտաղանդ կառավարիչներ, որոնք այսօր շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներից զուտ մի պատճառով, որ այս տարիների ընթացքում մարդիկ մոլորեցվել են, և այսօր եւս ունենք մարդկանց մի զանգված, որոնք մոլորյալներ են»։

Միքայել Համբարձումյանը շատ ավելի հստակ ու իրավաբանական ձևակերպում տվեց՝ թե ինչու ինքը պատերազմից հետո, լինելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, չի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ «Իմ պաշտոնավարման ժամանակ ես քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չեմ տեսել»,-կարճ ասաց նա։

Մինչդեռ ԱԱԾ աշխատակցի, բարձրաստիճան սպայի եւ փորձառու իրավաբանի  առավելությունը դրանում պետք է լինի՝ որ դավաճանությունն ու պետության շահերի դեմ քայլերը ժամանակին կանխազգա ու կանխի, այլ ոչ թե շարքային քաղաքացու նման` պոստֆակտում արձանագրի։