ՍԴ-ն 6 օր շարունակ քննում էր քաղաքական ուժերի դիմումները

ՍԴ-ն 6 օր շարունակ քննում էր քաղաքական ուժերի դիմումները

Սահմանադրական դատարանում վերջին օրերին լույսերն անգամ գիշերը չէին անջատվում. ՍԴ դատավորները մի քանի օր շարունակ, բառի բուն իմաստով՝ գիշեր-ցերեկ, աշխատում էին, քննում արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ չորս քաղաքական ուժերի բողոքը: 

Առաջին օրը եւեթ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի գործի քննությանը։ Միջնորդության հիմքերում նշել էր, որ Վահե Գրիգորյանը ՔՊ-ի նկատմամբ ունի կողմնակալ վերաբերմունք, քանի որ ժամանակին ՍԴ դատավոր է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ՔՊ-ն այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ։ Երկար քննարկումից հետո ՍԴ-ն որոշեց միջնորդությունը չքննարկել։ Այդ հարցին ՍԴ-ն անդրադարձել էր նաեւ մինչեւ դատաքննությունը՝ Արեւիկ Պետրոսյանի միջնորդությամբ։

Նախ՝ գործով միակ զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը հրապարակեց դիմումների հիմնական դրվագները, ինչպես նաեւ՝ դատախազության, ոստիկանության եւ ԿԸՀ ներկայացուցիչների կողմից տրամադրված պատասխանները։ Ապա դատավոր Արեւիկ Պետրոսյանը զեկուցող դատավորից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս հասցրե՞լ է ծանոթանալ գործի ամբողջական նյութերին՝ նշելով, որ ներկայացված դիմումները տարբեր են, դրանք մեկ դիմում համարվել չեն կարող, իսկ նախկինում ՍԴ-ն նման ծավալի դիմումներ չի քննել։ Շաթիրյանը նշեց, որ ինքը չէր առարկի, եթե երկրորդ զեկուցող եւս նշանակված լիներ։

Հետո ՍԴ-ն լսեց բոլոր կողմերին։ Նշենք նաեւ, որ դատարանին ներկայացված միջորդությունների հիմնական մասը չէր քննարկվում կամ մերժվում էր։ Օրինակ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու  վերաբերյալ։ «Ուզում եմ ՀՀ նախագահից լսել, որ իր վրա ճնշումներ չեն եղել, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը կայացրել է միանձնյա։ Հակառակ դեպքում գործ ենք ունենալու իրավիճակի հետ, որ դա միտումնավոր է արվել՝ կողմերից մեկի առավելությունը ստանալու համար»,- նշել էր նա։ Խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելով՝ ՍԴ-ն մերժեց Թովմասյանի միջնորդությունը։

ՍԴ քննությունից ամենաուշագրավը դատավորներ-դատախազություն եւ դիմումատուներ-դատախազություն հարցուպատասխանն էր։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը Երեւանի դատախազ Սեւակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու Օձունի գյուղապետի ծեծի գործով չկա մեղադրյալ. «Ես ուզում եմ Օձունի դեպքը հասկանալ, ինչքան հասկացա մամուլի հրապարակումներից, դեպքը տեղի է ունեցել այլ անձանց, նաեւ հանրության ներկայությամբ։ Որպես իրավաբան՝ կողքից ինֆորմացիան գալիս է, տարօրինակ է, տուժողն ակնհայտորեն հենց սկզբից որոշեցիք, եւ 10 օրվա ընթացքում դատախազությունը չի կարողանում որոշել՝ մեղադրյալ կամ կասկածյալ կա՞, թե՞ չէ։ Թե՞ քար է ընկել Օձունի գյուղապետի գլխին»։

Դատախազ Սեւակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Մեղադրյալ ներգրավելու դատավարական ընթացակարգը քննիչի բացառիկ լիազորություններից մեկն է։ Ո՛չ քար է ընկել, դեպք է տեղի ունեցել։ Տուժող լինելու փաստը դարձյալ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունքում է որոշվել։ Անձը ճանաչվել է տուժող, թե ինչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքը, որտեղ, ինչ պայմաններում, դրանք բոլորը քննության առարկա են։ Եվ այնպես չէ, որ դատախազությունն է որոշում՝ մեղադրյալ կա՞, թե՞ չկա, քննությունն է որոշում»։ Փաշինյանական դատախազության ամենաէպիկ արտահայտությունն այն էր, որ դատախազ Կարեն Բիշարյանը նիստի ընթացքում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճ ճոճելը, մուրճ օգտագործելը սիմվոլ է, եւ դա ընդամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։ 

Նիստերից մեկում «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրեց Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որը նա արել էր պատգամավորության տարիներին՝ 10.09.2013 թվականին։ «Ձեր անմիջական մասնակցությամբ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեղծվե՞լ են»,- հարց ուղղեց Զոհրաբյանը: Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ, կեղծումներ չեն եղել»։ Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է վերջին անգամ Մուկուչյանը շփվել Նիկոլ Փաշինյանի հետ: Նա ասաց՝ երբեք չի շփվել։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցված խոսքը՝ մուրճի թեմայով եւ այլն։ ԿԸՀ նախագահը հիշեցրեց՝ նախքան քարոզարշավի մեկնարկը եւ նույնիսկ դրա ընթացքում իրենք կոչով դիմել էին քաղաքական բոլոր ուժերին, որ բոլորի կողմից պահպանվեն որոշակի կանոններ, զերծ մնան վիրավորանքից, միմյանց նկատմամբ ատելությունից։

Իսկ երեկ՝ քննության 6-րդ օրը, ՍԴ-ում լսվեցին կողմերի եզրափակիչ ելույթները, բարձր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ ՍԴ-ից փոխանցում են՝ որոշման հրապարակման օրվա եւ ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը միավորել եւ մեկ վարույթում էր քննում քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել էին 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմումներ էին ներկայացրել «Հայաստան» դաշինքը, « Զարթոնք» ազգային քրիստոնեական, « Հայոց հայրենիք» կուսակցությունները եւ «Պատիվ ունեմ» դաշինքը։