Արման Վարդանյան. Ի նշան փրկության
Տարին տարվա վրա,
Տարին տարվա միջից,
Նորից փոխում է իր կաշին նժույգը բառի,
Մեզնից մի ափսե սիրտ է հիմա մնում
լվացարանին`
Անլվա հեքիաթից,
Անլվա սրտից,
Անլվա տարուց...
Մեզ կվիժեն դարձյալ աստվածները
հիշողության
Սպիտակ սավանին օրերի,
Եվ մենք կհորինենք իրար,
Օրը օրվա վրա,
Օրը օրվա միջից սայթաքելով...
***
Եվ ձմեռը դարձյալ բժշկի ձեռագրով
կգրի մեզ
Ասֆալտի ճակատին,
Եվ մենք դարձյալ կդառնանք
ճակատագիրը ասֆալտի`
Կարճ ու դատարկ:
Ցավից սրթսրթացող մեր օրերը մեզ
մի սիրտ կլացեն էս ցրտին,
Ու մենք սառույց կդառնանք հրապարակի ուղիղ կենտրոնում`
Պնդաճակատ ու հարթ:
Մենք նորից կբացենք բառերի լիկյորը,
Կլվացվենք,
Կում կանենք,
Կցանենք մեզ վրա,
Ու մի կլոր տարի էլի կզառանցենք`
Կյանքին հա ասելու հազար մահանա:
Դրոշ
Կիրակիի կարմիր Գողգոթայի վրա
նորից վազում է մեր ճարպիկ արյունը,
Եվ մենք մեր դրոշը քաղաքի տանիքներին
ծածանելու փոխարեն,
Համբուրելու փոխարեն,
Կրծքին ամրացնելու փոխարեն,
Վիրակապի պես եւ թաշկինակի
ծալում-դնում ենք մեր գրպանում`
Արյան առաջին շիթը փակելու համար,
Մեր սրտի քացախաջուրը սրբելու համար...
Մեր ամենամեծ լվացքը մեր դրոշն է հիմա,
Որ ամբողջ գիշեր ծանր կախում ենք
պարանին`
Որպես մարմին...
***
Հեթանոս աստվածների պես,
Խնձորների պես ու սրտխառնոցի,
Դե թափվեք քաղաքի վրա,
Ագռավներ հին ու մտերիմ,
Այլեւս տանելի չէ լեշահոտը հիշողության,
Որ մեզ խաբել էր, թե աստված է,
Որ իրեն լավ տղա էր զգում...
Բայց ահա մի կիրակի,
Հայրս կրակեց նրան,
Եվ մայրս մաքրեց նրա փորը կարգին,
Եվ հիմա,
ագռավներ,
դուք ունեք կերակուր
ամբողջ կյանքի համար,
Եվ հիմա,
ագռավներ,
ամեն օր ծնունդ է ու ամեն օր քելեխ,
Խմեք կենացս ու լափեք այս
լխտիկ հիշողության դին,
Հեթանոս աստվածների պես,
Խնձորների պես,
Ու սրտխառնոցի...
***
Մենք շարքային բառասպաններ ենք, ընկերս,
բառի միջատ ենք ու բառամեջ ենք,
բառի վիրուս ենք, արատ ենք բառի,
Մեզ խաբել են, թե մենք բարի ենք, ընկերս,
Բայց ես ու դու շատ վաղուց ենք
հասկացել,
Որ մենք
բառի ենք
բառի ենք,
բառի ենք,
բառի ենք, ԲԱՌաԴԻ,
Եվ գուցե մի օր կենտրոնում Երեւանի
բացենք BAR բառի...
մենք բառից ենք ծնվել,
ընկերս,
երեւանցի չենք, այլ ԲԱՌացի,
բայց մենք շարքային րաֆֆուսամվել ենք,
Սպանեցինք բառ-մորն առանց պատժի...
***
Այս փախուստի քաղաքում
Երկու խրամատ կա,
Որ թուլացնում են ոտքերդ
դասալքության պահին`
Բանաստեղծություն ու մայր...
Հիմա քաղաքի ցավազուրկ բերանում հալվում ու
քարանում է մի հոգնած
փշալար,
Եվ ես մի ծեր ճռռոցով բացում եմ սրտիս քարտեզները,
Բանաստեղծության ու մոր սահմանագծին
հայրենիքս նորից հորինելու համար...
***
Մեկը գար,
Ափերը լայն բացեր,
Ասեր` հարգելի´ քաղաքացի,
Դատարկիր գլխիդ անպետք
իրականությունը,
Սանիտեկից խստացրել են...
Մեկը գար,
Խուզարկեր,
Մերկացներ լեզուդ ցնցոտի բառերից,
Տաներ կարկատեր,
Հետ բերեր,
Ասեր` լեզվի տեսչությունից խստացրել են...
Մեկը գար`
Հեռախոսդ անժամկետ մաքրեր ժամկետանց մարդկանցից,
Ասեր,- առանց ափսոսանքի, հարգելի´ քաղաքացի,
Քաղաքապետարանից խստացրել են...
Մեկը գար,
Ասեր`
Ես ուղղակի եկել եմ,
Հարգելի´ քաղաքացի,
Առանց պատճառի, իմաստի, առանց քաղաքականության ու ձեւի,
Ոնց բանաստեղծությունը...
Արի´ կետադրենք իրար...
Մեկը գար,
Չգնար...
***
Երբ որոշես չգալ,
Կխոցվեն իսպառ ջրահարսներն այս ծովերի`
Քո հրաժեշտի թունավոր նետով,
Եվ արյուն կտեղա`
Առատ ու տաք,
Տնից տուն,
Տնից տուն...
Երբ որոշես չգալ`
Քաղաքում համաճարակ կսկսվի,
Եվ անտեր ագռավներն այս բանուկ երկնքի,
Կհայհոյեն անունդ,
Մարմինդ,
Շորերդ...
Ավտոմատները հեռվում կկրակեն
քո մասին շատ բարձր`
Փշրելով աստղը Բեթղեհեմյան,
Եվ մայրդ
Ձեր հին նկուղից կգտնի քրքրված ու
նիհար սիրտդ,
Որ թաքցրել էիր ու փախել,
Ու կզոհաբերի այս քաղաքի դարպասների առաջ` ի նշան փրկության...
Երբ որոշես չգալ...
***
Արժի արթնանալ այսօր լուսաբացից առաջ,
Արժեր արթնանալ երեկ լուսաբացից առաջ,
Արժի միշտ արթնանալ լուսաբացից առաջ,
Սե´ր իմ,
Որովհետեւ ամեն օր դրսում
գնչու կանայք` մանդարինի պես կծկված վերարկուների մեջ,
Սպասում են, որ ամուսնացնեն
մեզպեսներին,
Արի այսօր լսենք նրանց թափթփված
հմայախոսքը,
Համբուրենք նրանց ձեռքն աղաբույր,
Եվ նրանց գույնզգույն փետուրներին
թեթեւ ու ծալապատիկ նստած,
Արժի թռչել երկրներ տաք ու հեռու,
Որտեղ մի գավաթ ծովի ջրով կհայհոյենք քաղաքն այս,
Որ միայն կակազում էր սիրո մասին ու ոչ մի լավ բան չէր երգում...
***
Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստված.
Մի կաթ արյունը մեր,
Որ թանձր արցունքն էր քո,
Վարարել է հիմա այլազգի անձրեւից.
Աղաման ենք ջրքաշ
Աղաման ենք ջրքաշ,
Ջրհեղեղի բերան`
Պտղունց մարմինը մեր...
Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստված.
Վաղաժամ պղծված է անցումը սրբազան.
Ադամից` Եվա,
նախամարդուց` մարդ,
մարդուց` ամեն ինչ,
մարդուց` եսիմ ինչ,
մարդուց` ոչ մի բան...
Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստված.
Մարդու սիրտը մաստակ է դարձել
մարդու բերանում,
Մարդու բերանը հրանոթ է դարձել
քաղաքի որովայնում,
Քաղաքի մարմինը ժետոն է դարձել
քաղաքի հոր ձեռքերում...
Իջի´ր՝ ինչպես երբեք,
Իջիր՝ ինչպես հիմա,
Գլուխդ սուզիր մեր ախտաժետ
արյան Հորդանանում,
Ու ՄԿՐՏԻՐ
ՈՒ ՄԿՐՏԻՐ
ՈՒ ՄԿՐՏԻՐ
ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՔ...
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ