Մտորումների հերթական շարքը

Մտորումների հերթական շարքը

2022 թվականի ձմեռը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի համար սկսվեց տհաճ անակնկալով. բնապահպանական մոնիտորինգի անվան ներքո ադրբեջանական կեղծ «ցուցարարնները» փակեցին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Ռուսական խաղաղապահների բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց: Սակայն որոշ ժամանակ անց կրկին փակվեց և մեկ շաբաթից ավելի մնում է փակված վիճակում: Սկզբում վրաններ տեղադրեցին, իսկ այնուհետև կարծես թե ավելի հարմար են տեղավորվում՝ տեղադրելով կոնտեյներներ: Խաղաղության հայաստանյան «ճարտարապետ» Փաշինյանի համար դա խիստ անսպասելի էր, քանի որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու վերջինիս ջանքերը կարծես թե ջրվում են:

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից այս կողմ բացահայտվեց նախկինում ռուսաստանաբնակ գործարար, այսօր Արցախում բնակվող Ռուբեն Վարդանյանի դրական գործունեությունը Արցախի պետական նախարարի և ճանապարհը փակելու առնչությամբ ստեղծված օպերատիվ շտաբի պետի պաշտոններում: Զարմանքով արձանագրեմ, որ էն գլխից կասկածանքով ընդունվեց նրա՝ Արցախ գնալն ու նախարարի պաշտոն ստանձնելը: Նույնիսկ ընդդիմության առանձին ակտիվ ներկայացուցիչների կողմից: Իմ սովորության համաձայն՝ ես զերծ մնացի հապճեպ ենթադրություններ անելուց և սպասեցի պետնախարարի պաշտոնում պարոն Վարդանյանի աշխատանքի արդյունքներին:  

Երկրորդ անգամ Արցախի ճանապարհ փակելը վատ ծառայություն մատուցեց Ադրբեջանի նախագահին: Արտասահմանյան բազմաթիվ քաղաքական գործիչներ են դիմել Իլհամին ճանապարհը բացելու առաջարկով: Այդ թվում Հռոմի պապն է մտահոգություն հայտնել իրավիճակի կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Եվրախորհրդարանի շուրջ երեք տասնյակ պատգամավորներ էլ դիմել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին: Պատգամավորները «կոչ են արել արագ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու բնակչության վիճակը»: Իհարկե, գովելի նախաձեռնություն է, բայց հասկանալի չէ, թե ինչու վերը նշված երկու անձինք ինքնուրույն չեն նախաձեռնել Արցախի բնակչության վիճակը մեղմելու քայլեր: Չնայած եթե ընդունենք այն հանգամանքը, որ նրանք փորձում էին Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացն ամբողջացնել, ապա, բնականաբար, չպետք է ցանկանան հակառակ ուղղությամբ քայլեր անել: 
Թե ինչ քայլեր կարող է իրականում իրականացնել Եվրամիությունը՝ ներկայացրել է, ըստ լրատվական կայքերից մեկի, Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը:

Ըստ նրա, Եվրամիության անելիքը «համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է»: Իսկ որպեսզի դա այդպիսին լինի՝ «հայերն ու ադրբեջանցիները պետք է անմիջականորեն զբաղվեն խնդրի լուծումով»: Թե ինչպես պետք է հայերը զբաղվեն խնդրի լուծմամբ, երբ իրենց բարեհաճությունը վայելող Փաշինյանն ինքնամեկուսացվել է խնդրի լուծումից, ինքը չի հուշում: Իսկ արցախցիների հետ ադրբեջանցիները՝ չնայած իրենց հայտարարություններին, բանակցել չեն շտապում: Եվ բանակցություններն էլ վարում են միայն ռուսական կողմի հետ:

Դեկտեմբերի 16-ին Երևան էր եկել անգլիական գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրը: Նրան ընդունել է Փաշինյան Նիկոլը: Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Մուրն այն անձն է, ով ժամանակին Միացյալ Թագավորության դեսպանն էր Թուրքիայում և ընկերական կապեր ունի Էրդողանի հետ: Ի դեպ, հուլիսի կեսին էլ Երևան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Նույն հարցերն էին քննարկվել նաև նրա այցի ընթացքում: Որքան տեղյակ եմ, ՀՀ-ն դեռևս գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում: Եվ դուրս գալու պաշտոնական ցանկություն չի արտահայտել: Եվ այդ առումով իմ հարցը՝ ինչպե՞ս կզգար Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը, եթե դրա անդամ երկրներից, ասենք թե, Հունաստան այցելեին պարոնայք Բըրնսի և Մուրի ռուսաստանյան և բելառուսական գործընկերները: Եվ դրա արդյունքում ինչպիսի՞ վերաբերմունքի կարժանանար Հունաստանի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի կողմից: