Սխալվողներն ու աթոռապաշտները որ բևեռում էլ լինեն, հայտնվելու են պատմության աղբանոցում․ Արթուր Բաղդասարյան

Սխալվողներն ու աթոռապաշտները որ բևեռում էլ լինեն, հայտնվելու են պատմության աղբանոցում․ Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է, գործնական հանդիպումներ է ունենում տարբեր գործիչների հետ։

Նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպում եղավ նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշևի և Բաղդասարյանի միջև։ Հատկանշական է, որ Պատրուշևի հետ ԱԽ գործող քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հանդիպել։ 

Հետպատերազմյան իրավիճակի և այլ խնդիրների շուրջ Արթուր Բաղդասարյանը պատասխանել է «Հրապարակի» հարցերին։ 

-Պարո՛ն Բաղդասարյան, 44 օր տևած պատերազմի մասով ի՞նչ գնահատականներ ունեք, այդ ընթացքում իշխանությունների գործողությունների մասով ի՞նչ գնահատականներ ունեք՝ հաշվի առնելով, որ ամբողջ ընթացքում ստել են հանրությանը և շարունակում են ստել։ Որպես ԱԽ նախկին քարտուղար անվտանգային ի՞նչ բացեր եք նկատել այս երկու տարիների ընթացքում։ 

-Շատ տարողունակ հարց է, որն իր մեջ նաև պատասխաններ է պարունակում, որոնց հետ դժվար է չհամաձայվել։ Սխալները բազմաթիվ են, պետությունը չի կառավարվում ինստիտուցիոնալ մեխանիզմներով, չկա ռազմավարական պլանավորում, չեն հաշվարկվել անվտանգային միջավայրի ռեալ սպառնալիքները, մի կողմից բացակայել է, մյուս կողմից ճիշտ չի սահմանվել ռազմական անվտանգության և զինված ուժերի ինստիտուցիոնալ զարգացման հիմնական ուղենիշները, բացակայել է օպերատիվ իրավիճակի օբյեկտիվ գնահատման, վերլուծության, հակազդման գործողությունները՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, տեղեկատվական և բազմաթիվ այլ ուղղություններով հատկապես, որ Նախիջևանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններից հետո տեղեկատվության նույնիսկ բաց աղբյուրները թմբկահարում էին վերահաս պատերազմի մասին։ Քիչ չեն սխալները, թերությունները և իրավիճակի ոչ օբյեկտիվ վերլուծությունը նաև 44 օրյա պատերազմի ընթացքում։ Եվ այն արդյունքը, որը ունենք, այս ամենի հանրագումարն է: 
Ազգային անվտանգության խորհուրդը վերոնշյալ խնդիրների լուծման իր անմիջական պատասխանատվություններն ու պարտականությունները պիտի ունենար, ինչը իմ ղեկավարման տարիներին ինտենսիվորեն իրականացվում էր, իմ կողմից ստեղծվել էին ավելի քան երեք տասնյակ միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց հիմնական առանցքը և ուղղությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն էր և դրա միջազգային երաշխիքները: Սա է ինստիտուցիոնալ մոտեցումը, սա է քաղաքականություն, սա է ռազմավարություն, որոնք կարող էին կանխարգելել այն, ինչ տեղի ունեցավ: 

-Օրերս հանդիպեցիք ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ի՞նչ խնդիրներ եք քննարկել, ու՞մ նախաձեռնությամբ եք հանդիպել։ Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք հանդիպեցիք իր հետ, այլ ոչ թե Արմեն Գրիգորյանը։ Ի՞նչ եք քննարկել, ի՞նչ մանրամասներ կհայտնենք հանդիպումից։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի Ռուսաստան Ձեր այցելության հետ։ Ավելին, տեղեկացանք, որ մասնավոր այցով Ռուսաստանում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Հանդիպե՞լ եք միմյանց։ Եթե այո, ի՞նչ եք արել միասին Ռուսաստանում լինելու ընթացքում։ 

-Նիկոլայ Պատրուշևը իմ վաղեմի ընկերն է և բարեկամը, որի հետ առանց թմբկահարելու շատ մեծ աշխատանք ենք կատարել հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում` ըստ որում, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ֆորմատներով, նախաձեռնողն ենք եղել անվտանգային միջավայրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախաձեռնությունների, կոնկրետ քայլերի, գործողությունների, հիմնադիրն ենք եղել առանցքային ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտին առնչվող իրավական բազայի ձևավորմանը և բազմաթիվ այլ իրողություններ։ Այն ներառել է նաև մեր անվտանգությանը, զինված ուժերին, 102 ռազմական բազայի արդիականացմանը, հայկական ռազմարդյունաբերությանը, տեղեկատվական անվտանգության համակարգի զարգացմանը, Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ենթակառուցվածքների զարգացմանը առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Թե ինչի մասին ենք խոսել, գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ, երկու խոսքով, եթե նշեմ՝ առկա իրավիճակ, հնարավոր զարգացումներ, սահմանների դեմարկացիա, գերիների վերադարձ, անհետ կորածների որոնում, մշակութային, ներառյալ՝ եկեղեցային ժառանգության պաշտպանություն ակտիվ ռուսական օժանդակությամբ և այլն։ Ի վերջո ես նաև Հայաստանում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահն եմ, ռուսական խոշոր ընկերությունների Տնօրենների խորհուրդներում ևս ներգրավված լինելով՝ Մոսկվայում շատ օգտակար և կարևոր այլ պետական և հանրային հանդիպումներ եղան և կան բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որ պետք է փորձենք կյանքի կոչել այս բարդ ժամանակաշրջանում։ 

-Որո՞նք են, ըստ Ձեզ, առաջիկա հրատապ քայլերը ստեղծված իրավիճակում և Ձեր գնահատականը։ 

-Առաջիկա հրատապ խնդիրները ես կբաժանեի երեք մասի. Առաջինը՝ հումանիտար հարցեր, ներառյալ գերիների վերադարձ, անհետ կորածների որոնողական աշխատանքներ, դիերի փոխանակման ավարտ, մեր հայրենակիցների վերադարձ հարազատ բնակավայրեր, անօթևանների խնդրի լուծում: Երկրորդը՝ սահմանների դեմարկացիա՝ պրոֆեսիոնալ մասնագետների և ժամանակակից տեխնիկական միջոցների ներգրավմամբ, սահմանային նոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ անվտանգային, կառուցում, ականազերծման աշխատանքների իրականացում, ռուսական սահմանապահ ծառայությունների, հայկական բանակային ստորաբաժանումների ճիշտ տեղակայում։ Ըստ որում՝ այս աշխատանքները պետք է կատարվեն ՌԴ մեր գործընկերների և այլ շահագրգիռ միջազգային կառույցների ակտիվ ներգրավմամբ։ Երրորդ՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հարթակի ձևավորմամբ արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզի մշակում։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսել եմ հրապարակային, քանի որ ունենք բոլորովին նոր իրավիճակ։ Իշխանության պատասխանատվությունը, որի մասին շատ է խոսվում, նախ և առաջ նշանակում է, եթե կուզեք առաջին հերթին նշանակում է վստահության քվեի խնդրի լուծում։ Անհնար է ազգի համար նման շրջադարձային որոշում կայացնելուց հետո իշխանությունը չդնի իր վստահության հարցը ժողովրդի դատին: Դա սոսկ ժամանակի հարց է և նաև դրան հանգելու ձևի։ Եվ ես համոզված կողմնակիցն եմ, որ այն տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև քաղաքակիրթ բանակցությունների ձևով և արդյունքում, առանց ցնցումների և հստակ ճանապարհային քարտեզով, որի մեջ պետք է ներառվեն երկու առանցքային խնդիր` սահմանադրական փոփոխություններով կառավարման ձևի փոփոխության իրականացում՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին և 100% համամասնական համակարգին՝ առանց ռեյտինգային համակարգի։ Մեզ պես երկրի համար մեծ շռայլություն է իմիտացիոն խորհրդարանական համակարգը, այն դեպքում, երբ վարչապետի գերլիազորություններն ավելին են, քան նախագահական կառավարմամբ երկրներում նախագահի լիազորությունները, ինչը և բերում է անձիշխանության, այլ ոչ թե համակարգային և ինստիտուցիոնալ կառավարման համակարգի։ Նույնը վերաբերում է նաև արատավոր ռեյտինգային համակարգին։ Վստահ եմ, որ հենց ընտրություններն են և դրա արդյունքում ձևավորված ժողովրդական իշխանությունն է, որ պետք է գա լուծելու մեր ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ 

-Ի՞նչ կարծիքի եք ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ։ Ձեր այցը պայմանավորվա՞ծ է ինչ-որ պաշտոն ստանալու խնդրով։ Ի՞նչ քաղաքական գործընթացների եք պատրաստվում մասնակցել։ 

-Գիտեք, փիլիսոփաները մեզ շարունակ հուշում են սովորել ուրիշների սխալների վրա, բայց մենք համառորեն ընկրկում ենք դա անել։ Իհարկե, միանշանակ լավ եմ վերաբերվում Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը։ Ապագայի իշխանությունը անպայման պետք է լինի կիրթ, գրագետ, փորձառու և հիմնված լինի ազգային միասնության, համաձայնության և համախոհության հենքի վրա։ Պետք է հիմնովին բացառվի հասարակությունը գույների բաժանելու, իրար դեմ հանելու, հայհոյախոսություների, թշնամանքի և ատելության մթնոլորտն ու արատավոր գործելաոճը։ Մի՞ թե քիչ թշնամիներ ունենք, որ հիմա ներքին թշնամություն ենք հրահրում և տարածում։ Համոզված եմ, որ հաջողության հասնելու համար երկրում պետք է ձևավորվի լայնախոհության և միասնականության մթնոլորտ։ Անթույլատրելի է այլևս անսխալականության բարդույթով տառապող, հանդուրժողականությունը և համախոհութունը մերժող 30-ամյա տևողությամբ ձգվող անձնիշխանության կործանարար համակարգը։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ, պատասխանատու պետություն, ամուր ինստիտուցիոնալ հենքով, կառավարման քաղաքակիրթ համակարգով, զսպման և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներով։ Սյսքանը գլխավորի մասին։ Այժմ իմ մասին՝ ձեր հարցին ի պատասխան։ Ես պաշտոն չեմ ուզում, հիմա ունեմ պատվաբեր ոչ թե պաշտոն, այլ պաշտոններ, հրաշալի ընկերներ, նաև փայլուն միջազգային կապեր, հրաշալի ընտանիք և սպասում եմ անհամբեր թոռնիկիս ծննդյանը։ Կրկնում եմ՝ չարախոսների համար պաշտոն ինձ հարկավոր չէ, և հիշեցնում եմ՝ երկու անգամ հրաժարական եմ տվել երկրի բարձրագույն պաշտոններից կամովին՝ Ռ. Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով 2006թ. հրաժարական եմ տվել ԱԺ Նախագահի պաշտոնից, իսկ 2014թ. ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որի առաջարկով կոալիցիա կազմեցի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրավելուց հետո, կրկնում եմ երրորդ տեղը, իսկ երկրորդ տեղում գտնվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ում, ի դեպ, շատերը ուզում էին, որ միանայի և էլի շատ շատերը՝ ոչ: Վերջինս 2008թ-ին չշարունակեց պայքարը, հետևաբար հասկանալի չէր, թե ում պետք է միանայի, եթե չեղավ երկրորդ փուլ, և ես 2008-ի մայիսին դարձա Ախ քարտուղար, ստեղծեցի ուժեղ կառույց, որը քայքայվեց այս 12 տարիների ընթացքում, մինչդեռ այն այնքան կարևոր դեր կարող էր խաղալ այս դժնդակ պատերազմի օրերին։ Այնպես որ, կրկնվում եմ թերևս, բայց երկու անգամ եմ կամովին հեռացել երկրի 2-րդ և 4-րդ պաշտոններից ելնելով իմ սկզբունքներից։ Սխալվել եմ արդյո՞ք, որ ստանձնել եմ բարձր պաշտոններ, իսկ հետո հրաժարվել եմ դրանցից։ Գուցե, բայց դա արել եմ հավատով, ձևավորել եմ ուժեղ կառույցներ, տվել եմ դրանց նոր կշիռ և հեղինակություն, փորձել եմ անել ավելին, փոխել իշխանությունը ներսից, չի ստացվել, թողել հեռացել եմ։ Բերեք ևս նման մի օրինակ։ Ուղղակի չկա։ Այնպես որ, ինձ համար ուղղակի և՛ ցավալի, և՛ ծիծաղելի է ինչ-որ պաշտոնների մասին խոսելը։ Ես ունեմ կրթություն, գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր, մի քանի, այդ թվում՝ Միջազգային Ակադեմիաների իսկական անդամ, ունեմ փորձ, կապեր, որոնք ծառայեցնում եմ իմ հայրենիքին, ինչքանով որ կարող եմ։ Այսքան երկար, որովհետև, ցավոք, չկայացածների չարությունը և նախանձը միշտ հետապնդել են ինձ, և մի օր պետք է սա ասվեր՝ օգտվելով Ձեր հարցից, առավել ևս սիրելի «Հրապարակի» էջերից, որի ճանապարհը թերևս նմանատիպ է։ Նախկինում էլ, այժմ էլ և միշտ ծառայել եմ ու միշտ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու շահին, եթե որևէ տեղ, որևէ կերպ հնարավորություն ունենամ իմ երկրի անվտանգության, խաղաղության և զարգացման համար որևէ բան անելու, ապա անելու եմ, դրա համար ինձ պետք չեն պաշտոններ և քաղաքական նկատառումներ: 

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի, Արցախից մնացած հատվածի ապագան։ Տարածքների հանձման գործընթացի, գերիների, զոհվածների մարմինների փոխանակման, տեղահանված և տեղահանվող անձանց մասով ի՞նչ կասեք, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում։ Սոթքի հանքի հետ կապված բավականին մեծ աղմուկ եղավ, Հադրութի ու Բերդձորի (նաև Բերձոր կամ Լաչին) հարցն է խնդրահարույց։ Ստորագրված փաստաթղթով նախատեսված է, որ Սյունիքում պետք է անցնի Ադրբեջանը և Նախիջևանը միմյանց կապող ճանապարհ, այս մասով ի՞նչ կասեք, ռիսկեր տեսնո՞ւմ եք, ի՞նչ կտա սա մեզ։ 

-Ցավոք, այսօրվա Արցախի տարածքը նույնիսկ փոքր է Հայաստանի որոշ մարզերի տարածքներից։ Սա իսկապես ազգային խորը ողբերգություն է։ Համոզված եմ, որ Արցախը դեռևս պատերազմի ամենաթեժ օրերին և փուլերում պետք է միացվեր Հայաստանին, առավել ևս, որ կորցրել ենք առավելագույնն արդեն։ Ամբողջ Արցախի կորուստը հնարավոր չէր նաև այն պատճառով, որ դա ապտակ կլիներ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբին, նրա նախագահող երկրներին, այլ գործոններից ելնելով ևս։ Դեռևս հռետորական և անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու սա չարվեց առավել ևս որ, ինչպես հայտարարում էր իշխանությունը ի սկզբանե, դրված էր արդեն իսկ տրված տարածքների վերադարձի հարցը, ներառյալ պատերազմի օրերին։ Թեկուզև այս թեզը վիճարկվում է ներկայումս և բավականին հիմնովին, այդուհանդերձ պատմությունը և ժամանակը կտան թե՛ այս հարցի և թե՛ բազում այլ մութ և կնճռոտ հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչ կլինի, ապա իմ խորին համոզմամբ ապագայի հիմնավորված հույսերը ավելի կարևոր են հատկապես հիմա, երբ մենք պետք է կառուցենք այդ ապագան, որտեղ որոշում կայացնողները պետք է լինեն խելացի, փորձված և պատրաստված։ Ամեն մի կորուստ, որքան էլ այն ցավալի կինի, նաև հնարավորություն է։ Եվ մենք պարտավոր ենք գոնե այս անգամ օգտվել այդ հնարավորությունից։ 

-Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացի մասով ի՞նչ եք կարող  ասել։ Ո՞վ պետք է բանակցի, որ գոնե այստեղ ինչ-որ բան կարողանանք ձեռք բերել։ Մինսկի խմբի ձևաչափը կենսունա՞կ է դեռ։ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, կարծես թե, գոհ չեն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից, քանի որ մասնակից չեն եղել դրան, ողջունել են միայն հրադադարի հաստատումը։ Ի՞նչ կարծիքի եք։ 

-Դուք թվարկեցիք կարևոր հարցերի մի փունջ, ես կարող եմ ավելացնել ևս մի քանիսը։ Փորձեմ համառոտ։ Ռիսկերը և մարտահրավերները չափազանց շատ են։ Այն ի զորու է հաղթահարել գրագետ և պատրաստված թիմը։ Պետք է ժամանակ, հանձնառու, գիտակ բանակցողներ, պրոֆեսիոնալ կարողություններով օժտված իշխանություն, որը կրկնում եմ պետք է ձևավորվի իշխանության և ընդդիմության, ցանկալի է, համատեղ որոշված ճանապարհային քարտեզով։ Հիմա սեփական շահերի և խաղերի ժամանակը չէ։ Հայրենիքի խնդիրն է սեղանին։ Իսկ սխալվողներն ու աթոռապաշտները, որ բևեռում էլ լինեն, հայտնվելու են ոչ միայն պատմության աղբանոցում, այլ նաև Աստծո, ժողովրդի և պատմության դատաստանում։ Վերջում կարող է տարակուսելի թվալ, բայց խոհեմ մոտեցումների, ճանապարհային ապաշրջափակման, ճիշտ մեխանիզմների առաջ քաշման, սահմանազատման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ և մի քանի այլ գործիքների հնարավորությունը կարող է Կասպից Ծով ելքի հետաքրքիր հեռանկար ապահովել։ Մենք տվեցինք ամեն ինչ  ոչնչի դիմաց, հիմա պետք է անել գոնե մի փոքր հակառակը: 

-Օրերս Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել ԼՂ անկախությունը։ Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգտին չի գնա եւ չի օգնի խաղաղ գործընթացի առաջմղմանը: Այս մասով ի՞նչ կասեք, ի՞նչ կտա սա մեզ։ 

-Սենատի կոչ-բանաձևը ուշադիր ընթերցելիս կնկատենք, որ չնայած բանաձևում Արցախի ճանաչման կոչին նաև հատուկ և քանիցս խոսվում է Թուրքիայի` Ֆրանսիայի նկատմամբ ապակառուցողական դերի մասին, Եվրոպայի և եվրոպական արժեքների դեմ Թուրքիայի անընդունելի կեցվածքի մասին և այլն։ Այսինքն այս բանաձևը լավ ու արդարացի առիթ էր Սենատի բանաձևի մակարդակում խորհրդարանական ձևաչափում անդրադառնալու Թուրքիայի ռևանշիստական ձգտումներին՝ ֆրանսիական քաղաքականության առաջնահերթություններից և շահերից նաև ելնելով։ Անտարակույս, այս որոշումը ողջունելի է, բայց ես ռեալ պոլիտիկի կողմնակից եմ և համոզված եմ, որ խոհեմ և հետևողական աշխատանքի արդյունքում կարող են լինել լավ արդյունքներ։