«Իյա՜, իրո՞ք» մեղավորներ եք փնտրում․․․

«Իյա՜, իրո՞ք» մեղավորներ եք փնտրում․․․

Զարմանքս մեծ է, երբ Էրեբունի ամրոցի  պոռնոսկանդալից այդպիսի աղմուկ է բարձրացվել։ 

Ի՞նչ են կամեցել ասել կատարողները՝ մենք թքած ունենք ձեր մշակույթի, հոգևոր արժեքների, սրբությունների, ձեզ վրա։ Դրա մեջ ի՞նչ կա զարմանալու։ Չորս տարի թքում են մեր մշակույթի, գրականության, հոգևոր արժեքների, ավանդույթների, հերոսների, հուշակոթողների  վրա։ Առաջին թուքը բաժին հասավ եկեղեցուն, Արցախի հերոսներին, Եռաբլուրում ննջողներին։ Թշնամուն հանձնեցին մեր եկեղեցիները, հուշակոթողները, քաղաքները, գյուղերը, մե՜ր գերեզմանները։ Այսօր պղծվում, հիմնահատակ ավերվում են Արցախը պաշտպանած հերոսների, նրանց ծնողների, հարազատների շիրիմները․․․Արցախում զոհված մեր տղաների ոսկորները մեշոկներով թափված էին գետնին, ավելի սարսափելին չեմ ուզու՜մ նշել, որովհետև մեր ուսերին այս չորս տարում դժբախտությունների այնպիսի բեռ է դրվել, որ Եռաբլուրը բետոնեցին, որ հազարավոր 18 տարեկանների ողբն ու կականը երկինք չհասնի։ Հիմա ձեզ հուզում է պոռնոսկանդա՞լը։ Մեղավորնե՞ր եք փնտրում։ ԱԱԾ, ոստիկանություն, իրավական լուծումնե՞ր եք ուզում։ «Իյա՜, իրո՞ք» մեղավորներ եք փնտրում․․․

Դուք պահանջատեր չեք այլևս, որովհետև, երբ այգին ցանկապատված չէ, դրսից ինչ կենդանի ասես, կարող է մտնել ու ոտնատակ տալ։ Այգու ցանկապատը ներսից քանդել են, ու մենք հիմա կանգնած ենք հոշոտող գազանների առաջ։ Դուք դա դեռ լուրջ չեք ընդունում՝ կատակում, հումորներ եք անում, որովհետև մեծ ողբերգությունից առաջ Աստված վերցնում է մարդու խելքը, որ  մարմինը դիմանա․․․ 

ՀԳ. Հիշեցնենք, որ Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ: Զույգը ևս մեկ տեսանյութ է նկարել Դալմա մոլում: