Ակադեմիան փակելու կոչեր հնչում են հենց կառավարական շրջանակներից

Ակադեմիան փակելու կոչեր հնչում են հենց կառավարական շրջանակներից

Հարցազրույց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ

- Պարոն Սաղյան, ի՞նչ բարեփոխումներ են սպասվում Գիտությունների ակադեմիայում, դրանք վերաբերում են կառավարման մոդելի փոփոխությա՞նը, թե՞ նաեւ բովանդակային կողմին են առնչվում։

- Այսօր, ցավոք, ով քնից արթնանում է, մի բան խոսում է ակադեմիայի մասին, անկախ նրանից՝ ակադեմիան դրա հետ կապ ունի, թե՝ ոչ։ Ես ուզում եմ շեշտել, որ, ըստ օրենքի, ակադեմիան ՀՀ հիմնադրած հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, եւ անկախանալուց հետո ԳԱԱ-ն պաշտոնապես հռչակվել է որպես կառավարության գիտական խորհրդատու։ Ասելով գիտական խորհրդատու՝ ես հասկանում եմ, որ մեզնից տարբեր գիտական հարցերով պետք է անընդհատ խորհրդատվություն հարցնեն, ճիշտ է՝ մենք հաճախ գրություններ ենք ստանում՝ տարբեր փորձագիտական որոշումների մասին կարծիք հայտնելու, բայց գլոբալ հարցերում, արդեն մեկուկես տարի է՝ ես ԳԱԱ նախագահ եմ, որեւէ անգամ որեւէ խորհրդատվություն մեզնից չեն ուզել։ Դա ճի՞շտ է, թե՞ ոչ։

- Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ չեն դիմում, կառավարությունն ակադեմիայի խորհրդի կարիքը չունի՞։

- Չեմ կարող ասել, ես հիմա բերեմ Ռուսաստանի օրինակը։ Ռուսաստանի ակադեմիայի ղեկավարությունը նոր է փոխվել, դեկտեմբերին այնտեղ էի ու հասկացա, որ շաբաթը մեկ անգամ, կարող է ամիս է լինում, 2 շաբաթը մեկ անգամ Ռուսաստանի վարչապետն ընդունում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, եւ բոլոր հարցերը՝ կապված գիտության, գիտատեխնիկական պրոգրեսի հետ, անցնում են ակադեմիայի նախագահությունով, այսինքն՝ ակադեմիան իր կարծիքն արտահայտում է։ Դա ես խորհրդատվություն եմ համարում։ Մեզ մոտ ուրիշ է, որովհետեւ անգամ հասարակության մեջ ակադեմիայի վերաբերյալ դիրքորոշումը միշտ եղել է տարբեր։ Ով հասկացել է՝ ակադեմիան ինչ է, միշտ ասել է՝ պետք է, ո՞նց կարելի է Հայաստանն առանց ակադեմիայի, բայց շատերը նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է։ Այսօր, ցավոք, տարբեր մակարդակներում, տարբեր հարցերի հետ կապված, որոնց հետ մենք նույնիսկ առնչություն չունենք, էլի ինչ-որ մեղադրանքներ են հնչում ակադեմիայի հանդեպ։

- Ի՞նչ մեղադրանքների մասին է խոսքը։

- Օրինակ, քովիդի ժամանակ պարզվեց, որ Հայաստանում չկա որեւէ գիտական կառույց, որը քովիդի մասին կարող է որոշակի գաղափարներ առաջարկել, ինչի համար հիմնականում մեղադրում էին ակադեմիային։ Բայց ի՞նչ կապ ունի ակադեմիան, քովիդը հակաբակտերային, հակավիրուսային համավարակ է, որի համար պատասխանատու է առողջապահության նախարարությունը, որն ուներ 2 հզոր ինստիտուտներ, որոնք վերացրին, մեկը՝ 2014-ին, մյուսն էլ՝ 2018-ին։ Անկախ ամեն ինչից՝ մենք ասել ու ասում ենք մեր խոսքը եւ այդ ուղղությամբ մեծ ծրագիր ենք ներկայացնում։

- Ո՞րն է խնդիրը, որ այսօր գիտական համակարգում շատ կառույցների ղեկավարներ սպասվող բարեփոխումների մասին իմանում են ամենավերջում։ Օրինակ, ԲՈԿ-ի եւ Գիտության կոմիտեի միավորման նախագիծը, որի մասին ԲՈԿ նախագահն ամենավերջում էր իմացել։

- Ես Կարեն Քեռյանին շատ եմ հարգում, եւ նա առաջիկայում պետք է այցելի ակադեմիա՝ մտքերի փոխանակման կարգով, իսկ թե ինչու է այդպես կատարվում, չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ այդպես չպետք է լինի։ Նույնն էլ՝ բուհերի եւ մնացած համակարգի դեպքում։ Հիմա խոսենք բարեփոխումներից, ու թե ինչ են դրանք ներկայացնում։ Այն, որ բարեփոխումներ պետք են ակադեմիայում, բոլորս հասկանում ենք։ Բոլոր բարեփոխումները հիմնականում կապված են հիմնարար, կիրառական հետազոտությունների հետ։ Հիմա ես հարց եմ տալիս՝ այսօր մեզ պե՞տք է կիրառական գիտություն, թե՞ ոչ, բոլորն ասում են՝ այո, պետք է, բայց ո՞վ պետք է զբաղվի, չկան կիրառական ինստիտուտները, մնացել են միայն ակադեմիական ինստիտուտները, ուրեմն պետք է զբաղվենք, չէ՞, դրանով։ Սա երեւի թե այն եզակի տարաձայնությունն է, որ միշտ ունեցել եմ Գիտության կոմիտեի հետ եւ դրա մասին նույնիսկ վարչապետի մոտ եմ բարձրաձայնել։ Այսօր գիտությունը գնահատել միայն դրսում տպագրված հոդվածներով՝ լավ բան է, բայց ճիշտ չէ։ Դա չափանիշ է գիտնականին բնորոշելու համար, ոչ թե՝ ինստիտուտին։ Ես այդպես էլ ասել եմ՝ պարոն վարչապետ, գիտական հոդվածներ տպելով՝ մեր տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը չեն զարգանա, պետք է ինստիտուտներից պահանջել մշակումներ, իսկ դրա համար պատվերները պետք է իջեցվեն վերեւից։ Ամենավատ կողմը դա է, որ այսօր չկա։ Միշտ մտածել եմ, որ հես է՝ պատվերները պետք է իջեցնեն, ասեն՝ հարգելի ԳԱԱ, կա այսպիսի խնդիր մեր գյուղատնտեսության, մետաղարդյունաբերության, բնապահպանության համար, դուք ի՞նչ եք ասում։ Ես կհավաքեի բոլոր ինստիտուտներին՝ ակադեմիական, ոչ ակադեմիական, եւ այդ հարցին լուծում կտայինք, բայց դա չի եղել, մեր կիրառական գիտության չզարգանալու ամենամեծ բացը դա է՝ վերեւից, ոչ մի գերատեսչությունից պատվեր չի հնչում, նույնիսկ մեր նախաձեռնություններին չեն արձագանքել։

- Ինչո՞ւ, չէ՞ որ կառավարությունը գիտությունը, կրթությունը հռչակել է որպես ռազմավարական նշանակության կարեւորություն։

- Ես էլ եմ հարցնում՝ ինչո՞ւ, որովհետեւ նույն կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրի մեջ գրված է նաեւ կիրառական գիտության մասին։ Ես մի բան գիտեմ, որ բացի հիմնարարից, մենք պետք է զբաղվենք նաեւ կիրառական գիտությամբ։ Երեւի դրա նախադրյալը կար, որովհետեւ մինչեւ այդ ես մի կենտրոն եմ ղեկավարել, որտեղ մենք կարողացել ենք մեր գիտական արդյունքներն ապրանքայնացնել բազմաթիվ արտադրությունների տեսքով։ Դրա համատեքստում մենք առաջարկել ենք բարեփոխումների մոդել, որը սկսվում է նախագահության շենքից՝ ղեկավար կազմից, ինստիտուտներից։ Ամենակարեւորը ինստիտուտ-նախագահություն կապն է, որը շատ պասիվ է եղել։ Մասնագիտությամբ մոտ հիմնարկները միավորել, սարքել գերազանցության կենտրոններ, պետական հովանավորությամբ դրանց առջեւ խնդիր դնել եւ տանել դեպի մեր տնտեսության կարիքների բավարարում, խթանել տնտեսության զարգացումը։

- Փաստորեն, բարեփոխումները չեն շրջանցելու նաեւ ակադեմիայի կառավարման համակարգը, ո՞րն է խնդիրը։

- Մենք որոշել ենք ստեղծել, ներդնել կառավարման մարմին, որը մինչեւ հիմա չի եղել, ընդամենը եղել է նախագահություն։ Հաշվի առնելով այսօրվա պահանջները եւ տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ժամանակ ծագող խնդիրները, դրա համար ճիշտ է, որ լինի կառավարման մարմին, որը կազմված կլինի 12 կամ 15 հոգուց, որտեղ մի մասը կլինի ակադեմիայի ղեկավար կազմը, կլինեն ներկայացուցիչներ կառավարությունից, լիազոր մարմնից, օրինակ՝ նախկինում սա չի եղել, որը համարում եմ ոչ ճիշտ, քանի որ բազմաթիվ հարցեր ես քննարկում, որ անմիջապես առնչվում են կառավարական որոշումների հետ, եւ ճիշտ կլինի, որ կառավարության ներկայացուցիչ էլ լինի։ Կլինեն նաեւ դրսի ինստիտուտ-կազմակերպություններից ներկայացուցիչներ, բայց ամենակարեւորն այն է, որ նախագահությունը մենք ընդլայնելու ենք, նախագահության չափը, մարդկանց քանակն արդեն որոշում է ընդհանուր ժողովը։ Մենք կարող ենք մեծացնել, ներգրավել բոլոր տնօրեններին, առաջատար մասնագետներին։ Որոշումն ամեն դեպքում կայացնում է նախագահությունը, հաստատում է կառավարման մարմինը՝ խորհուրդը։

- Այսինքն՝ լինելու է ե՛ւ նախագահություն, ե՛ւ կառավարման մարմին։

- Այո, նախագահությունն ավելի ընդլայնվելու է, իսկ կառավարման մարմինը միայն նախագահության ընդունած որոշումները պետք է հաստատի։

- Իսկ նախագահն ի՞նչ ֆունկցիա է ունենալու։

- Համակարգի կառավարման ղեկը տրվում է նախագահին, ով պետք է ղեկավարի ե՛ւ կառավարման խորհուրդը, ե՛ւ նախագահությունը։

- Որոշիչ ձայնը նախագահի՞ն է պատկանելու։

- Ոչ, կառավարման մարմնին։ Այս պարագայում նախագահը կատարելու է ավելի շատ գործադիր տնօրենի պարտականություն եւ կառավարման խորհրդի որոշումներն է կատարելու։ Այս պահանջն ինչ-որ չափ եղել է նաեւ մեր տնօրեններից։ Բազմաթիվ տնօրեններ ասել են, որ մենք պասիվ ենք մասնակցում կառավարման համակարգին, որոշումներ են ընդունվում, որոնցից տեղյակ չենք։ Ճիշտ են ասում, եւ այդ խնդրին մենք արձագանքել ենք, նոր տարուց քննարկումների բաց հարթակ է հայտարարված ակադեմիայում՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը։ Ասեմ, որ բավականին ակտիվ քննարկումներ են լինում։ Արդյունքում կազմավորված ծրագրային դրույթների հիման վրա մենք կկազմենք ակադեմիայի կանոնադրությունը, որն այսօր չենք կարողանում անել։ Բարեփոխումների հիմքում ընկած է նաեւ ինստիտուտների օպտիմալացումը։ 5 բաժանմունք ունենք, որոնք պետք է դառնան 3 բաժանմունք։ Այսինքն՝ մեր բարեփոխումների մեջ ներառված 4 հիմնական կետերից 3-ը չի կատարվել՝ օրենքի հետ կապված, մեկը, որ վերաբերում է ինստիտուտների օպտիմալացմանը, մեզնից ինչ պահանջել են՝ կատարել ենք։ Անցած տարի մենք այցելել ենք բոլոր ինստիտուտները, ծանոթացել ենք բոլորի խնդիրներին, թույլ եւ ուժեղ կողմերին, նաեւ առաջարկել ենք մոդել՝ 8-9 գիտական կենտրոն ստեղծելու, արդյունքում 31 գիտահետազոտական ինստիտուտները պետք է դառնային 20 հատ կենտրոններ, դրանցից 2-ն արդեն արվել է, առաջինը միավորվում են մոլեկուլային կենսաբանության եւ կենսաքիմիայի ինստիտուտները, մյուսը՝ բուսաբանության եւ հիդրոպոնիկայի ինստիտուտները։

- Մտավախություն չունե՞ք, որ այդ ինստիտուտների միավորումը կլինի ոչ թե ի շահ, այլ ի վնաս։

- Ես ելնում եմ եղած փորձից, իմ օրոք միավորվել է 3 ինստիտուտ, որն արդարացված էր, եւ բոլորն էլ՝ գոհ։ Բովանդակային առումով ճիշտ է, որովհետեւ ամեն տեղ կան նույն թեքումով լաբորատորիաներ՝ փոքր գիտական խմբերով, որոնք խոշորացվելու են եւ արդյունք տան։ Նախագահությունը որոշումը կայացրել է, մնացածը լիազոր մարմնի գործն է։ Բայց մեր ձեռքերը դեռ կապված են, երբ օրենսդրական փոփոխություն լինի, ազատություն ստանանք, մենք մեր բոլոր բարեփոխումները կանենք, կամք ունենք, ես դրա համար եմ եկել այստեղ։ Այս մասով մի բան էլ ասեմ․ ԳԱԱ-ն հիմնադրվել է 1943-ին՝ Հայրենական պատերազմի ամենաթեժ պահին, երբ դեռ պարզ չէր, թե ինչ է լինելու, բայց այստեղ հիմնադրել են ակադեմիա։ Այսօր էլի պատերազմական վիճակ է, ընդ որում՝ չենք իմանում, թե ինչ է լինելու, եւ այս պարագայում հարց է դրվում ակադեմիայի չլինելու մասին։ Ո՞նց եք մտածում՝ մի պատերազմի ժամանակ ակադեմիա են բացել, մյուս պատերազմի ժամանակ ասում են՝ իսկ պե՞տք է ակադեմիա։

- Ո՞ր շրջանակներն են ակադեմիան փակելու կոչեր հնչեցնում։

- Հիմնականում կառավարական շրջանակներից։