Ապաշնորհ, թույլ, անզոր, նենգ ու իր շահը ամենից վեր դասող մեկը երկիրը տարավ կործանման

Ապաշնորհ, թույլ, անզոր, նենգ ու իր շահը ամենից վեր դասող մեկը երկիրը տարավ կործանման

Սարսափելի լուրը ստանալուց հետո, ազգակիցներիս պես մղձավանջային օրեր անցկացրեցի` փորձելով լրատվամիջոցների հորձանուտում սուտ և ճիշտ լուրերից հասկանալ՝ ինչ է կատարվել և ինչ է կատարվում հիմա մեր երկրում և աշխարհում: Երբեք  չէի եղել այսքան ընկճված ու անզոր: Փորձում էի վերլուծել կատարվածի պատճառները, չէի ուզում սխալվել: Սա էր հավանաբար լռությանս պատճառը: Բայց հիմա, տեսնելով այն անորոշությունը, որում բոլորս ենք, առանց հունի գետի նմանված մեր հասարակության հուսահատությունը, հասկանում եմ, որ ուշացել ենք և շարունակում ենք հետ մնալ ամեն ինչից՝ այն պարագայում, երբ թշնամին ամեն ժամն օգտագործում է իր նենգ գործընթացներն առաջ տանելու համար, և ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ուստի, առանց խելացի երևալու հավակնության, փորձեմ մտորել բարձրաձայն:

Ի՞նչ ունենք այսօր՝ ծնկի իջած, դավաճանված հայրենիք, բարոյալքված, ճնշված ինչ-որ տեղ նաև իրավիճակը ոչ համարժեք ընկալող հասարակություն և՛ Հայաստանում, և՛ ամբողջ սփյուռքում, որը սպասում է գործնական քայլերի: Բայց ու՞մ  կողմից...  

Ունենք դավաճան վարչապետ, իսկ, անմեղության կանխավարկածը հարգելու պարագայում, համարենք ապաշնորհ, անկարող, թույլ, անզոր, բայց նենգ, անհոգի, իր անձն ու շահը ամենից վեր դասող, ինքնասիրահարված մեկը, որն ուղղակի երկիրն ու մի ամբողջ ժողովուրդ տարավ կործանման ճանապարհով և դեռ երկար տարիներ են պետք, որպեսզի վերգտնենք ինքներս մեզ: 
Ունենք բարոյազուրկ, տկար, կառավարություն: Կառավարության անդամներ, որոնք պատասխանատու են կառավարության  ամբողջ գործունեության և քաղաքականության տապալման գործընթացի համար: Դատավճիռը կպարզի՝ միտումնավոր էր այդ դավաճանությունը, թե բացարձակ անկարողության ու անհեռատեսության հետևանք: 
Ունենք Ազգային Ժողով, որի փոքրամասնությունը ոչ մի կերպ չի կարող մեծամասնությանը ստիպել շարժվել իրենց նախանշած գործընթացներով / ընթացակարգերով: Պատճառը՝ ժողովրդի տված վստահության հսկայական քվեն է, ինչը բթացնում է ճնշող մեծամասնություն դարձած ուժին, դարձնում չարիք/աղետ, ցանկացած հասարակության, պետության և հենց նույն իշխանության համար:                                                                                                                                                                                                                      

Մեր հուզական, կուռքեր սիրող ժողովուրդն ընտրում է անձերի միջև, այլ ոչ գաղափարների: Տվեց հսկայական քվե առաջին նախագահին ու տապալվեց, ստացավ այն, ինչ եղավ չարիքների սկիզբը հետագա տարիների համար: Այս անգամ ծայրահեղությունը հանգեցրեց մի ամբողջ ժողովրդի բարոյահոգեբանական անկման և հսկայական կորուստների: Ազգային ժողովի պատեհապաշտ և հիմնականում անդեմ մեծամասնությունը պիտի պատասխան տան օրհասական ժամին իրենց անգործունեության ու ճղճիմ վարքագծի համար:
Քաղաքական մեծամասնություն կոչվածն ի զորու չէ սթափ, տրամաբանական որոշումներ կայացնել, որովհետև  ստրկացված է, ծառայում մեկ անձի ու կատարում նրա քմահաճությունները: 
Ունենք նախորդ իշխանություններ և իրենց քաղաքական հենարան հանդիսացող քաղաքական կուսակցություններ, որոնք  հավասարապես մեղավոր և պատասխատու հակամշակութային և անբարո այս իրավիճակի, տասնամյակների ընթացքում առանց որևէ գաղափարախոսության քաղաքականություն վարելու համար:  Մեղավոր է թալանի, երկրի կեղեքման, անձնական հարստահարման պարարտ միջավայրի ստեղծման, հայի բարձրակարգ տեսակի հետ որևէ աղերս չունեցող հասարակության հսկայական շերտ ձևավորելու համար: Այս ամենն արվել է պետական բոլոր հնարավոր լծակներով:  Եվ որոշ մտավորականների ու հասարակության կայուն, առողջ ուժերի ջղաձգումներն ու ընդվզումները որևէ շոշափելի արդյունք չէին տալիս: Այդ անհաջող, հայրենադավ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր գնալ ցանկացածի հետևից և ժողովրդին դրանում մեղադրել չի կարելի: Ժողովրդին հասցրել էիք այդ վիճակին: Հիմա ձե՛ր ժամն է մաքրել քաղաքական դաշտը ձե՛ր իսկ շնորհիվ իշխանության եկած աղանդից: Օգտվե՛ք այդ հնարավորությունից և ձեզ միացած նոր կուսակցությունների աջակցությունից: Մաքրե՛ք քաղաքական դաշտը դավաճաններից ու թափթփուկներից:
Ունենք  քայքայված տնտեսություն,  հսկայական  արտաքին պարտքեր, տասնամյակների տապալված դիվանագիտություն, բզկտված Հայրենիք:

Ունենք Բանակ, որն այսօր մեր զորակցության կարիքն էլ ավելի շատ ունի, քան մենք իրենը: Անհարկի կամ նաև հարկի քարկոծումները կարող են քայքայման հասցնել մեր միակ պարծանքը՝ Հայոց Բանակը, ինչն անկարելի է թույլ տալ: Բանակն էլ մեր հասարակության հայելին է, հետևաբար անորոշության, անզորության ու մնացյալ ծիլերն այնտեղ էլ են առկա, ինչն անհրաժեշտ է արագ արմատախիլ անել։ 

Ունենք հասարակության վտանգավոր չափի լայն շերտ, որն ապրում է կեղծ, արհեստականորեն իրեն ներարկված արժեհամակարգով, հասարակություն, որը 30 տարիների իշխանությունների կողմից տարվող հետևողական քաղաքականության շնորհիվ դարձել է նյութապաշտ ու մորթապաշտ, բացարձակ անհայրենասեր, սեփական անձն ամենից վեր դասող, անգաղափար, ցածրաճաշակ: Դաստիարակել ենք մեծամիտ, ինքնահավան, ալարկոտ, դատարկամիտ, բարոյական արժեքներից զուրկ, անհավատ մի ստվար խավ, բազմացրել և ներմուծել տարբեր բնագավառներ:
Տեղի է ունեցել մի ամբողջ հասարակության բանականության խաթարում, քայքայում, ինչի դեմ հիմա ստիպված պիտի պայքարենք: 

Հայը չունի իր Տեսակի և իր իսկ Պետականության նկարագրության ներդաշնակ, կուռ համակարգ՝ ով ենք, որտեղից ենք գալիս, ինչ առաքելությամբ և ուր ենք գնում, չունենք դրա գիտական, և ոչ հուզական ձևակերպումները: Չունենք որևէ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: Արդյունքում Հայկական աշխարհը մնում է ինքնատիպ, բայց առանց ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ, ուստի՝ առանց արժանապատիվ ապրելու և նույնիսկ գոյատևելու հեռանկարի: 
Ահա՛ մեր պատմության՝ շրջապտույտի պես կրկնվելու գաղտնիքը: Պետք է փոխենք մեր ընթացքի ուղղությունը, ավելի ճիշտ՝ պետք է վերջապես ուղղություն որդեգրենք:
Ստեղծված իրավիճակի մեղավորը բոլորս ենք, նախևառաջ ես և ինձ նման հազարավոր մարդիկ, որ պիտի թույլ չտային դա: Որքան էլ բոլոր իշխանությունների օրոք քննադատել, դեմ եմ դուրս եկել համակարգի և արատավոր երևույթների դեմ՝ քի՛չ էր: Մեղավոր ենք, վա՛տ պայքարեցինք և հիմա հատուցում ենք:

Այո, մենք կարող ենք այսօր ընկճվել, հիասթափվել, լքել մի բուռ մնացած հայրենիք կոչվող այս հողը և բարեկեցիկ կյանք փնտրել աշխարհի տարբեր երկրներում: Արդեն իսկ այսօր կան այդպիսի տրամադրություններ: Բայց եթե ուզում ենք արժանապատիվ ապրել այս  աշխարհում, պարտավոր ենք գործել և սկսել անհապաղ:

Ի՞նչ է պետք անել. 
• Կատարել անցյալի համապարփակ, համակողմանի, խորը մասնագիտական վերլուծություն, հասկանալ բոլոր առերևույթ և աներևույթ սխալներն ու դրանց պատճառները: 
• Ուղենշել ստեղծված իրավիճակից հնարավոր քիչ կորուստներով դուրս գալու բոլոր հնարավոր ճանապարհները՝ օգտագործելով վերլուծական գիտա-ապացուցողական ամբողջ լուսակը (սպեկտորը): 
• Հասկանալ, համադրել և գտնել մեր պետության շահը ներկա աշխարհաքաղաքական առկա և սպասվող փոփոխությունների պայմաններում: 

 • Եվ ի վերջո, սկսել մշակել ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: 

Ստեղծված իրավիճակում այս ամենը պետք է անել միաժամանակ, զուգահեռաբար: 
1. Հարկ է շտապ ձևավորել աշխատանքային խմբեր՝ ներառելով մեր ազգի բոլոր գիտակ, ստեղծագործ, իմաստուն ու բանիմաց անհատներին հայրենիքից և սփյուռքից՝ մշակելու ռազմավարություն, մարտավարություն և ձևակերպելու տեսլականներ բոլոր ասպարեզներում ու կարևորագույն ոլորտներում: 
 2. Միանալ այս գործընթացին գիտական ինստիտուտներով, պետական ու հասարակական կառույցներով, մասնագիտական ամբիոններով, Սփյուռքի և Հայաստանի հնարավոր մասնագիտացած կառույցներով ու անհատների լայն ընդգրկումով՝ առանց բացառության, առանց սահմանափակումների,  բարձրագույն որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խմբերով, նեղ-մասնագիտական հանձնաժողովներով: 
3. Մասնագիտական հանձնաժողովներն իրենց բանավեճերի ու քննարկումների արդյունքում ձևավորված տեսլականներն ու գաղափարները կներկայացնեն առաջարկներ, դրանք համադրելով կառաջարկվեն ճանապարհային քարտեզներ, դրանց հիման վրա կմշակվի ընդհանուր ռազմավարություն և ազգային գաղափարախոսություն, որոնք կառաջարկեն հաջորդ Ազգային ժողովին և կառավարությանը: 
 4. Բոլորովին պիտի չկարևորվի, թե այդ մասնագետները ո՞ր  իշխանությունների և կառավարությունների ժամանակ են գործել, հաշվի պիտի չառնվի վերաբերմունքն անձի հադեպ, հիմք պիտի ընդունվեն միայն մասնագիտական ներուժն ու գործին օգտակար լինելու կարողությունն ու մեծ ձգտումը:  Մեզ հարկավոր են ինքնավստահ, բանիմաց, արհեստավարժ մասնագետներ և արժանապատիվ մարդիկ բոլոր ոլորտներում: Մեր հույսը մեր լուսավոր երիտասարդությունն է, որին պետք է նեցուկ լինի փորձառու և ազնիվ ավագ սերունդը:

Ո՞վ պետք է անի.

Այս հսկայական գործընթացը կազմակերպելու համար հարկավոր են պետական կամ ինստիտուցիոնալ կառույցներ: Ընտրությունը բավականին բարդ է և պատասխանատու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունն այսօր չի վստահում ոչ մեկին, ոչ մի կառույցի, անձնավորված վերաբերմունք ունեն մեկը մյուսի հանդեպ: Հասկանալով պատճառները՝ միևնույն է պետք է համախմբվել որևէ կառույցի շուրջ, քանի որ բզկտված հասարակությունը դատապարտված է կործանման: Գուցե մի քանի դեռ չվարկաբեկված կառույցներ միավորվեն, տան ընդամենը իրենց հովանին, դառնան Բարձրագույն Երաշխավոր և համակարգեն դժվարին գործընթացն՝ առանց խառնվելու մասնագիտական քննարկումներին:
Ինքս պատրաստ եմ կանգնել հայրենիքի գաղափարով տոգորված և այդ նպատակին ծառայելու միտված յուրաքանչյուր անհատի, կազմակերպության, ինստիտուցիոնալ, կամ նոր ստեղծվող կառույցի կողքին, որը կհավատա և կլծվի հայրենանպաստ գաղափարի իրականացման գործին:
Մենք այլևս ոչ թե օր, այլ ժամ չունենք սպասելու: 

Եթե ուզում ենք իրավունք ունենալ հայ կոչվելու և ապրելու այս  աշխարհում, եթե արժանապատիվ ժողովուրդ ենք, եթե մեր ՄԵԾ և ԱՆՆՄԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ժառանգներն ենք և հարգում ենք նրանց հիշատակը, պարտավոր ենք վերգտնել մեր ուժերը, լինել ամուր, իսկական հայի տեսակին հարիր և օր առաջ, ժամ առաջ սկսել գործել: Մենք պարտք ունենք տալու բոլոր ժամանակների ՀԵՐՈՍԱՑԱԾ տղաներին և այդ պարտքը պիտի տանք այնքան ժամանակ, մինչև հասնենք արժանապատիվ, հզոր և առաջադեմ կարգավիճակի՝ իր ամբողջական պատմական տարածքներով:  
Եվ գալու՛ է այդ օրը:

Տիգրան Հեքեքյան