Մնջոյանի անվան ինստիտուտի աշխատակիցները մտադիր են խոչընդոտել բազմաբնակարային շենքի կառուցմանը

Մնջոյանի անվան ինստիտուտի աշխատակիցները մտադիր են խոչընդոտել բազմաբնակարային շենքի կառուցմանը

Դեռևս 2007 թվականին ապօրինաբար օտարված ջրավազանի տեղում, հիշեցնենք, որ ծրագրում են կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր` 18 հարկանի շենք: Ինստիտուտի Օրգանական և դեղագործական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանն ասում է. «Խոսքն այն մասին է, որ Ազատության պող․ 26 հասցեում գտնվող ջրավազանը 2006 թվականին ապօրինաբար օտարվել է: Ավելին, 2017 թվականին քրեական գործ է հարուցվել, ապացուցվել է, որ քաղաքապետարանի տարբեր կառույցների աշխատակիցներ տարբեր տեսակի խախտումներ են արել՝ այդ վաճառքն ապահովելու համար։ Եվ հանձնարարվել է քաղաքապետարանին հետ գնել, ինչը չի արվել՝ մի բան էլ 2019 թվականին թույլ են տվել, որ նորից վերավաճառվի, ու այսօրվա գնորդը, որ իր տեսանկյունից բարեխիղճ է, և այդ գնորդին մի բան էլ շինթույլտվություն են տվել»։

Գնորդը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ»-ն է, որը 2019-ին է ձեռք բերել ու երևի 7-րդ կամ 8-րդ ձեռքբերողն է, որը օրենքի տեսանկյունից հիմա արդեն բարեխիղճ գնորդ է համարվում՝ նկատում է վերջինս։

Ինստիտուտի աշխատակիցները պատրաստվում են պայքարել, քայլերը բազմազան են լինելու՝ իրավականից մինչև սոցիալական պայքար, որովհետև գործնականում վերջիններս խանգարում են ինստիտուտի աշխատակիցներին աշխատել։

«Տրամաբանությունից ելնելով մենք էլ իրենց չենք թողնի աշխատել և միևնույն ժամանակ պահանջում ենք Երևանի պատկան մարմինների, ինչպես նաև մեր ոլորտի պատասխանատուների այցը եւ խնդրին լուծում տալ, ոչ թե, այսպես ասած՝ երկու շաբաթում կպատասխանենք, բայց երեք ամիս է` պատասխան չկա, ու այդ տրամաբանությամբ մարդիկ շարունակեն առաջ գնալ»,-եզրափակեց Հակոբյանը։

Այսօր ինստիտուտի շենքում՝ Ազատություն 26 հասցեում աշխատակիցներն ակցիա արեցին եւ հայտարարեցին իրենց վճռականության մասին` շարունակելու պայքարը։