Պետությունը չի հարգում մեր սեփականության իրավունքը

Պետությունը չի հարգում մեր սեփականության իրավունքը

«Դուրս է գալիս, որ այս պահին պետությունը չի հարգում սեփականության իրավունքը, որը իրենք պետք է սահմանադրորեն պաշտպանեն»,- խնդիրն այսպես ձևակերպեց «Խոր արմատ» ՍՊԸ փոխտնoրեն Մխիթար Բուդաղյանը։ Բանն այն է, որ, Բուդաղյանի պնդմամբ, ընկերությանը պատկանող տարածքը տարիներ շարունակ օգտագործվել է նախ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, իսկ այժմ էլ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից:

Սեփականության գրանցումից հետո պարզվել է, որ մինչև ընկերության կողմից գույքը ձեռք բերելը այդ տարածքում գտնվող ջրի երկաթբետոնե տարողությունը և հորերը սկսել է օգտագործել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Տարածքում կատարվել է շինարարություն, իսկ շինություններն ավարտելուց հետո այն անվանել է «Բերդավանի պոմպակայան» ու սկսել շահագործումը, ապա որոշել է դիմել՝ հողատարածքը սեփականաշնորհելու համար, մինչդեռ այն «Խոր արմատ» ՍՊԸ սեփականությունն է։ 

«1998 թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղում գտնվող «Նոյեմբերյանի կոմբինատը» դատավճռով որոշվել է, որ պետք է վաճառվի, որպես մեկ միավոր գույք վաճառվել է անհատ անձի։ Հողը եղել է արտադրական նշանակության, ու որպեսզի գործարանի պրոֆիլը պահպանվի, որպես մեկ միավոր գույք վաճառվել է այդ անձին՝ որպես սեփականություն։ Այն ժամանակ այդ գործարանը ունեցել է նաև 3 հատ արտեզյան ջրհոր, որտեղից ջուրը լցրել են գործարանի ջրավազանի մեջ ու օգտագործել են գործարանի կարիքների համար։ 2000 թվականից սկսած «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն առանց որևէ թույլտվության այդ մարդու հողատարածքի մեջ ինքնակամ շինություններ է սարքում՝ քլորակայան, պոմպակայան, և ենթակայան։ Այդ մարդու արտեզյան հորերը օգտագործում են, երկաթբետոնյանը ջրավազանը օգտագործում են, և ջուր են մղում շրջակա բնակավայրերին, փող են աշխատում։

 2003 թվականին այդ մարդը գործարանը վաճառում է, վաճառելուց առաջ սեփականության վկայականի կրկնօրինակ է հանում, կրկնօրինակի մեջ արտեզյան ջրհորները արդեն չեն երևում, որովհետև նախկին վկայականում որպես առանձին սեփականություններ են երևացել, բայց քանի որ արտեզյան ջրհորները գտնվում են գործարանի  տարածքից մի քիչ հեռու, դրա համար վկայականի մեջ ջրհորները չեն երևում։ Այդ մարդուց 2005 թվականին տարածքը մենք ենք գնում։ Գնելուց հետո՝ մի քանի տարի, մենք էլ բան չէին ասում «ջրմուղին»՝ մտածելով, որ ժողովրդին ջուր են տալիս։ Հետո մի օր իմանում ենք, որ գյուղապետարանից հասցե են ուզել, որ այդ հողը իրենցով անեն, սեփականաշնորհեն։ Այդ ժամանակ մենք իրենց ասացինք՝ կամ վարձ տվեք, կամ դուրս եկեք մեր տարածքից։ Իրենք 2014 թվականին դիմեցին կադաստր, թե ի՞նչ իրավունքով է ջրային համակարգեր հանդիսացող «Բերդավան պոմպակայանը» վաճառվել «Խոր արմատ» ՍՊԸ-ին։ Կադաստրը պատասխանել էր, որ դա «Բերդավան» պոմպակայան չի եղել, դա մասնավոր սեփականություն է եղել, մարդիկ վաճառել են, «Խորարմատ» ՍՊԸ-ն էլ գնել է, այդտեղ որևէ խնդիր չկա։ 

Իրենք այդ դատը պարտվեցին։ Դրա հետ մեկտեղ կադաստրը իրենց նաև ասել էր, որ դա ոչ թե ջրային տարածք է, այլ արտադրական նշանակության տարածք։ Իրենք շինարարություն են արել առանց թույլտվության, առանց ավարտական ակտի, առանց համայնքի ղեկավարի թույլտվության, մի խոսքով՝ այդ շինությունները ունեն բոլոր հատկանիշները, ինչը բնորոշ է ինքնակամ կառույցին։ 2015 թվականին մենք դիմեցինք դատարան, կադաստրի որոշումը արդեն կար մեզ մոտ, պահանջով, որ մեր սեփականությունից իրենց վտարեն, դրանից հետո իրենք հակընդդեմ հայցով մտան դատարան, սերվիտուտ պահանջեցին, քանի որ իրենց կառույցը մեր հողի մեջ էր գտնվում։ Իրենք ուզում էին ցույց տալ, թե դա իբր պետական սեփականություն է, և որ մեր հողը օգտագործելու իրավունք ունեն։ Դատարանը իրենց սերվիտուտի հայցը մերժեց, քանի որ չկարողացան ապացուցել, որ մեր հողում կառուցված ինքնակամ կառույցները հանդիսանում են պետական սեփականություն։ Մեր հայցը դատարանը մերժեց այն հիմքով, որ մենք պետք է դատի տայինք ոչ թե «Վեոլիա ջրին» այլ Ջրային կոմիտեին, բայց քանի որ մեր հայցի պատասխանողը այս 2 կազմակերպություններն էին, մենք դիմեցինք վերաքննիչ դատարն, ապա մեր վերաքննիչ բողոքը հետ եկավ առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հիմա փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք մեր սեփականությունը ցանկանում ենք օգտագործել, բայց չենք կարողանում»,- ասաց Մխիթար Բուդաղյանը։ 

Թեմայի առնչությամբ կապվեցինք նաև «Վեոլիա Ջուր» ընկերության հետ` հասկանալու, թե ի՞նչ իրավական հիմքով են վերը նշված տարածքում գործունեություն ծավալում: Մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան ընկերությունից տվել են հետևյալ պարզաբանումը․

««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է 01․01․2017 թվականից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Օ- Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲ ընկերության և վերջինիս կողմից Երևանում ստեղծված Վարձակալ ընկերության` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված Վարձակալության պայմանագրի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016թ. թիվ 397-Ա որոշմամբ ընկերությանը տրված լիցենզիայի հիման վրա։  Ընկերությունը չի հանդիսանում նախորդ ջրամատակարար ընկերությունների իրավահաջորդը։ 
Բերդավանի պոմպակայանը փոխկապակցված հիդրոտեխնիկական կառուցվածքների հետ միասին, ներկայումս շահագործվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից  Վարձակալության պայմանագրով և ՀՀ կառավարության  2017 թվականի դեկտեմբեր 14-ի թիվ 1662-Ա որոշման հավելված 2-ով ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնված համակարգերի շրջանակներում։

Հայտնում ենք նաև, որ դեռևս նախորդ ջրամատակարարի գործունեության ժամանակահատվածից մինչև օրս տվյալ տարածքի նկատմամբ առկա է դատարանի վարույթում գտնվող դատական գործ»։