Ընտրակեղծարարությունը սպառնալիք չէ անվտանգությանը

Ընտրակեղծարարությունը սպառնալիք չէ անվտանգությանը

Այսօրվա հոդվածը որոշել էի նվիրել այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին «հաջողվեց» երկիրը պարտության հասցնել պատերազմում: Այո, հենց հասցնել՝ հաշվի առնելով լրագրող Նաիրի Հոխիկյանի խոստովանությունը 2019-ին լսած խոսակցության պատառիկի մասին:

Հիշեցնեմ. խոսքը գնում էր մի քանի հազար զոհերի գնով հայաստանցիներին շոկի մեջ գցելու եւ դրա հաշվին Արցախը թշնամուն հանձնելու մասին: Իսկ Արցախը հանձնելու գնով խորհրդային սահմաններով Հայաստանի համար խաղաղություն ապահովելու գաղափարն առկա էր դեռեւս վերջինիս գրքում: Հիշեցնեմ. այն հրապարակվել էր սեփական օրաթերթի 2008-2009 թվականների էջերում, երբ թաքնվել էր իշխանությունից: Ի դեպ, իր մոտ թաքնվելը լավ է ստացվում՝ մե՛կ իշխանությունից եւ մե՛կ էլ իր «սիրելի» ժողովրդից:

Վերադառնանք վերը նշված գաղափարին, որի համաձայն՝ ամբողջը պահպանելու համար մենք ստիպված ենք հանձնել դրա մի մասը: Բնականաբար, այդ ժամանակ ոչ մեկս ուշադրություն չէր դարձրել դրան: Զարմանալիորեն, այն ուշադրության չարժանացավ նաեւ 2019 թվականին, երբ գրվածքը տպագրվեց առանձին գրքով: Գրքի առումով էլ ասեմ, որ սկզբում հետաքրքիր էր, հետո աստիճանաբար դարձավ ձանձրալի: Ու արդեն մոռացել եմ՝ ավարտե՞լ եմ դրա ընթերցանությունը, թե՞ կիսատ եմ թողել (ես այն կարդացել եմ 2008-09 թվականներին՝ թերթի էջերում): 

Բայց այդ գաղափարի հեղինակը, իհարկե, ինքը չէր, այլ ՀՀ առաջին նախագահը: Հիշենք «սերգոջաներին» ուղղված նրա խոսքը, որ լավ ապրելու համար պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը: Մնում էպարզել այն հարցը, թե ինչպես է այն լուծվելու: Դրա պատասխանը տվել է հենց Տեր-Պետրոսյանը՝ 1992-ին պատասխանելով ռուսական թերթերից մեկի լրագրողի հարցադրմանը: Պատասխանն այսպիսին էր՝ ինքը կարծում է, որ լավագույն լուծումն Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ-ի ինքնավարությունն է: Հասկանալի է, որ 1992-ը հայկական ուժերի հաղթարշավի շրջանը չէր, եւ դրանից մեկ տարի առաջ ՀՀ նախագահ դարձած անձը վախենում էր, որ պատերազմը կարող է տեղափոխվել նորանկախ պետության տարածք:

Իր համար նշանակություն չուներ, որ ինքն իշխանության էր եկել ղարաբաղյան շարժման ալիքի վրա ու նման մտածողության դեպքում, որպես գիտնական ու բարոյական քաղաքական գործիչ, պետք է հրաժարական տար զբաղեցրած պաշտոնից: Բայց, իհարկե, դա տեղի չունեցավ, իսկ մեր պետականության համար վտանգավոր այդ թեզը ոչ թե մոռացության մատնվեց, այլ ծավալվեց՝ դառնալով բազմաթիվ անձանց սեփականությունը: Բազմաթիվ այդ մարդկանցից մեկն էլ հենց ընդդիմադիր լրագրող եւ խմբագիր, իսկ այնուհետեւ պատգամավոր Փաշինյան Նիկոլն էր: Ի դեպ, այդ գաղափարի մասնակի դրսեւորումն էր նաեւ 2016-ի քառօրյա պատերազմն ավարտելը առանց թշնամու գրաված տարածքներն ամբողջությամբ վերականգնելու: Բայց դա առանձին խոսակցության նյութ է:

Իսկ հիմա վերադառնանք մեր օրերը: Ս. թ. դեկտեմբերին 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Փաշինյան Նիկոլի կուսակցությունը 36 համայնքներից հաղթանակ է տարել 24-ում: 2020 թվականի խայտառակ պարտությունից, 2021 թվականի մայիսյան ու նոյեմբերյան սահմանային ներխուժումներից հետո ՔՊԿ-ականները պետք է որ պարտություն կրեին ոչ թե 12-ում, այլ բոլոր 36-ում: Սակայն մենք ունենք այն հասարակությունը, ինչ ունենք. հիշենք տարիքն առաջ կնոջ խոսքը՝ ասված հեռուստաընկերություններից մեկի եթերում. «Թուրքը մտնի տունս, ինձ ու թոռներիս մորթի, մեկ ա՝ ես Փաշինյանին եմ ուզում»:

Դե իսկ Նիկոլի կարծիքով էլ, «ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»: Ու այդ պատճառով իրենք չգնացին ընտրությունները կեղծելու ճանապարհով: Դեռ հարց է՝ կեղծվե՞լ են արդյոք ընտրությունները, թե՞ ոչ, քանի որ վարչական լծակների չարաշահումն ամենալուրջ ընտրակեղծարարությունն է: Դա այն է, ինչը կոչվում է քաղաքական կոռուպցիա: Բայց եթե նույնիսկ վերացարկվենք այդ երեւույթից, ապա ստացվում է, որ մեր երկրին պատուհասած անվտանգային աղետները եւ այդ թվում՝ խայտառակ պարտության պատճառը ոչ թե վերջինիս ապաշնորհ հրամանատարությունն էր կամ նույնիսկ դավաճանությունը, այլ ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան: 

Այդ պրակտիկան, իհարկե, դեմ էր նախկինների օրոք հռչակված ժողովրդավարության նորմերին: Սակայն Ադրբեջանին դա չխանգարեց, որպեսզի հաղթանակ տաներ պատերազմում: Բայց եթե վերջինս հարուստ էր եւ թիկունքին ուներ Թուրքիայի նման հզոր պետություն, ապա ուրիշների առումով նույնն ասել չենք կարող: Եթե Նիկոլը փոքրիշատե ծանոթ լիներ պառլամենտարիզմի հիմնադիր երկրի պատմությանը, ապա տեղյակ կլիներ, որ այնտեղ եւս ժողովրդավարությունն անցել է ձայներ գնելու եւ վարչական լծակներ օգտագործելու ճանապարհով: Բայց դա չի խանգարել, որպեսզի բնական ռեսուրսներով աղքատ երկիրը վերածվեր 18-19-րդ դարերի աշխարհակալ տերության:

Իսկ բնական ու մարդկային ռեսուրսներով աղքատ Իսրայել պետությունը հարեւան արաբական պետությունների հետ մի քանի տասնամյակ տեւած պատերազմում հաղթանակած դուրս եկավ ոչ թե ժողովրդավարության, այլ լրիվ ուրիշ երեւույթների շնորհիվ: Եվ դրանց թվում առաջնայինը ամեն գնով պետության կայացումն ապահովելու եւ հաղթանակի հասնելու գաղափարն էր: Հիշեցնեմ, որ հրեաներն իրենց անկախությունը հռչակեցին 1948 թվականի մայիսյան մի օր, իսկ հաջորդ օրը ենթարկվեցին շրջապատի արաբական պետությունների համատեղ հարձակմանը: