Վրաստանի հայտի մերժման դրական կողմը

Վրաստանի հայտի մերժման դրական կողմը

Անցյալ շաբաթ ինչ ասես՝ չեղավ միջազգային զարգացումներում, որ ուղղակի կամ անուղղակի նշանակություն ուներ Հայաստանի համար: Ուկրաինայում, հասկանալիորեն, շարունակվում էր պատերազմը` այն տարբերությամբ միայն, որ այժմ ոչ միայն զինվորականները, այլեւ Եվրոպայի քաղաքական առաջնորդներն են խոսում Ռուսաստանի կատարյալ պարտության անխուսափելիության մասին: Ընդսմին, որքան կարելի է հասկանալ զինվորականների կանխատեսումներից, հուլիս-օգոստոսին Ուկրաինայի հարավում ընթացող ռազմական գործողություններում ռուբիկոնը կհատվի, քանի որ ՆԱՏՕ-ի ծանր սպառազինությունը եւ վերապատրաստվող ուկրաինացի զինվորականները վերջապես կհասնեն ռազմաճակատ: Դրանից հետո կսկսվեն ՌԴ զինված ուժերի հրթիռակոծումը, գնդակոծումը եւ դուրսմղումը Դոնեցկից, Լուգանսկից, Ղրիմից` մինչեւ ՌԴ ցամաքային սահման եւ Ազովի ծով: Ըստ արեւմտյան հետախուզական տվյալների, ՌԴ ցամաքային զինված ուժերի մեկ երրորդը` մոտ ութսուն հազար զինվորական, այլեւս անմարտունակ է` սպանված է կամ վիրավոր:  Տեսնենք, թե ինչ պատկեր կլինի ամռան վերջին:

Թուրքիայի առնչությամբ, բարեբախտաբար, պետք է սպասել ավելի քիչ` մինչեւ ընթացիկ ամսվա վերջը: Ռուսաստանը շաբաթ օրը հայտարարեց, թե «Թուրքական հոսք» գազատարի գործունեությունը մինչեւ հունիսի 28-ը տեխնիկական պատճառներով դադարեցվում է: Հունիսի 29-ին էլ Մադրիդում սկսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գազատարը եւ համատեղ կառուցվող ատոմակայանը Ռուսաստանի հաղթաթղթերն են Թուրքիային ճնշելիս, եւ այն, որ դրանցից մեկը դրվել է գործողության մեջ, հուսադրում է, որ Ռուսաստանը մինչեւ վերջ Թուրքիային կճնշի` հասնելու համար ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության դիմումների հանդեպ Թուրքիայի կողմից veto կիրառելու կամ գոնե տարաժամկետման:  Մյուս կողմից՝ Թուրքիային հրապարակավ Արեւմուտքից բացատրում են, որ Ֆինլանդիայի ու Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին Անկարայի կողմից խոչընդոտ հարուցելը կարող է ավարտվել նրանով, որ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթաց սկսվի: Երկուստեք լարվող եւ խիստ հետաքրքիր իրադրություն է, որը տեսնենք, թե ինչպես կհանգուցալուծվի: Դուրեկանն այն է, որ երկու կողմից էլ հարվածները Թուրքիայի գլխին են իջեցնելու: 

Այս երկու հիմնական զարգացումներից բացի, անցյալ շաբաթ Մեծ յոթնյակի անդամ յոթ երկրներից չորսի առաջնորդներն այցելեցին Կիեւ` հինգշաբթի օրը Գերմանիայի եւ Իտալիայի վարչապետերը, Ֆրանսիայի նախագահը, ուրբաթ օրը` Մեծ Բրիտանիայի վարչապետը: Բոլոր այս այցելությունները նախերգանքն էին այն հայտարարության, որ արդեն այս շաբաթ կհնչի Բրյուսելից` Ուկրաինային եւ Մոլդովային կշնորհվի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Իհարկե, որոշումն ընդունվելու է հունիսի 23-24-ին Բրյուսելում գումարվող ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում, որտեղ դեռ կայանալու են քննարկումներ, քվեարկություն: Սակայն քանի որ ԵՄ գործադիր իշխանությունը` Եվրոպական հանձնաժողովը, անցյալ ուրբաթ հրապարակեց իր երաշխավորությունը կամ եզրակացությունը` Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, դժվար թե ուղենշվածից եւ ակնկալվածից դուրս այլ զարգացում լինի: Իսկ գիտակցելու համար, թե ինչ աննախադեպ ժեստ է արվում Ուկրաինային եւ Մոլդովային, պետք է համեմատել, թե Արեւելյան Եվրոպայի այլ երկրները քանի տարի շարունակ եւ որքան երկար ճանապարհ են անցել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի հասնելու համար: Թեկնածուի կարգավիճակ ստանալուց մինչեւ ԵՄ անդամ երկրի կարգավիճակ ստանալը սովորաբար տեւում է երեք-չորս տարի: 

Այստեղ, սակայն, Հայաստանի համար առավել նշանակալիցն ու ուշագրավն այն է, որ Ուկրաինայից հետո, Մոլդովայի հետ միաժամանակ, Վրաստանի կողմից ներկայացված դիմումը Եվրոպական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության չի արժանացել: Դա խոսում է այն մասին, որ առաջին` Հարավային Կովկասում Վրաստանը չի դիտվում որպես ԵՄ ապագա ունեցող միակ երկիր: Կա նաեւ Հայաստանը: Հետեւաբար, Հարավային Կովկասում քայլերը պետք է կատարվեն համաժամանակ եւ սինխրոնացված: 

Երկրորդ․ ինչպես նախորդ` «ԵՄ ռազմական ամրապնդումը ԱլԳ տարածքում» հոդվածում էի ավելի ընդարձակ ներկայացրել, դատելով եվրոպական խորհրդարանի կողմից հունիսի 8-ին ընդունված “Security in the Eastern Partnership area and the role of the common security and defence policy” (թարգմանաբար` «Անվտանգությունն Արեւելյան գործընկերության տարածքում եւ CSDP-ի (Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության) դերակատարումը») ուղենիշային փաստաթղթից՝ ԱլԳ տարածքում գերակտիվացվելու է CSDP-ն, որը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարթակն է ԵՄ-ի եւ հարեւան երկրների միջեւ, մյուս կողմից՝ CSDP-ի քայլերն էֆեկտիվորեն ներդաշնակեցվելու են ՆԱՏՕ-ի հետ` ձգտելով ինտեգրման: 

Այդքանով էլ դատելով այն բանից, որ ընթացիկ շաբաթ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ կշնորհվի Ուկրաինային եւ Մոլդովային եւ նույնն առայժմ կմերժվի Վրաստանին, ներկա պահին դրված է ՆԱՏՕ-ի հյուսիսային թեւի` ի դեմս Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդլայնման հարցը եւ կենտրոնական թեւում Ուկրաինայի եւ Մոլդովայի, ըստ էության, ինտեգրումը ՆԱՏՕ-ին` CSDP-ի խողովակով եւ գործիքակազմով: Իսկ Հարավային Կովկասում նույն այդ ժամանակ առկա հակամարտությունների, խնդիրների, ազդեցությունների թնջուկը պետք է հնարավորինս լուծվի, որպեսզի Հարավային Կովկասի ռազմաքաղաքական ինտեգրումը ՆԱՏՕ-ին նույնպես դառնա ուրվագծված հեռանկար` մինչեւ կոնկրետ քայլերի կատարումը: