Բացի էն, որ հաճելի է նույն հարթակում լիքը հայեր տեսնելը, ոչ մի դրական բան չկար
Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցած Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որն առաջին անգամ էր անցկացվում հեղափոխությունից հետո, շատերն են համարում տապալված։ Այն աննախադեպ է եղել նրանով, որ անհայտ, անծանոթ անձինք ու կազմակերպություններ են մասնակցել։ Արդեն գրվել է, որ այդ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել են Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Չեն մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները։
«Ի վերջո, այդ համաժողովը ոչ մի հարց չլուծեց։ Այո, հաճելի ֆորմատ էր, եկանք, շփվեցինք, բայց խնդիր էր դրված՝ սփյուռքի, Հայաստանի համար կարեւոր ծրագրերի լուծման սխեմաներ մշակել, ինչը չեղավ։ Բայց լավ էր ստացվել միայն հյուրերին դիմավորելն ու ճանապարհելը»,- ասում է մեր զրուցակիցը՝ Մոսկվայից։ Հանրայինի եթերում անհասկանալի հայտարարություն արեց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ասաց, որ սփյուռքի ավանդական բոլոր կազմակերպություններին անհատական հրավեր է ուղարկել, սակայն պարզվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանին չեն հրավիրել, կաթողիկոսին են անպատշաճ ձեւով կանչել։ Այս մասին Հանրայինի եթերում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Հետաքրքիր է, որ գագաթնաժողովին դրսից մասնակցածները, ում դիմում էինք տպավորությամբ կիսվելու խնդրանքով, հրաժարվում էին իրենց անունով հանդես գալուց։ «Մարգարիտա Սիմոնյան են քլնգում, իրենց օրիգինալ են զգում։ Պարզ էր, որ նպատակը դրված է՝ անել անելու համար, ցույց տալու, որ չնայած եկեղեցին մեզ դեմ է, մենք անում ենք անելու համար։ Շատ մարդիկ կային, որ վաղուց արդեն Հայաստան էին տեղափոխվել, եւ չես հասկանում, թե նրանց ինչն էր սփյուռքահայ։ Ես, որ շատ հաճախ եմ գալիս-գնում Հայաստան ու ինձ չեմ համարում սփյուռքի ներկայացուցիչ, իրենց ֆոնին լրիվ սփյուռքահայ էի։ Այստեղ էին 2, 8 տարի Հայաստանում բնակվողներ։ Կային նաեւ մարդիկ, ովքեր հայաստանյան ՀԿ-ներից էին, ու երբ իրենց հարցնում էիր, թե ինչու են եկել, ասում էին՝ որովհետեւ ես սփյուռքի հետ աշխատող ՀԿ-ից եմ։ Պարզ էր, որ քանակն ավելի շատ խառը մարդկանցով լրացված էր։ Ես չեմ ուզում իմ անունից ոչ դրական մեկնաբանություն լինի»,- ասում է մեր զրուցակիցը։ Իսկ դրականը ո՞րն էր, կա՞ր դրական բան։ «Բացի նրանից, որ հաճելի է նույն հարթակում լիքը հայեր տեսնել կամ Մանսուրյանի սիմֆոնիկ կոնցերտը լսել՝ տարբեր երկրներից եկած հայերի կատարմամբ, ոչ մի դրական բան չկար։ Էդքան գումար ծախսելուց հետո, կարծում եմ, դա շատ փոքր էֆեկտ է»,- պատասխանեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք․ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով կառավարությունը հատկացրել էր 308.9 միլիոն ՀՀ դրամ։ Մասնակիցները 600-ն էին։ Սոցհարթակներում նկատել են, որ 2017-ին՝ նախորդ համաժողովի վրա ծախսվել է 3-4 անգամ պակաս, բայց մասնակցել է 1500 սփյուռքահայ։
Կարծիքներ