«Ամեն անգամ եկեղեցի մտնելուց աղոթել՝ Տեր Աստված, նենց արա, իմ հայրենիքում փախստական լինեմ»․ ինչ կարգավիճակ տվեցին արցախահայությանը

«Ամեն անգամ եկեղեցի մտնելուց աղոթել՝ Տեր Աստված, նենց արա, իմ հայրենիքում փախստական լինեմ»․ ինչ կարգավիճակ տվեցին արցախահայությանը

Արցախից Հայաստան բռնի տեղահանվածները խորը շունչ քաշեցին։ Հայաստանը նրանց փախստականի կարգավիճակ է տալիս: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում հաստատեց, որով արցախցիներին օրենքի ուժով ճանաչում է փախստական։ Այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ դրանից դուրս գտնվողներին, որոնց վերջին հաշվառման հասցնեն եղել է Լեռնային Ղարաբաղը։ Փախստական են նաև Արցախում չհաշվառված, բայց այնտեղ ապրած ու այս սեպտեմբերին տեղահանվելուց հետո Միգրացիոն ծառայությունում հաշվառվածները։ 

Արցախցիներին դեռ չեն բացատրել, թե ինչ է տալու այս կարգավիճակն իրենց՝ Հայաստանում սոցիալապես ավելի ապահով կյա՞նք, թե՞  քարտ բլանշ դեպի այլ երկրներ։ 

Մարդիկ այնքան էլ գոհ չեն։ Վախեցնում է փախստական եզրույթը, որն արցախցու համար ստորացուցիչ է։ «Գոհ կլինենք, եթե մեր տանը լինենք», «Թող սոված լինեի, բայց իմ տանն ապրեի»,- մեր հարցին՝ գո՞հ եք, որ փախստականի կարգավիճակ եք ստանալու, պատասխանում են տեղահանված մեր հայրենակիցները։ Մեկն էլ, թե՝ բա ո՞նց գոհ չեմ, էնա, որ ատամհատիկիս փախստականի կարգավիճակ եմ քաշել, ամբողջ կյանքս երազել եմ ու ամեն անգամ եկեղեցի մտնելուց աղոթել` Տեր Աստված, նենց արա, էլի, իմ հայրենիքում փախստական լինեմ։ Բա ո՞նց։ Մի ամբողջ երիտասարդ սերունդ զոհվեց հանուն «ոչնչի», մի ամբողջ ժողովուրդ էլ դարձավ թափառական, գոհ եմ, գոհ եմ, որ իմ հայրենիքում ինձ ասում են՝ ավելի լավ ա տունը տանք ռուսին, քան՝ ձեզ, դե, ռուսները փողը տալիս են` փող ունեն։ Հա, մոռացա՝ գոհ եմ, որ ամեն անգամ տաքսի նստելուց ակցենտի պատճառով սկսում են քարոզել , որ երկրի ղեկավարները լավն են, վատը նախկիններն են, գոհ եմ, շատ գոհ եմ ՝ մերսի»։  

Թեեւ Փաշինյանը հորդորել է նրանց՝ «ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան», ասելով, թե իր կառավարությունն անում է ամեն ինչ, անորոշությունն արցախահայության գլխում այս հայտարարությունից հետո միայն աճել է: Այս պահին արցախցիները շատ հարցեր ունեն։ 
«Գոնե գիտե՞ք՝ առավելություն ունի՞, թե, ասենք, մնանք ՀՀ-ում, թե՞ դեռ որոշ իրավունքներ էլ սահմանափակվելու են»,- հարցնում է տեղահանված Մարինա Ավանեսյանը։ 

Ինգա Կարապետյանն էլ եկել է համոզման, որ փախստական լինելով, ավելի հեշտ կկարողանա հեռանալ Հայաստանից։ Չէ՞ որ, Փախստականների մասին կոնվենցիայի համաձայն, եթե պետությունն անձին ճանաչում է փախստական, ուրեմն ցանկացած երկրում նա համարվում է փախստական։ 

«Խառը-մառը հասկացել եմ, բայց ամենակարևորը՝ կկարողանամ օրիշ երկիր քնամ, օգտվիմ մի պենա։ Բայց եթե տա էդ կարգավիճակը, նշանակում  ա՝ էլ վսյո՞, Արցախ քյալու չե՞նք»,- ասում է  Ստեփանակերտից, ինչպես ինքն է ասում՝ «ամենամաքուր» քաղաքից եկած երիտասարդ կինը։ 

Արդարադատության փոխնախարար Արտյոմ Սուջյանը բացատրում է, որ փախստականի կարգավիճակը հնարավորություն է տալիս՝ օգտվել սոցիալական օժանդակության մի շարք ծրագրերից, միջազգային կառույցների հետ շփումներում է որոշակի հիմքեր տալիս, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում, փախստականին արտաքսել երկրից՝ ավելի բարդ է, նրան չեն կարող արտաքսել այն երկիր, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում։  Փախստկանը, ըստ նրա, ունենալու ե 2 փաստաթուղթ․ «Մեկն անձնագիրն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն, դա նույնականացվում է «070» կոդով։ Մյուս փաստաթուղթն էլ լինելու է վկայականը։ Դրանցից յուրաքանչյուրը քաղաքացին առանձին-առանձին կարող է օգտագործել երկրի ներսում՝ գործարքներ կատարելու, իրավահարաբերությունների մեջ մտնելու համար։ Երեք ամսից երկրից դուրս գալուց հետո կամ ՀՀ վերադառնալու դեպքում արդեն պետք է ներկայացվեն այդ երկու փաստաթղթերը միասին»,- նշում է փոխնախարարը։ 

Իրավաբաններից ոմանք համարում են, որ արցախցիներին փախստականի կարգավիճակ շնորհելը միանգամայն ողջամիտ որոշում էր, որ այն վաղուց պետք է ընդունված լիներ, իսկ ովքեր չեն ցանկանում փախստական կոչվել, թող ընդունեն ՀՀ քաղաքացիություն։ «Ի վերջո, մարդիկ կուզենան թոշակ ստանալ, աշխատել կարևոր պաշտոններում։ Այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն այդ կարգավիճակից, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասաց հայտնի իրավաբաններից մեկը, որը սովորաբար դեմ է  նիկոլականների որոշումներին։ Նա չցանկացավ անուն նշել՝ ասելով, որ այս անգամ ճիշտ որոշում է ընդունվել։ 

Իշխանության խաղաքարտերը խառնեց արտակարգ և լիազոր դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։ Նա ՖԲ-ով մեկ հայտարարեց, որ փախստականի վկայագիրը, որն ընդունվել է որպես փաստաթուղթ, արցախցիներին պետք չէ և միայն ավելացնելու է նրանց տանջանքները․ 
«ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար շրջանառության մեջ դրվող «Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական» կոչված թուղթը՝ միջազգային իրավունքով սահմանված, մարդկանց փախստականի կարգավիճակ չի տալիս։ Ամեն ինչ կորցրած մարդկանց ծանակելու ու նոր տանջանքների մատնելու հիմք ստեղծող «իրավական» գործընթաց։ Սադիզմ»։ 

Նա չցանկացավ իր կարծիքն ավելի մանրամասնել։ «Հրապարակի» հետ զրույցում ընդամենը տեսակետ հայտնեց, որ ընդունված փաստաթուղթն արժեք չունի, որովհետև ունենք փախստականի մասին օրենք, այդ կարգավիճակի ու դրա հետ կապված փաստաթղթավորման։ «Սա պարզապես մեր օրենսդրությանը հակասող, անհասկանալի մի բան է»։ Այդ դեպքում ինչո՞ւ են արել։ «Իմ համոզմունքով՝ սա մտածված քայլ է փախստականների դեմ՝ հումանիտար տեսանկյունից առարկայական պարտավորություններ չստանձնելու համար։ Այդ մարդկանց գցելու են լրացուցիչ տանջանքներ մեջ, զրկելու են նյութական միջոցներ ստանալու հնարավորությունից, որ ինչ-որ բաներ պարտադրեն հետագայում։ Տպավորությունս այդպիսին  է։ Կարծում եմ՝ նրանք մեծագույն դժվարությունների առաջ են կանգնելու հենց այս փաստաթղթի դրույթների պատճառով»,- ասաց Արման Մելիքյանը։ 

Արդարադատության նախարարության խոսնակին խնդրեցինք պատասխանել, թե արդյո՞ք փախստականը կստանա աշխատավարձ, թոշակ, կկարողանա՞ մասնակցել ընտրություններին։ Ստացանք հետևյալ պարզաբանումը․ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ապաստան հայցողներն ու ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ՀՀ տարածքում աշխատանք փնտրելու և աշխատելու նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիները, ․․․Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, հանրային ծառայության անցնելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»։ Պարզաբանումից բխում է  նաև, որ փախստականները չեն կարող մասնակցել համապետական ընտրություններին։ «ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, այդ թվում՝ ՀՀ-ում գտնվող փախստական ճանաչված անձինք, չեն կարող մասնակցել համապետական ընտրություններին, սակայն կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում ՀՀ-ում»: