Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ դերվիշի դերում․ Քաղաքական ասեկոսե

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ դերվիշի դերում․ Քաղաքական ասեկոսե

Օրերս տեղի ունեցած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո մեծ ասուլիսի առիթով ՀՀ վարչապետի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես կոչ արեց նախագահ Սարգսյանին դուրս գալ փողոց ու տեսնել, թե ինչ կարծիքի են մարդիկ իր և իր ղեկավարած քաղաքական ուժի մասին....

Չար լեզուները պնդում են, որ Մանե Գևորգյանը հենց նույն օրը մեկ այլ՝ չհրապարակված հայտարարությամբ առաջարկ է արել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ լիովին ծպտված, միասին դուրս գալ փողոց և անձնապես տեղեկանալ,թե քաղաքացիների կարծիքով ՀՀ նախկին ու ներկա ղեկավարներից ով է առավել մեծ վտանգ ներկայացնում հայոց պետության ապագայի համար...
Հայաստանի երկու ղեկավարները մեծաթիվ մարդկանց հարցուփորձելով պարզել են, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձի ահուսարսափը թեև նկատելիորեն մեղմվել է, սակայն, այդուհանդերձ, հարցվածների թվի կեսի կարծիքով՝ այն առայժմ մնում է որպես մեր երկրի պետական հիմքերի խարխլման ամենալուրջ սպառնալիքը:

Իսկ հարցվածների թվի մյուս կեսը կարծում է, որ այժմ ՀՀ-ին սպառնացող թիվ մեկ վտանգը ներկայիս վարչապետն է՝ մասնագիտորեն անճարակ ու թուլակազմ իր թիմով: Փաշինյանը միակն է, ով իշխանության է եկել, այսպես կոչված, «արդի հեղափոխության գրավիտացիայի» հուժկու ալիքով, որն իր ազդեցության դաշտի մեջ առավ հիմնականում հասարակության ստորին խավի մեծաքանակ բազմություններ: Եվ հենց վերջիններիս շնորհիվ էլ «լրիվ լեգիտիմ» վարչապետ դարձած Փաշինյանը ավելի քան երկու տարվա ընթացքում այդպես էլ չի ուզում ձերբազատվել կամ չի կարողանում հոգեբանորեն հաղթահարել Չե Գևարայից էլ թունդ հեղափոխական լինելու սեփական ինքնախաբեության արդեն իսկ արմատակալած մարմաջ-մոլորությունը: Դրա պերճախոս ապացույցն է այն, որ ՀՀ այսօրվա առաջնորդը բոլոր ժամանակների մոլի հեղափոխականների նման «հին կյանքը հիմից քանդելով»՝ այժմ նկատելի ապարդյուն ջանքեր է գործադրում կենսական բոլոր կարևոր բնագավառներում,այդ թվում՝ մարդկանց ուղեղում ու հոգում, իր՝ «սեփական զրո սկզբնակետից» ամեն ինչ նորից սկսելու կամ վերափոխելու ակներև խաբկանքը իրականություն դարձնելու համար:

Այսպիսի գնահատականից, հավանաբար, զգալի ոգևորված՝ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասել է.

-Նիկոլ Վովայի, երկու տարի առաջ ես հայտարարեցի, որ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր՝ ես սխալվեցի»: Սակայն հենց նոր երկուսս էլ համոզվեցինք, որ այն ժամանակ լեգիտիմության առումով դու իսկապես ճիշտ էիր, իսկ ես իշխանությունը քեզ հանձնելով, ցավոք, սխալվեցի...
Ի պատասխան ազգափրկիչ վարչապետը չարագուշակ հոխորտացել է.

- Սերժ Ազատիչ, «եշչյո նե վեչեր...». Ձեր էդ նախկին մարգարեությունը Ձեզ մինչ օրս տառացիորեն փրկել է, սակայն էսօրվանից իմացեք, որ այն արդեն ուժը կորցրել է: Ինչպես նման դեպքերում ընդունված է ասել՝ համարել անվավեր...

Այդուամենայնիվ, երկրի ներկա և նախկին ղեկավարները հայավարի ջերմ ձեռքսեղմումով բաժանվել են՝ քայլելով մեկը մյուսին հակառակ ուղղությամբ...
Նույն չար լեզուները համառորեն հավատացնում են, որ Սարգսյան-Փաշինյան այս աննախադեպ միջոցառման ամբողջ ընթացքում իր թաքուն դիտակետից երկու գործընկերներին ուշիուշով հետևել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՆԱՐԵԿ  ՀՈՎՅԱՆ