Խաչատուրովը 18 մլն չի ստացել․ դատախազության հերթական սուտը

Խաչատուրովը 18 մլն չի ստացել․ դատախազության հերթական սուտը

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմը այսօր փակագծեր բացեց, թե իրականում ինչ 18 մլն-ի մասին է խոսվում, որը իբր Խաչատուրովը ստացել է ՊՆ-ից ժամանակին գնված գույքը գրավ դնելով։ Նշենք, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Ըստ դատախազության՝ Խաչատուրովը ժամանակին գնել է ՊՆ-ին պատկանող հողատարածք, սակայն այն գրանցել է այլ անձի՝ Էդգար Արշակյանի անունով, որը Խաչատուրովի մտերիմն է, հետագայում, երբ Խաչատուրովի անվամբ ձևակերպված հիփոթեքի շրջանակներում այդ հողատարածքը գրավ է դրվել, գլխավոր դատախազությունն է այդ ժամանակ հասկացել, որ գույքի իրական սեփականատերը իբր թե Գրիգորի Խաչատուրովն է։ ԱԺ-ում Վարդապետյանը հայտարարել է, որ այդ հողամասը Խաչատուրովը գրավ է դրել, հետագայում պայմանագրի պայմանները փոփոխվել են, քանի որ գույքի շուկայական արժեքը մեծացել է, և Խաչատուրովը ստացել է 18 մլն դրամ․

«Բանկում գրավադրված գումարը 2 անգամ փոփոխվել է, առաջին անգամ անձը այլ գումար է ձեռք բերել բանկում գրավադրված անշարժ գույքից, հետագայում խնդրել է վերագնահատել, քանի որ շուկայական գին է ավելացել։ Մոտավորապես 18 մլնի մասին է խոսքը գնում բանկից ստացած, 1 հողամասի մասին է խոսքը, գներն ու փոխարժեքները փորձաքննությունը մեզ վերջնական արդյունքներով կտա։ Անգամ եթե այստեղ գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր»,- ասել է Աննա ադապետյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի չգիտի, թե այդ գումարը ուր է գնացել, իրենք այդ առումեվ դեռ քննություն ունեն անելու»,- ասել էր Աննա Վարդապետյանը։

Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ որևէ 18 մլն գոյություն չունի, ինչից Աննա Վարդապետյանը քաջ տեղյակ է։ Իրականում Խաչատուրովը բնակարան է ձեռք բերել Վանաձորում և գրավադրել է ձեռք բերվելիք բնակարանը, սակայն հետագայում բանկը հավելյալ գրավ է պահանջել, և Խաչատուրովին օգնել է իր ընկեր Էդգար Արշակյանը, որին և պատկանում է ՊՆ-ից գնված հողատարածքը․

«Տեսեք ինչ է տեղի ունեցել, 2016 թվականի օգոստոսի 12-ին, երբ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, առաջացել էր Վանաձոր քաղաքում բնակվելու անհրաժեշտություն, նա Վանաձորում ընդամենը 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է բանկին, որպեսզի վարկ ստանա։ Գրիգորի Խաչատուրովը Վանաձոր քաղաքում 24 հազար դոլարանոց գույք ձեռք բերելու համար գրավադրել է այդ ձեռքբերվելիք բնակարանը, բանկը տրամադրել է 18 մլն 424 հազար դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 մլն 852 հազար դրամը, ինչը անմիջապես փոխանցվել է վաճառողին որպես բնակարանի ձեռքբերման արժեք։ Անշարժ գույքի ձեռքբերման այս հիփոթեքային պայմանագիրը վարույթն իրականացնող մարմինն ու տիկին Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են, ու իրենք շարունակ պատգամավորների հարցերին պատասխանելիս հերիք չէ, որ անամոթաբար նշում են, որ 18 մլն-ի չափով է եղել վարկը, որը զորամասը վերածել են գումարի, մի հատ էլ պատասխանելով հարցին, ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը դեռ չենք արել, չգիտենք, թե ուր է գնացել այդ գումարը։ Այս պայմանագրում հստակ երևում է, որ 18 մլն դրամ ընդհանրապես չի ստացվել, ստացվել է 12 մլն 852 հազար դրամ, ընդ որում այդ գումարը Գրիգորի Խաչատուրովը ոչ թե իր ձեռք տակ է ունեցել, այլ իր բնակարանի գրավադրմամբ ստացելու անմիջապես փոխանցել է վաճառողին։ Հիմա այս փաստն ունենալով ո՞նց են իրենց թույլ տալիս, որ գնում ԱԺ-ում հայտարարում են, որ 18 մլն-ի ճակատագիրը իրենց պարզ չէ»,- ասաց Պողոսյանը։

Խաչատուրովի պաշտպան Արթուր Ենոքյանն էլ նշեց, որ պայմանագրի վերագնահատման հարց չի եղել, այլ 18 մլն վարկային գծի համար պահանջվող գրավ է եղել․

«Օգոստոսի 12-ին հիփոթեքի պայմանագիրը կնքվել է, ձեռք բերվելիք բնակարանի գրավով գումար է վերցրել և բնակարանը ձեռք է բերվել, սակայն բանկը պահանջել է լրացուցիչ գրավ այդ նույն պայմանագրի համար, և որպես ազատ անշարժ գույք լրացուցիչ գրավ է դրվել այդ հողամասի տարածքը, դրա համար է գլխավոր դատախազն ասում, որ փոփոխված պայմաններով 18 մլն է ձեռք բերվել։ Հետաքրքիրն այն է, որ ոչ թե վերագնահատման հարց է եղել, այլ նույն 18 մլն վարկային գծի համար երկրորդ գույք է պահանջվել, որը գրավ է դրվել։ Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի շատ մոտ ընկերն է, հարազատն է, բարեկամն է, և միշտ իր ցանկացած այլ անշարժ գույք պատրաստակամ է եղել իր ընկերոջ համար դնել, ինչպես որ Գրիգորի Խաչատուրովը»։