Ինչպես է ավարտվել 28 ամբաստանյալի գործով դատական նիստը

Ինչպես է ավարտվել 28 ամբաստանյալի գործով դատական նիստը

«Շուրջ հինգ ժամ տևած դատական նիստը քիչ առաջ ավարտվեց։ Ապացույց ենք հետազոտում՝ գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Գործը կազմված է 8 հատորից։ Այսօրվա դատական նիստում 3 հատորը հետազոտել ենք։ Դեռևս 5 հատոր էլ  կա։ Դատարանը ծանրաբեռնվածության պատճառով հետաձգեց նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Բոլոր ամբաստանյալները ստորագրություն ունեն երկրից չհեռանալու մասին, նրանցից ոչ ոք կալանավորված չի։ Այս գործով ես ու Կարեն Մեջլումյանն ենք հանդիսանում որպես փաստաբաններ, հետևաբար՝ պաշտպանի կարգավիճակում»,-այս մասին «Հրապարակին» ասաց փաստաբան Էմին Բեգլարյանը։

Փաստաբանի խոսքով՝ նախկին քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն) և 2-րդ մասով՝ (որակյալ հանցակազմ, այսինքն նույն արարքը՝ բռնություն գործադրելով)  29 անձ համարվում է ամբաստանյալ։ 

«Նոր օրենսգրքով դեռ համապատասխանեցում չկա։ Մենք նաև այդ հարցն ենք բարձրացրել, քանի որ ըստ պաշտպանական կողմի առերևույթ հանցակազմ էլ չի պարունակում այս պահի դրությամբ։ Փոփոխություններով նոր Քրեական  օրենսգրքով, ուրեմն ինքնիրավչության արդյունքում, եթե պատճառված վնասը գույքի տեսքով է, այսինքն՝ գույքային վնաս է պատճառվել, պետք է 500 հազար ՀՀ դրամը գերազանցի, որպեսզի խոսք գնա ինքնիրավչության մասին։ Հիմա տվյալ դեպքում բոլորի մեղադրանքների համար չափ չկա նախատեսված։ Մեղադրանքներից ակնհայտ է, որ գույքային վնասի մասին է խոսքը, հետևանքը՝ գույքայինի տեսքով է։ Դատարանն էլ հարց ուղղեց դատախազին։ Մենք ենթադրում էինք, որ գոնե այսօրվա նիստով դատախազը կվերաորակեր, մեղադրանքները կփոփոխեր, բայց չեն փոխել»,-ասաց Էմին Բեգլարյանը։

Ըստ փաստաբանի, քանի որ խոշորացված է Գորիս համայնքը և Ներքին Խնձորեսկը ներառված է Գորիս խոշորացված համայնքի կազմում, Ներքին Խնձորեսկի վարչական շրջանի ղեկավարը գործով ունի  վկայի դատավարական կարգավիճակ և չի կարող նիստերին մասնակցել մինչև, որ չհարցաքննվի։ 

Էմին Բեգլարյանը մեզ հայտնեց, որ գործով վկաներ են նաև Ներքին Խնձորեսկի բնակիչները, տրակտորի վարորդը, պահեստի սեփականատերը, որի պահեստում էլ հիմա ամբարված է այդ հացահատիկը։ Մի քանի հոգի են գործով վկաները, այդքան էլ շատ չեն։
Նշենք, որ որպես տուժող ներկայանում են նախկին գուղապետն ու նրա որդին։

Մեկ ամբաստանյալ նախաքննության ընթացքում է մահացել  և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ Գորիսի առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 10-ին մեկնարկել էր մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը։ Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը բողոք էր գրել Ներքին Խնձորեսկի 36 ընտանիքից 29 բնակչի դեմ։