Պատերազմի աղետները՝ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկարներում»

Պատերազմի աղետները՝ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկարներում»

«Կան բաներ, որոնք մեկնաբանության կարիք չունեն։ Գործելն էն գլխից ինձ համար ավելի կարեւոր է եղել, քան խոսելը։ Իմն աչքիս տեսածն է, ես փիլիսոփա չեմ։ Այդ իսկ պատճառով ես իմ նկարներում միշտ կարծիք եմ հայտնում, ցույց եմ տալիս, թե ինչ կա իրականում, եւ թե ինչ պետք է ասվի հանուն ճշմարտության»։ Սրանք գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ եւ փորագրանկարիչ Օտտո Դիքսի խոսքերն են, ով անցնելով Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքների միջով՝ գեղարվեստորեն վավերագրել է պատերազմի իրականությունը, ինչպես ինքն է նկատել՝ իր աչքի տեսածը՝ հանուն ճշմարտության։

Մայիսի 3-28-ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում, Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի (ifa), Երեւանում Գյոթե կենտրոնի եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ ներկայացվում է Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը, որով էլ այս օրերին տրվեց Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե-Երեւան 2023-ի մեկնարկը։
Օտտո Դիքս․ «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ երեւանյան ցուցահանդեսին ներկայացված է գեղարվեստական տպագրության 86 աշխատանք, որոնք արտացոլում են Առաջին համաշխարհային պատերազմի սարսափը։ Օտտո Դիքսը չի մեկնաբանում պատերազմը, նա վերարտադրում ու փորագրանկարչական նյութի մակերեսին բառացիորեն վերապրում է իր ժամանակի խաչմերուկներում իրար բախվող ողբերգությունն ու զավեշտը։  
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ, նախագծի ղեկավար Սոնա Հարությունյանն ասում է՝ գերմանական կողմը հավաքածուն իրենց ուղարկել է ամբողջական՝ ինչպես որ կա, բայց հայկական կողմին ընձեռվել է հնարավորություն՝ համադրել այնպես, ինչպես որ հայ համադրողն է ցանկանում։ Ցուցահանդեսը համադրել է Սոնա Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի, պաստառների, բացիկների ձեւավորման հեղինակն է Սարգիս Անտոնյանը։  

«Մեր նպատակն էր, որ կարողանայինք ցույց տալ, թե այդ պատերազմական ժամանակահատվածում ինչպիսի վիճակում է գտնվել հասարակությունը, եւ որպես առանցք՝ ընտրել ենք հասարակության տարբեր շերտերի կյանքը, որոնց կողքով անցնում է պատերազմը։ Ինձ համար՝ որպես նախագծի ղեկավարի եւ ինչ-որ չափով էլ նաեւ համադրողի, շատ կարեւոր էր այս հավաքածուն Հայաստանում ներկայացնելը, որովհետեւ այսօր հայ հասարակությունն ապրում է հենց այդ նույն հոգեվիճակում, ինչու չէ՝ նաեւ ֆիզիկապես այն իրավիճակում, որում ապրել է Գերմանիայի կամ համաշխարհային հասարակությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Եվ այսօր Օտտո Դիքսի ներկայությունը Երեւանում խորհրդանշական է եւ նշանային, որովհետեւ 2020-ի պատերազմից հետո էլի եղան պատերազմներ, վայրիվերումներ՝ հասարակական ու քաղաքական կյանքում, որոնք իրենց արտացոլումն են գտել նաեւ այսօր Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» ցուցահանդեսի շրջանակներում»։

Օտտո Դիքսի հզորությունը, ըստ Ս․ Հարությունյանի, նաեւ նրանում է, որ անգամ մերկ մարմինների, հասարակաց տան կանանց պատկերներում վուլգարության որեւէ նշույլ չկա, քանի որ արված է ծայրաստիճան արվեստով։ «Արվեստագետն ինքն էր ասում, որ ես այնքան եմ սիրում իրականություն պատկերելը, որ նույնիսկ պատերազմը պատկերելու համար գնացի պատերազմ, որպեսզի ինքս ինձ վրա զգամ իրականությունը․․․ ի դեպ, հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Օտտո Դիքսը պատերազմ է մեկնել 2 գրքով՝ մեկը եղել է Նիցշեի հավաքածուն, մյուսը՝ Աստվածաշունչը»։

Օտտո Դիքսը (1891-1969) գերմանական էքսպրեսիոնիզմի ամենավառ անհատականություններից եւ Neue Sachlichkeit (Նոր իրեղենություն) նկարիչների խմբի ներկայացուցիչ է․ «Պատերազմի այս շարքը ստեղծելուց հետո արվեստագետը հետամուտ է լինում «Նոր  իրեղենություն» նկարչական խմբի ստեղծմանը Գերմանիայում, որը գերմանացի նկարիչների խմբավորում էր։ Դրանք այն արվեստագետներն էին ու համախոհները, որոնք Օտտո Դիքսի կողքին էին ու, ինչպես նա, պատկերում էին իրական կյանքը՝ սրելով այն բոլոր զգացողությունները, որոնք ինչ-որ տեղ դառնում էին նաեւ գրոտեսկային, ու դրանով փորձում էին ցույց տալ այն նոր իրողությունները, որ պատերազմից հետո ստեղծվել էին»։
Վարիետեի պարուհուց մինչեւ խրամատում կռիվ տվող զինվորը ապրում են պատերազմի արհավիրքը, պատերազմը հավասարապես ավերում է մարդկանց հոգին ու մարմինը։ Պատերազմի արհավիրքները, ի վերջո ու նախեւառաջ, փորագրված են Օտտո Դիքսի ճակատի կնճիռներում եւ դատապարտող հայացքում։      

«Ինչո՞ւ է այսօր կարեւոր Հայաստանում այս արվեստագետի ներկայությունը․ դա նախեւառաջ պատմական շերտն է, որովհետեւ դեռ 100 տարի առաջ հասարակությունները վերապրել են այսպիսի իրավիճակներ, եւ, ինչպես կյանքը ցույց է տալիս, մենք, միեւնույն է, գոյություն ունենք։ Ցուցահանդեսի այդ ծանրության մեջ կա նաեւ այդ լույսի, հույսի նշույլը, որ այս բոլոր ցավերը վերապրելուց, հաղթահարելուց հետո մարդը շարունակում է ապրել, որովհետեւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւս մի համաշխարհային պատերազմ եղավ, ու այստեղ է, որ հասկանում ենք՝ մարդը երբեք դասեր չի քաղում, ու հիմա՝ 21-րդ դարի սկզբին, նույն իրավիճակում ենք։ Այս իմաստով, զուտ մարդկային վերապրումներից ելնելով, պատերազմները չեն փոխվում, պատերազմներում փոխվում է միայն զենքի արտադրման առաջընթացը»,- ասում է նա։

Սոնա Հովհաննիսյանն ընդգծում է՝ Օտտո Դիքս նկարիչը բացառիկ է նաեւ նրանով, որ այս շարքը պատկերելու համար դիմել է ոչ թե կտավի, վրձնի ու յուղաներկի օգնությանը, այլ ընտրել է փորագրանկարը։ «Փորագրանկարի մակերեսը, իմ կարծիքով, իր համար հանդիսացել է պատերազմի դաշտ, նաեւ՝ իր հույզերի պայքարի դաշտ։ Եթե այս աշխատանքներն արված լինեին կտավի վրա, մեր վերապրումներն էլ այլ կլինեին, եւ այս սուր բախումը չէր լինի, որովհետեւ գեղանկարը չէր թողնի, որ մենք բախվեինք այդ իրականությանը, իսկ փորագրությունն այդ դաժան իրականությունը փոխանցում է մեզ։ Հետաքրիր է, որ Օտտո Դիքսն ասում էր՝ ի՞նչ է նշանակում դաժան իրականություն, ամեն ինչն էլ իրականություն է՝ չկա դաժան ու ոչ դաժան, սա կյանքն է, ուրիշ բան, որ կյանքն ունենոմ է փուլեր, որտեղ մի քիչ շատ կամ քիչ է այդ դաժանությունը»։

Դիքսի «Պատերազմ» օֆորտային շարքը հաճախ համեմատվում է Գոյայի «Պատերազմի աղետները» ստեղծագործության հետ։ «Ես տարիներ շարունակ, առնվազն տասը տարի, միշտ երազներ եմ տեսել, որոնցում ես ստիպված էի սողեսող անցնել ավերված տների միջով, միջանցքներով, որոնցից ես հազիվ էի կարողանում դուրս գալ։ Ավերակները մշտապես իմ երազներում էին… Այնպես չէ, որ նկարելն ինձ համար ազատագրման միջոց էր»,- ասել է Օտտո Դիքսը, ով այդ մշտական մղձավանջից ազատվելու համար գեղարվեստական միջոց է փնտրում ու դա գտնում է օֆորտի մեջ, որը լայն հնարավորություն է ընձեռում՝ «Պատերազմ» թեմային անդրադառնալու ցիկլերի ձեւով։ Ընդամենը կես տարում՝ 1923-ի աշնանից մինչեւ 1924-ի գարունը, նա ստեղծում է հիսուն աշխատանք ընդգրկող «Պատերազմ» օֆորտների շարքը։

«Շատ կարեւոր է նաեւ այսօր հայկական արվեստային դաշտում այս արվեստագետի ներկայությունը, որովհետեւ ցանկացած տարիքի արվեստագետի համար այն պետք է ե՛ւ ուսանելի լինի, ե՛ւ միեւնույն ժամանակ՝ սթափեցնող, որովհետեւ շատ անգամ արվեստագետները կորցնում են իրենց ճիշտ տեղը գտնելու եւ իրենց նվաճումները ճիշտ դարակի մեջ դնելու հատկությունը։ Ինչո՞ւ է հիմա մի փոքր լճացած վիճակ․ որովհետեւ արվեստագետն իրեն պատասխանատու չի զգում հասարակության առջեւ, այս արվեստագետն իրեն պատասխանատու է զգացել հասարակության առջեւ, իսկ այդ հասարակությունից ոչ բոլորն են գնացել պատերազմ։ Ինքը գիտակցաբար է գնացել, որպեսզի հետո նույն այդ հասարակությանը պատմի, սթափեցնի, որ այլեւս տեղի չունենան պատերազմներ, բայց փաստը մնում է փաստ, որ 1924-ին ստեղծված փորագրանկարները մենք ցուցադրում ենք 2023-ին, որոնց ակտուալությունը, արվեստային ուժը եւ ասելիքը, ցավոք, չի նվազել»,- ասում է Ս․ Հովհաննիսյանն ու նկատում, որ շատ լավ կլիներ, եթե հատկապես ուսումնական հաստատությունները, բուհերն այս օրերին օգտագործեին այս բացառիկ հնարավորությունը եւ դասարաններով, խմբերով այցելեին ցուցադրությանը, ինչպես նաեւ արվեստաբանները մասնագիտական առումով օգտագործեին այս առիթը՝ գրելու, քննարկելու եւ խոսակցություն բացելու համար։