Աշոտ Հովսեփյան․ Ներհայեցողական դիտումներ

Աշոտ Հովսեփյան․ Ներհայեցողական դիտումներ

«ՀԵՐՎԱՆ ՁՅՈՒՆԻ ՓՆՏՐՏՈՒՔ» ժողովածուից

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Ամեն մարդ արժանի է, ինչի որ արժանի է:
Լավ կամ վատ բարեկամներ չեն լինում:
Բարեկամ լինում են կամ չեն լինում:
Ի հետևանք հզորների նահանջի` ասպարեզը մնում է համբակներին:
Նմանապես և, երբ գիտունները լռում են, տգետներն են բարբաջում:
Ոչ մի տեղ. ինչ-որ տեղ Աստծո և սատանայի միջև:
Սպասումը  բթացնում է վտանգի զգացողությունը:
    
Թերևս ունայնությունն էլ է ունայն, քանզի ունայն է ամեն բան:
Առևտուր. ձեռքդ ընկածն ա՜ռ... և տո՜ւր ձեռք բերածդ:
Ինչպես որ թանկն է էժան համարվում, այնպես դժվարն է հիմա հեշտանում:
Թեև դժվարը հեշտանում է, ա՜րդ, բայց պարզը հավետ մնալու է բարդ:
Ինքնին պարզ է, չէ՞, որ պարզին միշտ էլ ավելի դժվար կլինի հասնել:

ՄԵԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Սեր և ամուսնություն։ Ամուսնություն և սեր։ Դրանք շատ հաճախ տարբեր բաներ են։ Իսկ երբեմն էլ` այնքա˜ն-այնքա՜ն տարբեր…

Սողոմոն իմաստունի հավաստմամբ` ամեն բան իր ժամանակն ունի... Կա քարեր հավաքելու ժամանակ... Կա քարերը նետելու ժամանակ... Ա՜րդ, հիմա էլ ընտանիք պահելու ժամանակն է։ Ընտանիք պահելու ժամանակնե˜րը: Ամեն գնով... Եվ ամեն մեկս` միայն մեր ընտանիքը, ես` իմ, դու` քո, նա` իր, իսկ մյուսների հերն էլ անիծած...

Տուն ունենալ. մարդ արարածի չափազանց հետաքրքիր մի ձգտում, տվայտուն մարմաջ: Իմ տունն իմ ամրոցն է: Բայց մի՞թե։ Չէ՛, ամենևին էլ այդպես չէ՜։ Ու Տունն էլ իսկի ամրոց չէ։ Սոսկ ամրոց չէ։ Տունն ամուր պատերը չեն միայն: Ու ոչ էլ` տանիքը: Իրական Տունն առավելապես խաղաղավետ հանգրվան է... Հայրենիքում: Կամ գոնե թե պիտի այդպես լինի: Ու թե այդպես չէ, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ու տունն էլ Տուն չէ...

Եկեղեցաշինությունը շնորհակալ գործ է: Աստվածահաճո գործ: Անշուշտ և անտարակույս: Բայց ամեն մեղսավոր այսօր եկեղեցի է կառուցում: Թերևս` իբրև յուր սեփական մեղքերի քավության առհավատչյա: Շատ-շատ մեղսավորներ էլ հնուց ի վեր ու դարեր շարունակ մի-մի եկեղեցի են կառուցել երևի, նույնպես իբրև յուրեանց սեփական մեղքերի քավության առհավատչյա: Հայաստանում շատ եկեղեցիներ կան: Եվ եթե դրանք կառուցել կամ դրանց թեկուզ մի մասի կառուցմանն այս կամ այն կերպ, այս կամ այն չափով առնչվել են այս կամ այն առումով մեղսավորներ, ապա հեշտությամբ կարելի է հաշվել, թե անցած բոլոր դարերի ընթացքում և դարեր շարունակ մոտավորապես որքա՞ն մեղսավորներ են եկել-անցել՝ իրենցից հետո թողնելով մեղքերի հուշարձաններ...

Ափսո˜ս, որ մուսաները լռում են, երբ հրանոթները կրակում են: Հազա˜ր ափսոս: Որովհետև, երբ մուսաները լռում են, մարդկանց սրտերը քարանում են: Իսկ քարացած սրտով մարդկանցից ամեն վատ բան սպասելի է: Մանավանդ, երբ հրանոթներն են կրակում:

Ու թեև օրենքի իշխանությունն ինքնին բռնության տարրեր է պարունակում, բայց և միանգամայն գերադասելի է օրենքի իշխանության բռնությունը: Ավելի, քան որևէ այլ` կամայական իշխանության կամայական բռնություն:

Ռուսները համոզված են, որ կանայք երբեք գեշ չեն լինում, պարզապես երբեմն օղին է քչություն անում։ Եթե այդ առումով մոտենանք երևույթներին, ապա վերադասը ևս երբեք գեշ լինել չի կարող, ու հեչ էական չէ նաև, թե վերադասն ով է, ինչացու և ինչ բնավորության կրող: Շատ ավելի կարևոր է, որ ենթակաները վերադասին քծնելու պատրաստակամություն դրսևորեն, թեկուզև ցանկություն չունենան: Հա˜, մեկ էլ… օճառը քչություն չանի:

Ես` միամիտ արևելքցիս, կորած-մոլորված մեր արևելքում ուղտի ականջը մտած, մինչև էս վերջերս միշտ ու մշտապես միամտաբար կարծել եմ, ավելին` խորապես համոզված եմ եղել, թե ՍԵՐԸ զգացմունք է: Ու Մե՜ծ զգացմունք, Վե՛հ զգացմունք: Ոչ պակաս միամիտ նախնիքն իմ այդպես են ինձ ավանդել: Մինչդեռ պարզվում է, ա՜յ քեզ մազալու բա՛ն, որ սերն ընդամենը զբաղմունք է: Ասենք` պարապ վախտին խաղալու նման մի բան: Ու դա էն հափրած-հղփացած արևմուտքցիք են մեզ այդպես հրամցնում: Խաբկա՞նք։ Թյո՛ւ, ես ձեր...

Մեր վախերը: Մարդկային թուլության հստակ արտահայտիչներն են դրանք: Վախ` ինչ-որ բան կորցնելու, ինչ-որ բան չհասցնելու, ինչ-որ բանից ուշանալու, ինչ-որ բանից ետ մնալու: Վախն այնտեղ է, ուր և ուժեղին անձնատուր լինելու, նրա ողորմածությանը հանձնվելու պատրաստակամությունը, ներառյալ` ոչնչանալու պատրաստակամությունը, միաժամանակ պատրաստակամությունը` ոչնչացնելու... թույլին: Բնությունը մերժելու, բնության օրենքները ոտնահարելու արդյունք են մեր վախերը, երբ չճանաչելով բնությունը (ավելին` չցանկանալով ճանաչել), այլև չընդունել-չսովորելով նրա օրենքներն ու չկիրառելով դրանք մեր կյանքում՝ ինքնաբերաբար հակասության մեջ ենք մտնում և՜ բնության հետ, և՜ այդ նույն բնության օրենքների հետ։ Ա՜րդ, ի հետևանք ինչի խախտվում է բնական ներդաշնակությունը, ըստ այդմ, մեղա, Տե՛ր Աստված, չար սատանայի ծոցն ուղարկելով տիեզերական հավասարակշռությունը: Հետո էլ չարանում ենք։ Եվ այդ չարությունն ամենից առաջ և ամենից շատ մեզ` ինձ, քեզ, նրան, բոլորիս է վնասում։ Ըստ այդմ, հենց մեր` իմ, քո, նրա, բոլոր-բոլորիս ներուժի թանկարժեք պաշարները խլելով։ Ու թող հայտնի լինի, որ երկու վախը մի մահ է։ Թեպետև մի վախն իսկ հույժ նվաստացուցիչ է... հասկացողի համար։

Ամեն մարդ պիտի ինքը լինի. ես` ես, դու` դու, նա` նա: Անհատների հանրույթից վնաս չկա: Փոխարենը` վտանգավոր է միաչափ քանոնով գծված այն գորշ հանրույթը, որտեղ անհատը տեղ չունի:

Մարդու աշխարհը փռված է... իր քթի ծայրի մերձակա շրջակայքում և, ամենայն հավանականությամբ, սահմանափակվում է այդ նեղ տարածքով: Մարդն իր ճղճիմ եսը գերագնահատում է` համոզված լինելով, թե աշխարհն աշխարհարարման օրից, այլև` դրա պատմությունը, չեն եղել: Բնավ-երբեք չեն եղել: Այլ սկսվել են հենց միայն իր` մարդու, այդ մարդու (կոնկրետ մի մարդու) ծննդյան փուչ օրվանից: Այստեղից էլ` բնության հետ հույժ աններդաշնակ փոխհարաբերությունները, վախերը, բարու և չարի հարատև պայքարը, խավարում խարխափելով լույսին ձգտելն ու... չհասնելը։ Հավերժին ձգտելու, բայց և չհասնելու հավերժական թեմա: Մահկանացուին ոչ հասու հավերժական թեմա...

Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, որ այդ գործը լավ անի, որպեսզի դա ոչ միայն շահավետ լինի, այլ նաև` օգտակար ու հաճելի: Եվ օգտակարն ու հաճելին էլ ոչ միայն իր համար լինեն լոկ, այլ նաև` հասարակության համար: Իսկ ցանկացած գործ կարող է որևէ կոնկրետ մարդունը լինել միայն այն դեպքում, երբ այդ մարդը, չնայած օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազում պատճառների առկայության, իր համար գործ է ընտրում իր կոչումին համապատասխան: Եվ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ինչքան շատ մարդիկ կան, որ պատկերացում անգամ չունեն իրենց կոչումի մասին, ավելին` իսկի չեն էլ փորձում իմանալ, թե որն է իրենց կոչումը, ապա միանգամայն պարզ կլինի, թե ինչու են մեր բոլորի գործերը թարս ընթանում, ըստ այդմ` մենք էլ շարունակ խարխափում ենք կյանքի բավիղներում, որտեղից արդեն երկար ժամանակ դուրս գալ այդպես էլ չենք հաջողացնում:

Բարին ու չարը: Հակասությունների միասնության լավագույն փոխառնչություններից մեկը. թե չլինի չարը, ինչպե՞ս կգնահատեն մարդիկ բարին: Եվ ուրեմն, չարն է ընձեռում հնարավորություն` ըստ արժանվույն գնահատելու բարին…

Լույսն ու խավարը: Հակասությունների միասնության մեկ այլ փոխառնչություն. մինչև չվառես լույսը, չես զգա խավարի խավար լինելը: Եվ միայն խավարի մեջ խարխափելով ես գիտակցում լույսի արժեքը…

Մարդն ու իր թշնամին: Հայտնի բան է` թշնամուդ հեշտ կհաղթես, եթե նրան լավ ճանաչես: Հայտնի է նաև, որ մարդու թիվ մեկ թշնամին… հենց ինքն է: Եվ ուրեմն ինքդ քեզ հաղթելու համար նախ սկսիր ճանաչել քեզ: Հնոց կողմանե հնուց ի վեր հո զուր չի՞ ասված. ՙԾանիր զքեզ՚…
Կյանքի գծիկը: Հայտնի է նաև, որ մարդու ծննդյան ու մահվան տարեթվերի միջև դրվում է մի պարզ գծիկ, որը, սակայն, հենց կյանքն է, կյանքի տևողությունը: Կյանքի գծիկ, որ ընկած է ծնունդի և մահի արանքում: Ու թեև իր նշանացի արտահայտությամբ գծիկն այդ կարճ է, բայց իրականում` իր թողած հետքի առումով` շատ տարաբնույթ. մեկի մոտ, իրոք որ, կարճ է, մյուսի մոտ` երկար, մեկելի մոտ` աննկատ, իսկ մեկ ուրիշի մոտ… անջնջելի:

Իսկ ամենահայտնի փաստն այն է, որ կյանքն իսկապես կարճ է: Այնքան կարճ, որ թեև դանդաղ է ընթանում, բայց և արագ էլ հասնում է իր վախճանին:

Հայրենիքի զոհասեղանին երբևէ մի կաթիլ (թեկուզև` մի ամբողջ գավաթ) արյուն հեղած որևէ անձի, նույնիսկ հերոսին, ամենևին էլ արտոնված չի այդուհետ դույլերով ետ պահանջել (և, ի դեպ, այս կամ այն կերպ ետ ստանալ) այդ արյան գինը` որպես փոխհատուցում: Այդ դեպքում, ցավոք, հերոսը դադարում է այդպիսին լինել:

Իսկ գիտե՞ք, թե որն է լավ ու վատ պարողների տարբերությունը։ Հայտնի բան է, չէ՞, թե ինչը... ավելի ստույգ` ինչերն են խանգարում վատ պարողին: Բայց նույն բաները խանգարում են նաև լավ պարողին: Պարզապես վերջինս դիմանում է, դիմադրում ու չի արտահայտում իր դժգոհությունները` իրեն էլ (ինչպես և վատ պարողին) խանգարող... բաներից: Ու իր գործն է անում։ Ահա՜ և տարբերությունը. մեկն անմռունչ իր գործն է անում, իսկ մյուսը պատճառներ բստրում՝ էդ գործը չանելու համար։

Մարդն էլ մթերքի պես փչանում է: Եվ ուրեմն, ինչպես փչացած մթերքն են դեն նետում, այնպես էլ հարկ է, որ փչացած մարդուն նույնպես դեն նետեն մարդկանց շարքերից: Քանզի, ինչպես փչացած մթերքն է իր շուրջը տարածում փչացածության շոշափուկները, այնպես էլ փչացած մարդը, անշուշտ և անտարակույս, փչացածության իր բաժին վարակն է տարածում շրջապատում...
Մարդը երբեմն կարող է նաև խափանվել, ինչպես ցանկացած սարքավորում: Այդ դեպքում նախ հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ և օգնել նրան, որ վերականգնվի: Այլապես պիտի դուրս գրել` խափանված սարքավորման հանգույն...

Շատ հաճախ ՙփոքր՚ մարդն ավելի Մեծ է, քան շատ ու շատ ՙմեծամեծք՚: Հանճարեղ Չարլի Սպենսերի չապլինյան առինքնող կերպարները` վկա։ Մարդը` իր առօրյա կյանքով ու երազներով: Ու երազներո՞ւմ, թե՞ արթմնի` շատ հաճախ Մարդը գնում ու դեմ է առնում անանցանելի պատի: Ու թե հնար չիք էդ պատը շրջանցելու, ստիպված ետ է դառնում: Հո պատը չի՞ ծակելու: Չի կարող, չէ՞: Աշխարհում, թերևս, դա հենց այդպես է, որ կա, կամ գոնե պիտի այդպես լինի: Իսկ ՄԵՐ ՄԱՐԴԸ մյուս անգամ էլի կգնա ու դեմ կառնի էդ նույն պատին: Ու այդպես` շարունակ: Ու կարծես թե վերջ չունի էդ ընթացքը... Ու թե Պարույր Սևակին հարցնենք` կասի. ՙՊատին` ի՞նչ... պատը էլի կմնա պատ՚: Համամիտ եմ ես էլ: Թո՜ղ որ չպակասի ոչ մի լավ ճակատ: Բայց...

Հույն անտիկ իմաստասեր Սոկրատեսի ինքնախոստովանական պնդումը հավանաբար շատերին է հայտնի. ՙԵս մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ՚: Թերևս քչերը գիտեն երևի, որ այդ ասույթն ունի շարունակություն և ամբողջությամբ հնչում է այսպես. ՙԵս մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, իսկ շատ ուրիշներ դա էլ չգիտեն՚: Գուցե թե ժամանակն է, որ այդ հրաշալի ասույթը ներկայիս համար նորովի շարադրվի` հաշվի առնելով, որ ներկայումս նույնպես շատերը կան, ովքեր չգիտեն: Եվ չգիտեն, որ չգիտեն: Ու չեն էլ ուզում իմանալ, որ… չգիտեն:

Հայտնի է, անշուշտ, նաև հնոց ասույթը. ՙԳիժը քարը գցեց փոսը, գիտունները շատ չարչարվեցին, բայց չկարողացան հանել՚: Թերևս տարօրինակ է հնչում. գիժն էր խելացի՞, թե՞ գիտուններն էին տկար: Ըստ երևույթին այդ ասույթը ճիշտ չի ընկալվում. ինչի՞ց է հետևում և ո՞վ է վկայում, թե գիտուններն ուզում էին քարը հանել փոսից ու չկարողացան: Այնպես որ, պիտի նաև ենթատեքստն ըմբռնել, ըստ որի ավելի հավանական է այն, որ երբ գիժը քարը գցում է փոսը, գիտուններն իրենց համար գործ են գտնում: Իսկ դա միշտ էլ հարմար զբաղմունք է, այնպես չէ՞: Առանձնապես… ներկա սոցիալական պայմանների բերումով։

Ամենայն հավանականությամբ պիտի որ տհաճ մի բան լինի այդ ուղեղի ցնցում կոչվածը: Չափազանց տհաճ: Ծանր ցնցման պարագայում` առավել ևս: Մարդ արարածի համար պիտի որ իսկական փորձություն լինի, հատկապես` ցնցմանը հաջորդող ամբողջ կյանքի ընթացքում: Ցանկացած խելքը գլխին բժիշկ դա կհաստատի: Բարեբախտաբար ոչ բոլորն են, որ կարող են ենթարկվել այդպիսի փորձության, այսինքն` ուղեղի ցնցում ստանալ: Չունեցած ուղեղի… ի՞նչ ցնցում: Չէ՞ որ չեղած բանը չի կարող ցնցվել: Ուրեմն` ի՞նչ. երանի˜ ուղեղ չունեցողներին, հա՞…

Շախմատը հետաքրքիր, ավելին` իմաստուն խաղ է: Ինչպես և ամեն խաղում, այստեղ ևս առկա է պայքար, որտեղ խաղացողները կամ հաղթում են, կամ` պարտվում: Շատ հաճախ պատահում է նաև, որ խաղն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով: Սակայն, այդուհանդերձ, շատերն էլ մշտապես են հաղթող դուրս գալիս շախմատային պարտիայում: Դրանք դիտողներն են: Այդպես է նաև պատերազմում, քանի որ սա նույնպես, ինչ-որ առումներով խաղ է: Բայց` դաժան խաղ: Եվ այս դաժան խաղում էլ հաղթողներ ու պարտվողներ են լինում: Թերևս այս խաղում ոչ-ոքիներ գրեթե չեն արձանագրվում: Իսկ ավելի հաճախ կռվող բոլոր կողմերն էլ պարտվում են: Միայն թե, այստեղ էլ հիմնականում լինում են ոմանք, որ բոլոր դեպքերում հաղթող են դուրս գալիս: Դրանք էլ դրդողներն են:

Ինչ-որ բան առաջ քեզ էր պատկանում, բայց, ավա՛ղ, հիմա քեզ չի պատկանում: Քանզի ինչը քոնն էր, քեզնից խլեցին: Ինչը խլեցին, էլ ետ չեն տա: Ուստի, ինչը քեզ էր պատկանում, այժմ ուրիշին է պատկանում: Իսկ ինչն արդեն ուրիշինն է, այլևս քոնը չի լինի, եթե...

Ազգերի մեծ մասի մոտ իրենց նվիրական խորհրդանիշները հենց իսկ իրենց են պատկանում. ՀԱՅՐ լեռը գտնվում է իրենց ԵՐԿՐԻ տարածքում (զորօրինակ՝ Ֆուձիյաման Ճապոնիայում), ու ոչ թե սահմանից անդին՝ հանց մեր Արարատը, իսկ ՄԱՅՐ գետը հոսում է հիմնականում իրենց ԵՐԿՐԻ միջով (զորօրինակ՝ Վոլգան Ռուսաստանում), իսկ մեր Արաքսն ընդամենը… սահմանն է գծում, այն էլ՝ տեղ-տեղ:

Մեր համաշխարհային ազգը պատմականորեն գրեթե միշտ բազում բարոյական հաղթանակներ է տարել` իրականում պարտվելով, իսկ շատ այլ ազգեր իրականում են հաղթել` մեծ հաշվով թքած ունենալով բարոյականության վրա: Եվ սա փաստացի իրականությունն է` առանց բարոյական հանդերձների:

Քանի դեռ մենք մեր ԵՐԿԻՐԸ սոսկ ՙէս երկիր՚ ենք համարում, ուրեմն ասել կուզի, չենք ընկալում որպես մերը, ինչը կարող է նշանակել, որ մենք պարզապես ԵՐԿԻՐ չունենք: Հավանաբար: Կամ էլ` նման մի բան: Ասենք, օրինակ, չենք ուզում ԵՐԿԻՐ ունենալ: Իսկ ԵՐԿԻՐ չեն ունենում, երբ ԵՐԿԻՐ ունենալու ձգտում չեն ունենում: Դա` արդեն հաստատապես: Ըստ այդմ էլ` ԵՐԿԻՐ ունենալու ձգտում չունեցողները (համարյա` ոնց որ մենք) կարող են ձեռք քաշել սեփական պետություն կառուցելու և անկախ պետականություն ունենալու հեռանկարի` նույնիսկ աղոտ հույսերից: Համ էլ` ավելորդ գլխացավանքից հեռու: Իսկ ՙգլխացավանք՚, որովհետև ԵՐԿԻՐ ունենալու դեպքում հարկավոր է ստանձնել նաև որոշակի պատասխանատվություն, ԵՐԿՐԻ հանդեպ դրսևորել սրտացավ, հոգատար վերաբերմունք, ԵՐԿԻՐԸ խնամքով պահել` աչքի լույսի պես, ջերմորեն գուրգուրել և անձնուրաց պաշտպանել` զավակի պես, ու կենսունակ պահպանել գալիք սերունդների համար, ապա և անխաթար տեսքով ու բարեկարգ վիճակով փոխանցել նրանց: Իսկ հակառակ պարագայում ԵՐԿԻՐՆ ԷՐԳԻՐ կդարձնենք։ Ու երբ մեր ԵՐԿԻՐՆ արդեն ԷՐԳԻՐ կդառնա, ու մեր ԵՐԿԻՐՆ այլևս ԵՐԿԻՐ չի լինի, ԵՐԿԻՐ չունեցողներին (եթե շարունակենք մեր ԵՐԿԻՐԸ համարել ՙէս երկիր՚` մեզ նմանապես) լոկ բաժին կմնա հավերժական աստանդականի... անվայել վայելքն ասե՞մ, թե՞ միանգամայն անպատասխանատու պատասխանատվությունը: Եվ ընդամենը։

Գրեթե նույնը կարելի է պնդել նաև մեր ՄՈԼՈՐԱԿԻ առնչությամբ, որին ՙէս մոլորակ՚ համարելով և անխնա շահագործելով ու... ռմբակոծելով` ի վերջո դատապարտում ենք կործանման: Միայն թե այդ պարագայում էլ արդեն պարզ չէ, թե ՄՈԼՈՐԱԿ ունենալու ցանկություն չունեցողներս և, ըստ այդմ, ՄՈԼՈՐԱԿԸ կործանողներս անծայրածիր տիեզերքի ո՞ր քունջուպուճախում ենք անխուսափելի աստանդականության վայելքը վայելելու կամ անպատասխանատու պատասխանատվությունը կրելու…

Մենք ենք ու մեր չոր գլուխը: Կուզե՞նք` պատին կզարկենք, կուզե՞նք` քարին: Որ պատին ուզենք, էդ պատին էլ կզարկենք: Որ քարին ուզենք, էն քարին էլ կզարկենք: Չե՞նք ուզի` չե՜նք զարկի: Մի խոսքով. մենք մեր գլուխը կուզենք` կջարդենք, կուզենք` կթողնենք: Աչքի լույսի պես կպահենք-կպահպանենք: Ու դա էլ անում ենք։ Ում ինչ գործն ա՞:

Հայտնի է, որ ամեն բան սկիզբ ունի: Ամեն սկիզբ, իր հերթին, կարող է ունենալ որոշակի շարունակություն: Ուրիշ կերպ սա կարելի է համարել նաև տևական գործընթաց: Իսկ ամեն շարունակություն, իբրև գործընթաց (ամբողջակա՞ն, թե՞ կիսատ), կարող է ենթադրել ինչ-որ ավարտ: Ամեն ավարտի պիտի որ հաջորդի մի նոր սկիզբ:

Ըստ այդմ, եթե այս բանաձևումի շրջանակներում մարդու ծնունդը դիտարկենք որպես կյանքի սկիզբ, ապա ապրելը կլինի դրա շարունակությունը, իսկ մահը` ավարտը, ինչն էլ սկիզբն է մեկ այլ կյանքի: Այս վերջինը, սակայն, մեզ անհայտ է: Թեև դրան երբեմն նաև հավերժություն են անվանում:

Տեր Աստված, փրկիր մեզ ու մեր ԵՐԿԻՐԸ մեր ազգի նորօրյա… չէ˜, ինչո՞ւ միայն մեր ազգի նորօրյա, այլև` մեր ողջ ՄՈԼՈՐԱԿԻ մշտառկա ՙփրկիչներից՚, որպեսզի թողնեն, որ մենք հանգիստ ապրենք մեր կյանքն անցողիկ: Որովհետև, թեև կյանքը կարճ է ու բարդ, ուստի և ապրելը` դժվար, բայց և այնպես կյանքն այդ իսկապես հիասքանչ է, հրաշք` դյութական, իրոք արժանի` ապրելու համար: Ամեն:

Թե ուզում ես դաշտդ բերք տա, քաղհանի՜ր մոլախոտերը։ Չքաղհանես` բերք չե՜ս ստանա։ Բերքի երես չե՜ս տեսնի։ Բերք չե՜ս ունենա։ Եվ ուրեմն` պի՜տ քաղհանես։ Անպայմանորեն պի՜տ քաղհանես։ Պարտավո՜ր ես քաղհանել։

Թե չես ուզում ոտքդ կոշտուկապատվի, դեն նետի՜ր ոտքդ սեղմող կոշիկը։ Դեն նետիր առանց վարանելու: Առանց ափսոսալու։ Լսո՞ւմ ես, դեն նետի՜ր կոշիկդ անվարան: Ու մի՜ ափսոսա։ Ոչի՜նչ, որ նոր կոշիկ գնել չես կարող։ Պարզապես... հնարավորություն չունես։ Ոչի՜նչ։ Բոբիկ ման գալն առողջությանդ վնաս չի, չէ՛։ Գոնե՛...