Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու ժամանակաշրջանը վերաբերում է ոչ թե Տեր-Պետրոսյանին, այլ Քոչարյանին 

Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու ժամանակաշրջանը վերաբերում է ոչ թե Տեր-Պետրոսյանին, այլ Քոչարյանին 

Կայքերից մեկն անդրադառնալով  ՌԴ արտգործնախարարի Երևանում հնչեցված հայտարարություններից մեկին, մեկնաբանել էր, թե Լավրովն ասաց, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է թողել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ այդ նախադասությունը հետևյալն է․ «Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»։ 

Իրականում՝ Լավրովի ասածը կարող էր վերաբերել Քոչարյանին, ով 98 թվականին դառնալով Հայաստանի նախագահ, ըստ 90-ականների վերլուծաբանների գերակշիռ մեծամասնության, հարմար անձ էր բոլորի համար՝ թե՛ Հայաստանի, թե ՛ ԵԱՀԿ համանախագահության, թե՛ Ադրբեջանի համար, որպես «երկուսը մեկումը»՝ Արցախի ու Հայաստանի նախագահ, որը ներկայացնում է և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ 

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո պաշտոնական կարծիք կար, որ Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահը կարող է ներկայացնել Ղարաբաղի կարծիքը։ «Կար նաև մեկ ուրիշ հանգամանք, որն իմ կարծիքով՝ դա էր հիմնականը, պարզապես, 98-99 թթ․իրավիճակը մոտեցել էր այնպիսի գծի, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, արդեն միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի համար անըդունելի էր, որովհետև ըստ տրամաբանության և միջազգային իրավունքի՝ եթե դու նստում ես բանակցային սեղանի շուրջ և քո դիմաց բանակցող կողմ է, պետությունը կարող է բանակցել պետության հետ և  չճանաչված պետություն Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին արդեն ընկալվում էր պետականության կարգավիճակ չունեցող կողմի բանակցություն։ Եվ Ադրբեջանի դիրքորոշումը կոշտ էր, որ մենք չեն ճանաչում այդպիսի պետություն, սա ոչ թե ինքնորոշման խնդիր է, այլ տարածքային խնդիր և եթե շարունակվի Ղարաբաղի մասնակցությունը, ուրեմն՝ Ադրբեջանը արդեն ճանաչում է Արցախը և նրա հետ նստում է բանակցությունների։ Եվ այս պարագայում, ես գիտեմ, որ 99 թվականին հարցը դրվել է հետևյալ կերպ․ կամ բանակցային  գործընթացը դադարեցվում է կամ այն կարող է ընթանալ միմիայն Հայաստանի հետ»,-ասաց Քեռյանը։

Նրա ամփոփմամբ՝ եթե Հայաստանը այդ ժամանակ կոշտ դիրքորոշում ցուցաբերեր, Ադրբեջանը չէր շարունակի բանակցությունները՝ այստեղից  բխող բոլոր հետևանքներով։
Քաղաքագետը նաև նշում է, որ այս որոշումը կայացվել է համատեղ կոնսուլտացիաներից հետո՝ Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Որ Քոչարյանը միասնական ներկայացնի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի։ «Այդ որոշումը կայացվել է կոնսենսուսով, որին կողմ են եղել և ՛ համանախագահող երկրները, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»։ 

Ավելին՝ ԱԳՆ-ի հետ նախկինում սերտ կապեր ունեցող անձը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մինչև 98 թվականի նոյեմբերը՝ այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը, միջնորդների բոլոր առաջարկները՝ փաթեթային, փուլային և ընդհանուր պետության, ուղարկվում էին երեք մայրաքաղաքներ՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու, սակայն, երբ ադրբեջանական կողմը սկսեց կոշտացնել իր դիրքորոշումը, Քոչարյանը հայտարարեց, որ ինքը կներկայացնի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։ Վերջերս մամուլում եղան պնդումներ, որ իրականում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ (ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան) հանդիպումը եղել է 1997-ի ապրիլին՝ Մոսկվայում։ Իսկ Քոչարյանը ՀՀ նախագահ է դարձել 1998-ին։ 
Քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը հավելեց․ «Քոչարյանը երբ 98-ին եկավ, սա այդ  տարիների մամուլում էլ կա, իր հիմնական փաստարկն այն էր, որ ես կներկայացնեմ և՛ Արցախ, և՛ Հայաստան։  Քոչարյանը բազմաթիվ անգամների իր  հարցազրույցներում  այդ մասին ասել է։ Այնպես որ դա Քոչարյանի, ոչ Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանն է»։ Արա Պապյանը ևս վկայեց, որ 97-ին արդեն բանակցությունները փակուղի էին մտել։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ասաց, որ երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մակարդակով բանակցություններ եղել են 1998-ից։ Այսինքն՝ Քոչարյանի պաշտոնավարման շրջանից։ «Մինչև այդ ինչ եղել՝ չի եղել, եղել է Մինսկի խմբի շրջանակում, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր, բայց թե վերջինը երբ  է եղել՝ չեմ հիշում»,-ասաց Մանվել Սարգսյանը։