ԴՆԹ անող կենտրոնը ծանրաբեռնված է աշխատում․ քաղաքացիները այդ միջոցով փորձում են գտնել զոհված իրենց հարազատին

ԴՆԹ անող կենտրոնը ծանրաբեռնված է աշխատում․ քաղաքացիները այդ միջոցով փորձում են գտնել զոհված իրենց հարազատին

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է ԴՆԹ թեստեր, կարելի է ասել, գիշեր-ցերեկ աշխատանքային պրոցեսի մեջ է։ Պատճառն այն է, որ պատերազմի ընթացքում եւ հրադադարից հետո քաղաքացիները գնում են այդ կենտրոն` ԴՆԹ անալիզ հանձնելու համար՝ ռազմաճակատում զոհված իրենց հարազատին այդ միջոցով գտնելու նպատակով։

Կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը չի ցանկանում այդ թեմայով խոսել՝ ասելով, թե դա նախաքննական գաղտնիք է, մյուս հարցերով մեզ ուղղորդեց առողջապահության նախարարություն, որի ենթակայության տակ էլ գտնվում է այդ կենտրոնը։

Նախարարության մամուլի խոսնակը մեզ փոխանցեց, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում․ «Դա քննչական գործողություն է համարվում, այսինքն՝ փորձաքննություն անում է դատաբժշկական կենտրոնը, ինքն ընդհանուր քննչական գործողություն է։ Ինչ վերաբերում է իրենց աշխատանքին, ապա իրենք ծանրաբեռնված աշխատում են պատերազմի ամբողջ ընթացքում»։

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանության կենտրոնի հրապարակած գնացուցակի համաձայն՝ ԴՆԹ թեստի արժեքն այնքան էլ ցածր չէ։ Ըստ այդ գնացուցակի՝ հայրության, մայրության որոշումը 1 կամ 2 ծնողներից՝ 1 երեխայի համար, արժի 200 հազար դրամ, իսկ ազգակցական կապի որոշման համար հարկավոր է վճարել 330 հազար դրամ։

Առողջապահության նախարարությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ պատերազմում զոհված անձանց հարազատների համար ԴՆԹ անալիզը կատարվում է պետպատվերի շրջանակում, այսինքն՝ անվճար։

Նշենք, որ Պաշտպանության բանակի հրապարակած տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թիվը չի անցնում երկու հազարը, մինչդեռ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական կողմը տվել է 4750 հաստատված զոհ, որի մասին փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։

«ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով ունենք
2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած։ 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։ 4750 անուն, ազգանուն և ճակատագիր։ 4750 դժբախտացած ընտանիք։ 4750 մարած լույս։ 4750 չիրականացած երազանք։ 4750-ը թիվ չէ, մեր միսն ու արյունն է։ Մի ամբողջ սերունդ է։ Մի մեծ քաղաք է։ Մի մեծ բանակ է»,-գրել էր նախկին պաշտոնյան։