Հավաքական ինքնաոչնչացման առաջին տարելիցը

Հավաքական ինքնաոչնչացման առաջին տարելիցը

Ուղիղ մեկ տարի է անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից եւ դրանցում ՔՊ-ի անփառունակ հաղթանակից, եւ հատկապես դիմադրության շարժման անհաջողության ֆոնին արժե վերհիշել այդ աղետաբեր ակտի դառը դասերը։ Պատերազմից հետո ձեւավորված «Հայրենիքի փրկության շարժումը»՝ ի սկզբանե ներքին հակասություններով առլեցուն, աստիճանաբար հրաժարվեց իր բուն նպատակից՝ Փաշինյանի հեռացումից, եւ համաձայնեց արտահերթ ընտրությանը։ Մեթոդաբանական ճգնաժամի մեջ հայտնված ընդդիմությունը նմանատիպ սխալ գործեց նաեւ երկու ամիս առաջ՝ մանդատները ժամանակավորապես փոխարինելով փողոցով եւ դարձյալ հարթակային պայքար սկսելով։ Մինչդեռ հիմա կրկին խորհրդարան վերադառնալու խնդիրն է օրակարգում։

2021-ի արտահերթը, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի պարտության լեգիտիմացումն էր, եւ դրան մասնակից բոլոր ուժերը, ցավալիորեն, ծառայեցին այդ նպատակին։ Ծիծաղելի է, որ գործող Ընտրական օրենսգիրքը մատնանշելով՝ որոշ ընդդիմադիրներ պնդում էին, թե կկարողանան տեր կանգնել իրենց քվեներին, երբ շատ լավ հասկանում էին, որ անգամ ամենակատարյալ օրենսդրությունն ազատ եւ արդար ընտրությունների երաշխիք չէ։ Ի սկզբանե պարզ էր, որ նման շիկացած ներքաղաքական իրավիճակում ընտրությունները կասկածահարույց կլինեն, եւ ավանդական քաղաքական պայքարի օրենքները չեն գործի, դիմակայությունը կընթանա կենաց-մահու կռվի տրամաբանությամբ։ Արդյունքում Փաշինյանի վարչախումբն անարգել վերարտադրվեց, եւ Հայաստանը վերածվեց խղճուկ բռնապետական պետության։

Ուշագրավ է, որ դեռեւս 2020-ի դեկտեմբերին արտահերթի խոսույթը բացել էր հենց Փաշինյանը՝ տեղի տալով «Հայրենիքի փրկության շարժման» փողոցային պայքարին։ Արագորեն կողմնորոշվելով՝ նա իր գրպանային ընդդիմադիրների՝ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի օգնությամբ նշանակեց արտահերթ ընտրություններ։ Գլխավոր շտաբին լռեցնելուց հետո պարզ էր, որ նա հնարավոր ամեն գնով փորձելու է վերարտադրել սեփական իշխանությունը, պատրաստ է ընդհուպ կոալիցիայի, եթե չկարողանա կայուն մեծամասնություն ձեւավորել։ Մթնոլորտը լցվում էր պարապ եւ անբովանդակ քննարկումներով, օրինակ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, փոխանակ սահմանվեր նրա պաշտոնազրկման անխախտ եւ անսակարկ պահանջ։ Ընտրության նախաշեմին արդեն ժամանակավրեպ էին դարձել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու Արցախի կորուստը, քանի որ Փաշինյանին վարպետորեն հաջողվել էր առանցքը թեքել «նախկին-ներկա» հիմնազուրկ խոսույթի ուղղությամբ։

Օրակարգը դարձավ դավաճանի ու փրկչի, հերոսի ու հակահերոսի միջեւ պայքարը եւ ոչ թե գաղափարը՝ պետականության փայփայումն ու աղետի հետեւանքների վերացումը, այդ թվում՝ մեղավորներին պատժելը։ Անվերջ ձգվող անցյալն սկսեց խժռել ներկան եւ կազմաքանդել ապագան, որքան էլ ասվում էր՝ «Ապագա կա՛», եւ ահա այդ տրամադրվածությամբ՝ հարյուր հազարավոր բարեխիղճ մոլորյալներ ուղղվեցին տեղամասեր։ Իշխանությունը կազմակերպեց սեփական վերաթագադրման արարողությունը՝ հունիսի 21-ից արդեն հերթով հրաժարվելով նախընտրական խոստումներից։ Արտահերթը մի տեսակ «օտար խաղեր» էին՝ թունավոր, քինոտ, արյունռուշտ, հակամարդկային միջավայրում, որտեղ ցավալի ելքը կանխորոշված էր ի բնե։

Ի վերջո, հունիսի 20-ը մեր հավաքական ինքնաոչնչացման փաստաթղթավորված գիրն էր՝ ի պահ տրված սերունդներին եւ աշխարհին։ Իշխանությունը սեփական հասարակության հետ չգնաց փոխզիջման եւ ստացավ առավելագույնը՝ հնգամյա կառավարման միանձնյա մանդատ, որից մեկ տարին արդեն մսխել է։ Արտահերթի կազմակերպումը փոխզիջում չէր, այն կեղծիք էր, որով առատորեն կերակրվեց պարզամիտ քաղաքացին։ Վա՜յ այն ընդդիմադիր ուժին, որն առանց անցումային կառավարության ձեւավորման՝ դարձյալ կհամաձայնի այդ կեղծ փոխզիջմանը։

Դավիթ Սարգսյան