Ինչո՞ւ Eriwan, այլ ոչ Jerewan, հարգելի դեսպանատուն

Ինչո՞ւ Eriwan, այլ ոչ Jerewan, հարգելի դեսպանատուն

Մեր ընթերցողից նամակ ենք ստացել, թե ինչու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան պաշտոնական կայքում (նաեւ էլեկտրոնային նամակներում) Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գրվում Eriwan։ Կայքն է՝ eriw.diplo.de։ Ինչպես պնդում էր մեր զրուցակիցը, խորհրդային տարիներին «Երեւան»-ը գերմաներենով գրվում էր  Jerewan, «Յ» տառով ու «Ե»-ով, ինչպես մեր երկրի մայրաքաղաքի անունը հնչում է տարբեր լեզուներով․ անգլերենով, ռուսերենով, իսպաներենով՝ հայկական, այլ ոչ թուրքական տառադարձությամբ ու հնչյունաբանությամբ։

Գաղտնիք չէ, որ աշխարհագրական անունների համար պայքարը վաղուց ի վեր վերածվել է աշխարհաքաղաքական գործիքի, որին մեծ հաջողությամբ տիրապետում են ադրբեջանցիները․ Ալիեւը, օրինակ, Երեւանը կոչում է Էրիվան, Սյունիքը՝ Զանգեզուր։ Ավելին՝ ադրբեջանցիները համառությամբ միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որն արդեն սկսել է մտնել միջազգային փաստաթղթերի մեջ։ Պատահական չէ, որ արդեն նոր շրջան «ունեն»` «Արեւելյան Զանգեզուր»։  Մասնագետներն ասում են, որ գերմաներենում գործածվում է 2 ձեւն էլ՝ Eriwan եւ Jerewan։   ԵՊՀ-ում գերմաներեն դասավանդող  Թամարա Բեշիկյանը հարցին, թե ինչու են ընտրել  Eriwan  ձեւը, առաջարկեց տեղեկանալ դեսպանատնից։

Covid 19-ի պատճառով այլ աշխատանքային ռեժիմով աշխատող դեսպանատան աշխատակիցների հետ անհնար էր կապ հաստատել։ Հարցն ուղղել ենք նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի պատասխանատու խմբագիր Քլաուս Վենդելբերգերին։ Հուսով ենք, որ պատասխանը կստանանք եւ կներկայացնենք մեր ընթերցողին։

Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնի գերմաներենի  ուսուցիչ ներկայացած անձն էլ հաստատեց․ ««Երեւան»-ը 2 ձեւով է գրվում, մեզ համար ընդունելի տարբերակը Jerewan-ն է, թեեւ մեր կենտրոնը կոչվում է Eriwan, այդ ձեւը մեզ համար այնքան էլ ցանկալի չէ։ Ինչո՞ւ մենք չկարողացանք մեր կենտրոնն անվանել Jerewan, որովհետեւ փաստաթղթերի մեջ միշտ եղել է Eriwan, հին անունից, երեւի։ Բայց նոր ուղղագրություն, նոր տառադարձություն որ եկել է, հիմա կարող ենք գրել ենք նաեւ «J» տառով։ Բառարանը երկու ձեւն էլ տալիս է, նայած թե Ձեզ համար որ ձեւն է ընդունելի»։ Աշխատակցուհին անկեղծանալով հավելեց, որ երբ 11 տարի առաջ կենտրոնը բացելիս ցանկացել են գրել «J» տառով, իրենց ասվել է՝ «հին փաստաթղթերում Eriwan-ն է, պիտի թողնենք Eriwan»։ Իսկ ո՞վ է ասել՝ դեսպանատնի՞ց։ Գերմաներենի ուսուցիչը շփոթվեց եւ ասաց, որ չգիտի, թե ում հետ են խորհրդակցել։

Լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ եթե Հայաստանի մայրաքաղաքի տառադարձությունը հայերենով «Երեւան» է, ապա ինչպե՞ս կարող է այլ լեզուներով այդ անունը գրվել «Էրիվան»։ Նա ասաց․ ««Երեւան»-ը հայերեն տառադարձությամբ «Երեւան» է, բայց գերմանական ավանդույթում դա վաղուց ի վեր կա։ Թեպետ իմ ուսումնառության տարիներին գրվում էր Jerewan։ Բայց դա մենք էինք գրում (հայերը), իրենք չէին գրում»։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «ավանդույթով»։ Դավիթ Գյուրջինյանն ի պատասխան ասաց՝ այդպես գրել են, ռուսներն էլ են գրել «Էրիվան», 19-րդ դարի առաջին կեսին։ Իհարկե, ի տարբերություն գերմանացիների, ռուսներն այլեւս այդպես չեն գրում։ Գյուրջինյանը հավելում է՝ այլ խնդիր է, որ խմբագրություն դիմած մտահոգ քաղաքացին, մենք՝ լրագրողներս, դիմենք դեսպանատուն եւ հարցը բարձրացնենք։

Ի դեպ, աշխարհագրական տեղանքների, տեղանունների աշխարհաքաղաքական իմաստների ու հնչյունաբանության հետ կապված պատերազմի ցայտուն օրինակ է «Ուկրաինան», որի հետ կապված՝ ռուսները ռուսերենով համառորեն  ասում են՝ на Украине, ուկրաինացիները՝ В Украине։ ««На Украине»-ն, ըստ ռուսական կողմի, ձեւավորվել է պատմականորեն, հետեւաբար, ուկրաինացիները, պահանջելով օգտագործել «В» տարբերակը՝ հարցը քաղաքականացնում են՝ խուսափելու համար «на Украине» - «на окраину» (ծայրամաս)՝ իրենց համար ոչ շահեկան էթիմոլոգիական կապից։ Որպես վկայագիր էլ բերում են Տարաս Շեւչենկոյի  «Заповiт» բանաստեղծությունը։ Բայդ դե՝ Գոգոլն էլ է օգտագործել «В» տարբերակը»։